HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթուղայինի վարորդի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է ուղևորը. վեճի թեման վարորդի ծխելն էր

Քննչական կոմիտեի և ոստիկանության համատեղ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:

2022թ. հունիսի 09-ին՝ ժամը 08:39-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը տեղեկացրել են, որ 64-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վիրավորում սրտի վնասումով, հեմոպերիկարդ, պնևմոհեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 9-ի առավոտյան երթուղային ավտոբուսի ուղևորի՝ 55-ամյա տղամարդու (Երեւանի բնակիչ) և նույն ավտոբուսի վարորդի՝ հիշյալ 64-ամյա տղամարդու միջև վիճաբանություն է առաջացել տրանսպորտում ծխելու շուրջ, ինչից հետո վերջինս, ըստ նախնական տվյալների, երկաթյա առարկայով հարվածել է ուղևորի գլխին, իսկ ուղևորն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վարորդի սրտի և թոքի շրջաններին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել՝ պատահական անցորդների միջամտության և ցուցաբերված առաջին բուժօգնության արդյունքում, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարորդը ճանաչվել է տուժող:

Քննությամբ տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործություն կատարած տղամարդու, ինչպես նաև՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ. վերջինս բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում երթուղային ավտոբուսի սրահից հայտնաբերվել և վերցվել է ծխախոտ, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի կրիչները, որոնք ենթարկվել են զննության, հարցաքննվել են վկաներ: Տուժողի և կասկածյալի՝ միմյանց փոխադարձ հասցված մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

«Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter