HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը վստահ հաղթանակ չի բերել ո՛չ ընդդիմությանը, և ո՛չ էլ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած նախագահական մեծամասնությանը։ Ուշ գիշերը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները։

Իշխող «Միասին» դաշինքը, որը ձևավորվել է նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Ռենեսանս» և կենտրոնամետ մյուս քաղաքական ուժերի միավորման արդյունքում, հավաքել է ձայների 25,75 %-ը, այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցները՝ ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը (NUPES) դաշինքը ստացել է ձայների 25,66%-ը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը (18,7%), չորրորդը՝ «Հանրապետականները» (10,4%)։ Հինգերորդ հորիզոնականում հայտնվել են Էրիկ Զեմուրի «Ռեկոնկիստա» կուսակցության ներկայացուցիչները՝ հավաքելով ձայների 4,2 %-ը, սակայն այդպիսի արդյունքը փաստացի շանսեր չի տալիս հայտնվելու խորհրդարանում։ Մյուս կուսակցություններն ու միությունները չեն հաղթահարել 4 %-անոց շեմը։

Մարին Լը Պենը, որը նախագահական մրցավազքից հետո գարնանը ժամանակավորապես ցած էր դրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի լիազորությունները, հավաքելով ձայների 54 %-ը, մեծ տարբերությամբ դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ։ Միևնույն ժամանակ աջ քաղաքական գործիչ Էրիկ Զեմուրը, որը նախագահական ընտրություններից հետո Լը Պենին առաջարկում էր հավաքել աջերի կոալիցիա, պարտություն է կրել իր շրջանում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նախագահական ընտրություններում Մակրոնի և Լը Պենի հիմնական մրցակիցներից մեկը՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, այս ընտրություններին չէր առաջադրվել, սակայն նա ավելի հեռահար պլաններ ունի։ Իր կողմից ձևավորված NUPES միության անդամ ուժերը եկել են այն պայմանավորվածության, որ եթե ձախերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում, կաջակցեն վարչապետի պաշտոնում Մելանշոնի առաջադրմանը։

Նախօրեին տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է Ֆրանսիայի պատմության ամենացածր մասնակցությունը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի նվազում է։

Ինչպես ավելի վաղ զգուշացրել էր Էմանուել Մակրոնը, այն նախարարները, որոնք իրենց ընտրական շրջաններում չեն հաղթի, չեն հայտնվի ապագա կառավարության կազմում։ Այս առումով անհայտ է կառավարության 15 անդամների ճակատագիրը՝ սկսած վարչապետ Էլիզաբեթ Բորնից, որը ևս կմասնակցի երկրորդ փուլին։ Առաջին փուլում նա հավաքել էր ձայների 34,3 %-ը։

«Այսօր մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ուժեղ և ակնառու մեծամասնություն ստանալ խորհրդարանում, որը մեզ հնարավորություն կտա արձագանքելու հրատապ մարտահրավերներին, որոնք կանգնած են ֆրանսիացիների առաջ և արձագանքել ապագայի խնդիրներին»,- ասել է Բորնը։

Բարդ իրավիճակում են հայտնվել նաև Բնապահպանական պլանավորման և տարածքների նախարար Ամելի դե Մոնշալենը, Եվրոպայի հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը և Վերափոխումների ու պետական ծառայության նախարար Ստանիսլավ Գերինին։ Նրանք բոլորը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 577 պատգամավորական մանդատներից ստանալ 289-ը։ Ներկայում Մակրոնի կուսակցությունն ունի 297 մանդատ։ Միևնույն ժամանակ, հիմա «Միասին» դաշինքը հավակնում է միայն 295 մանդատի։ Նախնական կանխատեսումները ցույց են տալիս, որ բացարձակ առաջատար լինելու պայքարը կախված կլինի 10-ից քիչ մանդատների բաշխումից։

Ձախերը մեծ պլաններ ունեն, այսպես կոչված, քաղաքական համակեցության ռեժիմ ստեղծելու պահանջի ուղղությամբ։ Նրանք դրան վերջին անգամ հասել են 1997 թվականին, երբ նախագահ Ժակ Շիրակի օրոք վարչապետ դարձավ սոցիալիստ Լիոնել Ժոսպենը, որը հետագայում պաշտոնավարեց հինգ տարի։ Ձախերը կարող են հանդես գալ նաև որպես Ազգային ժողովում ընդդիմադիր գլխավոր դաշինք։

«Ազգային միավորման» թեկնածուները չեն կարողացել կապիտալիզացնել Մարին Լը Պենի հաջողությունը նախագահական ընտրություններում, որտեղ նա հավաքել է իր համար ռեկորդային 41,5 %: Այնուամենայնիվ, նախնական կանխատեսումներով, երկրորդ փուլի արդյունքներով նույնիսկ երրորդ տեղը թույլ կտա «Ազգային միավորմանը» Ազգային ժողովում իր ներկայությունն ավելացնել ութ պատգամավորից մինչև մի քանի տասնյակ: Ընդ որում, ընդդիմության միասնական ճակատի ստեղծման հեռանկարները մշուշոտ են մնում։ Լը Պենը, մեկնաբանելով առաջին փուլի արդյունքները, իր կուսակցության կողմնակիցներին կոչ է արել այն շրջաններում, որտեղ ընտրությունը պետք է կատարվի Մակրոնի կամ Մելանշոնի կոալիցիաների թեկնածուների միջև, չքվեարկել նրանցից և ոչ մեկի օգտին:

Այս ընտրություններից հետո «Հանրապետականների» կուսակցությունը վտանգում է կորցնել գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակը։ Նրանց թեկնածուները մյուս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ավելի քիչ ձայներ են հավաքել։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ամփոփելիս Ipsos-France սոցիոլոգիական ծառայության ղեկավար Բրիս Տետյուրեն հայտարարել է, որ «Միասին» դաշինքի մեծամասնությունը դեռևս երաշխավորված չէ։ «Դա շատ լուրջ նախազգուշացում է՝ ուղղված Էմանուել Մակրոնին։ Նրա շարժումը հիմա ստացել է 7 տոկոսային կետով քիչ, քան 2017 թվականին»։ Նախագահի գլխավորած կուսակցության վարկանիշի նվազման ցուցանիշներից մեկը, ըստ ֆրանսիացի քաղաքագետների, այս ընտրություններում երկրի կրթության նախկին նախարար Ժան-Միշել Բլանկերի պարտությունն էր։

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ կիրակի՝ հունիսի 19-ին։

Լուսանկարը՝ Bob Edme/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter