
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզի համայնքապետերին
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին՝ առաջնորդությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ հանդիպումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերվող հայրական հոգատարության համար։
Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հյուրերին, գոհունակություն է հայտնել թեմի ու մարզի միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը, ըստ Նորին Սրբության, պիտի նպաստի մարզի շենացմանն ու ազգաբնակչության բարօրությանը, հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարմանը և ծառացած խնդիրների լուծմանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել առաջնորդական տեղապահին՝ իրականցրած աշխատանքների և նվիրյալ ծառայության համար։
Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար, գնահատել է թեմի հոգևորականների գործունեությունը՝ ուղղված մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ու առկա դժվարությունների հաղթահարմանը։
Մեկնաբանել