HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մի ուրվական է թափառում Եվրոպայում՝ Մերձդնեստրի անկախության ուրվականը

Մոլդովայի կառավարող դաշինքի մաս կազմող Լիբերալ կուսակցությունը նամակ է հղել ՌԴ նախագահին՝ Բուխարեստի պայմանագրի 200-ամյակի հետ կապված: 1812-ին ստորագրված ռուս-թուրքական այդ պայմանագրով Ռուսաստանին անցավ ներկայիս Մոլդովայի տարածքը մինչև մոլդովա-ռումինական ներկայիս սահմանը, որ անցնում է Պրուտ գետով: 1918-40 թթ. այդ տարածքը՝ պատմական Բեսարաբիան, անեքսիայի ենթարկվեց ԽՍՀՄ կողմից, և անգամ Ռումինիայում կոմունիստական կառավարությունը երբևէ չի ընդունել, որ այն պատկանում է Խորհրդային Միությանը:

Այս հանգամանքի արձանագրումը կարևոր է Մերձդնեստրյան հակամարտության բովանդակությունը հասկանալու համար:

Չճանաչված փոքրիկ հանրապետությունը, որ ձևավորվեց 1992-ի կարճատև ռազմական կոնֆլիկտի արդյունքում՝ Դնեստրի ձախ ափին, և որի մայրաքաղաք Տիրասպոլը բնակչությամբ զիջում է միայն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին, գործնականում միակ «ֆորպոստն» է, որի շնորհիվ պահպանվում է ռուսական ռազմական ներկայությունը այդ տարածաշրջանում:

Եվ ահա Մոլդովան կառավարող «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» խորհրդարանական կոալիցիայի մաս կազմող լիբերալ կուսակցությունը Վ. Պուտինին ուղղված նամակում պահանջում է Ռուսաստանից անհապաղ դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը և զորքերի օպերատիվ խմբավորումը հակամարտության գոտուց ու «համակերպվել մոլդովական ռումինացիների անկախության փաստին»:

Սա, ըստ էության, պատասխանն է մայիսի 7-ին հրապարակված ՌԴ նախագահի հրամանագրի, որում մատնանշված էին Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդ հրամանագրում Մերձդնեստրյան հակամարտության լուծումը Մոլդովայի տարածքային ամբողջականության շրջանակներում Պուտինը պայմանավորել է երկու գործոնով՝ Մերձդնեստրի հանրապետությունը պետք է ստանա հատուկ կարգավիճակ, իսկ Մոլդովան պետք է լինի չեզոք պետություն: Ռումինիայի հետ միավորվելու և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պարագայում Ռուսաստանը, փաստորեն, չի բացառում Մերձդնեստրի անջատումը Մոլդովայից՝ ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով: Այսինքն՝ նույն սցենարի կրկնությունը, ինչ տեղի ունեցավ Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում՝ ռուս-վրացական ռազմական կոնֆլիկտից հետո:

Մոլդովայում Պուտինի հրամանագիրը իսկական փոթորիկ առաջացրեց: Կառավարող «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքի կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև նորընտիր նախագահ Ն. Տիմոֆտին արդեն հայտարարել են, որ ռուսական զորակազմի և խաղաղապահների առկայությունը միայն լրացուցիչ լարվածություն է ստեղծում հակամարտության գոտում, և դրանք պետք է դուրս բերվեն: Սակայն Մոսկվան այդպիսի քայլի չի դիմի, Ռուսաստանը ակնհայտորեն նախապատրաստված է նաև իրավիճակի արմատական հանգուցալուծման:

Փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Մերձդնեստրը Մոլդովայի կազմում թողնելու ճանապարհով ամբողջ Մոլդովան վերահսկելի պահելու Մոսկվայի ռազմավարությունը լայն առումով հեռանկար չունի: «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքը հստակ արևմտամետ, ռումինամետ կողմնորոշում ունի, համապատասխան պարտավորություններ է ստանձնել «Արևելյան գործընկերության» ու «Եվրոպական հարևանության» ծրագրերի շրջանակներում և շարունակելու է Մոլդովայի՝ Եվրամիությանը ինտեգրվելու ռազմավարությունը կա՝մ իբրև անկախ պետություն, կա՝մ արդեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ռումինիայի հետ միավորվելու ճանապարհով: Մանավանդ որ Ռումինիան էլ հնարավորինս խրախուսում է Մոլդովայի այդ ձգտումը:

Մոլդովայի ներսում Ռուսաստանի բավական պայմանական հենարան հանդիսացող կոմունիստները՝ նախկին նախագահ Վ. Վորոնինի գլխավորությամբ, կորցնում են ժողովրդականությունը: Երկարատև քաղաքական ճգնաժամից հետո կառավարող արևմտամետ դաշինքին հաջողվեց կոմունիստներին հակել փոխզիջման և ապահովել նախագահի պաշտոնում Ն. Տիմոֆտիի ընտրությունը: Սակայն նոր արևմտամետ կառավարությունը, ըստ ամենայնի, սկսել է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք արժանանում են բնակչության զգալի հատվածի հավանությանը:

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ եթե առաջիկայում քաղաքական ճգնաժամը վերսկսվի, և հարկ լինի անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, կոմունիստները կարող են ստանալ 101 մանդատից միայն 37-ը, մինչդեռ «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքը կստանա 64 մանդատ և արդեն առանց կոմկուսի կարող է նաև նախագահ ընտրել խորհրդարանում:

Այսինքն՝ անգամ պետության ղեկավարի պաշտոնում փոխզիջումային որևէ գործիչ այլևս չի լինի: Ընդ որում՝ կոմկուսի առաջնորդ, նախկին նախագահ Վ. Վորոնինը իր վարկանիշով (37%) արդեն զիջում է արևմտամետ դաշինքի առնվազն երկու առանցքային դեմքերին՝ Քիշնևի քաղաքապետ Դ. Կիրտոակեին (45%) և գործող վարչապետ Վ. Ֆիլատին (45%), որը միաժամանակ լիբերալ-դեմոկրատների առաջնորդն է:

Ըստ այդմ կարելի է պնդել, որ «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքը Մոլդովայում ամբողջ իշխանությունը վերցնելու բոլոր հնարավորություններն ունի՝ գումարած համապատասխան արտաքին աջակցությունը Եվրամիության մի շարք երկրներից և ԱՄՆ-ից: Եվ հազիվ թե արևմտամետները համակերպվեն Ռուսաստանի առաջարկած չեզոք կարգավիճակից բխող սահմանափակումների հետ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ մոլդովական էլիտայում աստիճանաբար հասունանում է մերձդնեստրյան պրոբլեմից ազատվելու գաղափարը, մանավանդ որ դա խրախուսվում է Ռումինիայի կողմից: Բուխարեստում միշտ էլ համարել են, որ Դնեստրի ձախ ափն արդեն ռուսական տարածք է, և կարող են համոզել Քիշնևին՝ առաջինը դիմել Մերձդնեստրի անկախության ճանաչման քայլին և դրանով ազատվել խնդրից: Կամ իրադարձությունները տանել այն ուղղությամբ, որ Մոսկվան ինքը դիմի այդ քայլին՝ դրանով իսկ կանգնելով բավական փակուղային իրավիճակի առջև: Որովհետև Մերձդնեստրը Աբխազիայի և Հարավային Օսիայի նման Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի:

Ինքնահռչակ հանրապետությանը «տիրություն անելու» համար Ռուսաստանին միշտ անհրաժեշտ է լինելու բանակցել Ուկրաինայի հետ, ինչն ազդեցության լծակ կդառնա արդեն Կիևի ձեռքին՝ տարբեր հարցերում Մոսկվայից զիջումներ կորզելու համար: Թեպետ իրադարձությունների այդպիսի զարգացումը շատ ձեռնտու կլիներ Հայաստանին, որովհետև Մերձդնեստրի անկախության ճանաչումը զգալիորեն կսահմանափակեր Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ առևտուր անելու Մոսկվայի հնարավորությունները:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter