HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Ուկրաինա-Հայաստան․ վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 17։00-ին, Լեհաստանի Լոձ քաղաքում կմեկնարկի Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։ Թիմերն ընդգրկված են B լիգայի 1-ին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Շոտլանդիան ու Իռլանդիան։ 

Այս պահին Շոտլանդիան, Ուկրաինան եւ Հայաստանը ունեն 3-ական միավոր, սակայն առաջին երկուսը, ի տարբերություն մեզ, 1-ական խաղ են անցկացրել, իսկ Հայաստանը՝ 2։ 2 խաղից հետո միավոր չունի Իռլանդիայի ընտրանին։ 

Ուկրաինան իր տնային հանդիպումները, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, անցկացնում է երկրի սահմաններից դուրս։ Հանդիպումն սպասարկելու է լեհական մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, նրան կօգնեն Դավիդ Գոլիսն ու Միխալ Օբուկովիչը, 4-րդ պաշտոնյան Լուկաշ Կուզման է, VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը, VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը։

Արդեն հայտնի է, որ մեր թիմը հանդես է գալու արտագնա խաղերի համար նախատեսված սպիտակ մարզաշապիկով։ 

Նկատենք, որ նախկինում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 4 ընտրական փուլ անընդմեջ Հայաստանն ու Ուկրաինան անբաժան էին։ Այսպիսով՝ թիմերը մինչ այս անցկացրել են 8 խաղ։

Առաջին անգամը եղել է աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում: 1997-ի մայիսի 7-ին մերոնք 1-1 խաղացին Կիեւում, Հայաստանի ընտրանուց աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Նույն տարվա հոկտեմբերի 11-ին Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2000»-ի ընտրական մրցաշարում: 1998-ի հոկտեմբերի 14-ին Կիեւում մերոնք պարտվեցին 0-2, իսկ 1999-ի հունիսի 9-ին Երեւանում գրանցվեց 0-0: ԱԱ-2002-ի ընտրական փուլում՝ 2000 թ. հոկտեմբերի 7-ին, Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 3-2 հաշվով: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը: Պատասխան խաղը 2001-ի սեպտեմբերի 5-ին Լվովում էր. Հայաստանի ընտրանին պարտվեց 0-3: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում էլ Երեւանում 2002 թ. սեպտեմբերի 7-ին թիմերը 2-2 խաղացին: Մերոնցից աչքի ընկան Արթուր Պետրոսյանն ու Ալբերտ Սարգսյանը, իսկ 2003-ի հունիսի 7-ին Լվովում գրանցվեց 3-4: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Սարգսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Այդ խաղում Անդրեյ Շեւչենկոն կեղծակերպ արարքի (սիմուլյացիա) միջոցով 11-մ վաստակեց, որը վճռորոշ եղավ ուկրաինացիների հաղթանակի համար:

Այսպիսով՝ կայացած 8 խաղերից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, մյուս 5-ում էլ հաղթել է Ուկրաինան: Գոլերի տարբերությունը 8-17 է՝ հոօգուտ Ուկրաինայի: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20։00-ին, կսկսվի Իռլանդիա-Շոտլանդիա հանդիպումը։ 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter