HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյան․ «Հայաստանը նպատակադրված է ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը»

Հունիսի 10-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իր խոսքում Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է.

«Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

Այս տարի մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս։

Նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը մեր երկրների անվտանգության վրա:

Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է: Հունվարին Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը: 

Մենք անդրադարձել ենք նաև երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացմանը և ՀՀ նախագահության առաջնահերթություններին:

Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել  և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը: 

Նիստի արդյունքներով հավանության ենք արժանացրել  ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների՝ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ծրագիրը՝ մոտակա երեք տարիների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ այս տարվա չորրորդ եռամսյակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter