HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը

ֆինանսների նախարարությունում այսօր՝ հունիսի 9-ին, ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարությունը։

«Փաստաթուղթը ստորագրել են ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

22600000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին: Նախատեսվում է՝

  • մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով,
  • մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը,
  • մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարական՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով,
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել նորարարական ու զարգացման ծրագրեր, նպաստել դասավանդման և ուսումնառության միջավայրի, ինչպես նաեւ հետազոտական կարողությունների զարգացմանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.« Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»:

«Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի եւ բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի եւ մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարեւոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը եւ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Կարոլին Գեգինատը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter