«Հայացք». նոր անձնագրերը՝ հունիսի 1-ից
ՀՀ քաղաքացիները 2012 թ. հունիսի 1-ից հետո արդեն կարող են ստանալ նույնականացման քարտ՝ որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր:
Նոր նմուշի փաստաթղթեր ստանալը կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ կմնան հին նմուշի անձնագրերը: Հունիսի 1-ից հետո ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ, փոխանակել նաև հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել վավերականության ժամկետը՝ դրանք միաժամանակ հավասարապես օգտագործելով թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս:
Օրենքի համաձայն՝ քաղաքացին կենսաչափական տվյալներով անձնագիր ստանում է կամավոր՝ անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարեկանից ցածր արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Քաղաքացին նույնականացման քարտը ևս ստանում է կամավոր՝ 16 տարին լրանալու օրվանից՝ իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունից: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում կամ փոխանակվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից՝ 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը սահմանվել են համապատասխանաբար 3 հազար և 25 հազար դրամ:
Քաղաքացիներին տրամադրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվելու են նույնականացման քարտերում:
Ի դեպ, հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերումը ևս կամավոր է: Սոցապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաև 2012 թ. հունիսի 1-ից հետո: Նույնականացման քարտ չստացած և սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ ոստիկանությունը պետք է վերջինիս տրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով:
Լիանա Եղիազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել