
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների I փուլը
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների I փուլը։ Մայրցամաքային Ֆրանսիայի բոլոր ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան։ Ֆրանսիայի քաղաքացիները կընտրեն ստորին պալատի 577 պատգամավորի, որոնք խորհրդարանում կաշխատեն մինչև 2027 թվականը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին։
Ֆրանսիայում քվեարկությունն ընթանում է մեծամասնական ընտրական համակարգով։ Միամանդատ շրջանները ձևավորվել են բուն Ֆրանսիայում և նրա անդրծովյան դեպարտամենտներում։
Ֆրանսիայի ընտրելու իրավունք ունեցող 48 միլիոն քաղաքացիներից առաջինները ընտրատեղամասեր են եկել դեռ շաբաթ օրվանից (Փարիզի ժամանակով)։ Դրանք անդրծովյան տարածքների բնակիչներն են, որտեղ ժամային գոտիներով պայմանավորված՝ արդեն իսկ սկսվել էր կիրակին։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Փարիզի ժամանակով 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 14:00-ին)՝ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 18,43%-ը։ Ընդգծվում է, որ նախորդ ընտրությունների հետ համեմատած, մասնակցության տոկոսը նվազել է։ 2017 թվականին, երբ գրանցվել էր հետպատերազմական ժամանակաշրջանի ամենացածր մասնակցությունը, կեսօրին ընտրությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 19,24 %-ը։
Ֆրանսիայում ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ մասնակցության նվազագույն մակարդակի պահանջ չկա։ Դիտորդները նշում են, որ երկրի բնակիչներն աստիճանաբար, վերջին 30 տարիների ընթացքում, կորցնում են հետաքրքրությունը խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։ Բացի այդ, առաջիկայում Ֆրանսիայում սպասվում է շոգ եղանակ և բազմաթիվ քաղաքացիներ նախընտրել են իրենց ժամանակն անցկացնել ծովի ափին։
Ընտրարշավի ժամանակ առաջատար քաղաքական ուժերը որոշել են ընտրական դաշինքներ ձևավորել։ Այդպիսի միավորումների թվում է «Միասին» դաշինքը, որին անդամակցում է իշխող «Ռենեսանս» շարժումը և Էմանուել Մակրոնին աջակցող կենտրոնամետ մյուս կուսակցությունները։ Ձախերը միավորվել են «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն» (NUPES) դաշինքի մեջ, որը ղեկավարում է Ժան-Լյուկ Մելանշոնը։ Այն ներառում է «Չենթարկվող Ֆրանսիա» շարժումը, ինչպես նաև Սոցիալիստական կուսակցությունը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը և «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» դաշինքը։
Նախագահական ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» ևս մասնակցում է ընտրություններին։ Այս քաղաքական ուժը որոշել էր ընտրություններին ինքնուրույն մասնակցել՝ դաշինք չձևավորելով քաղաքական մյուս կուսակցությունների կամ շարժումների հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը։ Կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ երկրի հյուսիսում գտնվող Լե-Տուկե ծովափնյա քաղաքում նրանք մասնակցել են քվեարկությանը։ Ավելի վաղ, քվեարկությանը մասնակցել էր նաև վարչապետ Էլիզաբեթ Բորնը, որն իր քվեարկությունը կատարել է Նորմանդիայի Կալվադոս դեպարտամենտում։ Սա նրա առաջին խորհդրարանական ընտրություններն են, որտեղ վերջինս ներկայացնում է նախագահական մեծամասնությունը։ Ի դեպ, Բորնը ընտրություններին մասնակցում է այն շրջանում, որտեղ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների մեծ մասը քվեարկել էր Մակրոնի օգտին։
Բորնի հետ միասին մանդատների համար պայքարում է ևս 14 նախարար՝ գործող կաբինետի անդամների կեսից ավելին։ Նախագահ Մակրոնն արդեն իսկ զգուշացրել է, որ կառավարության այդ անդամները, որոնք կպարտվեն իրենց ընտրական շրջաններում, չեն կարող մնալ կառավարության կազմում։
Ընդդիմադիր ուժերի առաջնորդները ևս քվեարկել են վաղ առավոտվանից։ Ընտրությունն արդեն իսկ կատարել են Մարին Լը Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը։ Միևնույն ժամանակ, Լը Պենը մինչև օրվա վերջ նախատեսում է մնալ Էնեն-Բոմոն կոմունայում, որտեղ առաջադրվել է։ Մելանշոնն էլ Մարսելից պատրաստվում է մեկնել Փարիզ, որտեղ կամփոփի առաջին փուլի նախնական արդյունքները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել