HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Փաստաբանի դեմ քրեական գործ հարուցելու օրինական առիթ չի եղել

Վանաձորի դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, քննվում է փաստաբան Գուրգեն Հարությունյանի բողոքը, որով վիճարկվում են քննիչ Ռաֆայել Երիցյանի կողմից նրա դեմ քրեական գործ հարուցելու և վերահսկող դատախազ Սուրեն Խաչատրյանի կողմից այդ հարուցման դեմ բողոքը մերժելու որոշումները: Դատարանում Գուրգեն Հարությունյանի շահերը ներկայացնում է 9 փաստաբան:

Դատախազ Սուրեն Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ քրեական գործի հարուցման օրինական առիթը ֆիզիկական անձի գրավոր հաղորդումն է և վկայակոչեց քաղաքացու դիմումը: Ավելացրեց, որ դրա հիման վրա քննչական բաժնում նախապատրաստված նյութերով բացատրություններ են վերցվել վկաներից. դրանք էլ գործը հարուցելու հիմքերն են: Փաստաբաններն արձանագրեցին, որ դատախազի հայտարարությամբ՝ քաղաքացու դիմումը միաժամանակ և օրինական առիթ է հանդիսացել, և հիմք՝ նյութերի նախապատրաստման համար:

Դատախազը հրապարակեց և դատարանին հանձնեց քաղաքացի Ժաննա Վիրաբյանի դիմումը՝ հասցեագրված մարզի դատախազին, որով վերջինս խնդրել էր պատասխանատվության ենթարկել փաստաբան Գուրգեն Հարությունյանին՝ վկաներին սուտ վկայության դրդելու համար:

Դիմումում կինը գրել էր, որ փաստաբանը շուրջ 1,5 ամիս զանգահարել է իրեն, տղային ու հարսին և համոզել, որ փոխեն ցուցմունքները, որպեսզի հնարավոր լինի մեղմացնել նրա պաշտպանյալի պատիժը: Կնոջ ասելով՝ տղան ենթարկվել է փաստաբանի հորդորներին և սուտ վկայություն է տվել դատարանում՝ դեպքը նկարագրելով նրա ցուցումների համաձայն:

Դատախազը միաժամանակ նշեց, որ փաստաբանի բողոքը չի կարող բավարարվել դատարանի կողմից, քանի որ, նրա հայտարարությամբ, վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է դատական վերահսկողության առարկա լինել միայն այն դեպքում, երբ խախտվել են անձի իրավունքներն ու օրինական շահերը: Իսկ Գուրգեն Հարությունյանի գործում, դատախազի կարծիքով, անձի իրավունքերին ու օրինական շահերին վնաս չի պատճառվել, քանի որ քրեական գործը հարուցվել է ոչ թե անձի նկատմամբ, այլ փաստի առթիվ:

Քաղաքացու դիմումում նշված հանգամանքների վերաբերյալ Գուրգեն Հարությունյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, կեղծ են: Ասաց, որ այն գործով, որում ինքը ներգրավված է եղել որպես դատապաշտպան, և որն այժմ հիմք է դարձել իր դեմ քրեական գործ հարուցելու համար, վկաները հակասական ցուցմունքներ ու դիմումներ են տվել դեռ նախաքննության փուլում: Դատարանն էլ նրանց ցուցմունքները գնահատել է անարժանահավատ: Փաստաբանը նույնիսկ դատարանին միջնորդել է սուտ ցուցմունքներ տալու համար քրեական գործ հարուցել վկաների նկատմամբ:

Հիմք ընդունելով դատախազի՝ դատարանում արած հայտարարությունը՝ պատասխանողի ներկայացուցիչները պարզեցին, որ իրականում քրեական գործ հարուցելու օրինական առիթ չկա, հետևաբար՝ այն ակնհայտ ապօրինի է: Հայտարարելով, որ հրապարակված դիմումը ոչ մի դեպքում չի կարող հաղորդում համարվել, փաստաբան Ռուբեն Հակոբյանը հորդորեց քննիչին և դատախազին ավելի ուշադիր ուսումնասիրել քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի վերաբերյալ տեսական գրականությունը:

Փաստաբան Արտակ Ոսկանյանը նկատեց, որ օրենքով հստակ սահմանվում է հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց գրավոր կամ բանավոր հաղորդումների կարգը. քրեական գործի հիմքում դրվող հաղորդման հետ պետք է կազմվի արձանագրություն, որում նշվելու են դիմողի անձնական տվյալները: Հաղորդումը պետք է գրվի առաջին դեմքով: Այն պետք է ստորագրեն դիմողն ու հաղորդումն ընդունած պաշտոնատար անձը: Անձը պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Մինչդեռ փաստաբանները պարզեցին, որ դիմումատուն նախազգուշացված չի եղել քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, հայտնի չէ, թե որ պաշտոնատար անձն է ընդունել դիմումը: Դիմումի հետ նրանից հաղորդում չի վերցվել: Արձանագրելով, որ չի պահպանվել հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը, ձևը, փաստաբանները միաժամանակ նշեցին, որ դրանով խախտվել է նաև հանցագործությունների մասին հաղորդումներ ընդունելու, հաշվառելու, գրանցելու վերաբերյալ գխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի կողմից տրված հրաման-կարգադրությունը, ինչը նույնպես հիմք է պնդելու, որ փաստաբանի դեմ քրեական գործն ակնհայտ ապօրինի է հարուցվել:

Փաստաբանների կողմից վկայակոչվեց Վճռաբեկ դատարանի նախադեպային մի որոշում, ըստ որի՝ քրեական գործ հարուցվում է ՀՀ Քրեական օրենսգրքով չթույլատրված, ենթադրաբար կատարված հանցանքի վերաբերյալ: Մինչդեռ քննիչի որոշման մեջ «ենթադրաբար» բառ չկա, նշված է, որ փաստաբանը դրդել է վկաներին սուտ ցուցմունքներ տալու:

«Ձեր վկայակոչած նախադեպային որոշումը պետք է սկզբից վերջ ընթերցել և ձևակերպումներն ամբողջությամբ նայել, եթե հարուցում եք ոչ անձի նկատմամբ, այլ դեպքի առթիվ, Դուք պետք է նշեք՝ ենթադրաբար կատարված հանցանք: Չեք նշել, որով խախտել եք Վճռաբեկ դատարանի նախադեպը»,- դատախազին դիմեց Ռուբեն Հակոբյանը՝ վկայակոչելով վերոնշյալ նախադեպային որոշումը:

Նաև անդրադառնալով դատախազի նույն՝ վերը նշված հայտարարությանը, որ քրեական գործի հարուցման որոշումը բողոքարկման ենթակա չէ, փաստաբանները դատախազից հետաքրքրվեցին՝ բողոքարկման ենթական չէ ընդհանրապե՞ս, թե՞ դատավարության փուլում: Դատախազի պատասխանից պարզ դարձավ, որ քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկման ենթակա չէ ընդհանրապես:

«Վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավունքի ուժով բողոքարկման ենթակա է այնքանով, որքանով խախտվել է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Գտնում եմ, որ իրավունքի խախտում չկա»,- պնդեց դատախազը:

«Ի՞նչ է ստացվում՝ դատախազը կամայական գործ հարուցի և ասի՝ ոչ ոք չի կարող բաղոքարկել»,- նկատեց Ռուբեն Հակոբյանը: Եվ վկայակոչեց Վճռաբեկ դատարանի մի նախադեպային որոշում, ըստ որի՝ գործի նախնական քննության փուլում դատարանում կարող են բողոքարկել քրեական հետապնդման մարմնի այն բոլոր որոշումները, գործողություններն ու անգործությունը, որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է կամ այն կհանգեցնի օրինական շահերի սահմանափակման: Փաստաբանը հայտարարեց, որ նշված նախադեպով՝ դատախազի բոլոր հիմանավորումներն իմաստազրկված են:

Առաջին լուսանկարում պաշտպանների մեջտեղում Գուրգեն Հարությունյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter