
Հյուսիսային Կորեայում արտաքին գործերի նախարար առաջին անգամ կին է նշանակվել
Հյուսիսային Կորեայում արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել։ Հունիսի 11-ին Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է Չհվե Սոն Հեն, որն ավելի վաղ զբաղեցնում էր ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը և հանդես էր գալիս միջուկային հարցերով Փհենյանի գլխավոր բանակցորդի դերում։
Այդ պաշտոնում նա փոխարինել է բանակային նախկին սպա Լի Սոն Գվոնին։ Դեռ նախարարի տեղակալի պաշտոնում 57-ամյա Չհվե Սոն Հեն համարվում էր Հյուսիսային Կորեայի կառավարող էլիտայի քիչ կանանցից մեկը։ Ի դեպ, նա կարևոր դերակատարություն է ունեցել 2018 և 2019 թվականներին Կիմ Չեն Ընի և ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումների ժամանակ։ Բացի այդ, 2019 թվականի ապրիլին նա Կիմ Չեն Ընին ուղեկցել է Ռուսաստան իր առաջին պետական այցի ժամանակ։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենա նրա նշանակումը հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա։ Վերջին ամիսներին կրկին սրվել է իրավիճակը Փհենյանի միջուկային հրթիռների փորձարկումների շուրջ։ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մտավախություններ ունեն, որ ԿԺԴՀ-ն կարող է ցանկացած պահի նոր փորձարկումներ անել։ Վաշինգտոնի և Փհենյանի բանակցությունները առաջ չեն շարժվում է 2019 թվականի փետրվարին Թրամփի ու Կիմ Չեն Ընի անհաջող հանդիպումից հետո։ Դրան հաջորդած շրջանում Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը բազմիցս հասկացնել է տվել, որ հետաքրքրված չէ հետագա բանակցություններով, քանի դեռ Վաշինգտոնը հանդես չի եկել նոր առաջարկություններով։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել