«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը
Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ ազգային ավիափոխադրողի ստեղծման ծրագրի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հուլիսին, երբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ու ու արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին համաձայնագիր ստորագրեցին:
Այսօր՝ ավելի ուշ, կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Զվարթնոցում» վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել