HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 110-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 110-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում նշվում է, որ միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ ավելի բարձր է թվում, քան երբևէ` սառը պատերազմի ամենաթեժ ժամանակներից ի վեր։
  • Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրել է Խարկովի ուղղությամբ անկանոն հարվածներ հասցնելու մեջ, այդ թվում՝ կասետային ռումբերի կիրառմամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։
  • Հունիսի 12-ի երեկոյան հարձակման է ենթարկվել ВГТРК-ի ալիքները նայելու համար նախատեսված smotrim.ru ծառայությունը։ Մասնավորապես, այնտեղ հայտնվել է «Պուտինը ոչնչացնում է ռուսաստանցիներին և ուկրաինացիներին։ Կանգնեցրեք պատերազմը» գրառումը։
  • Ռուսական զորքերի վերահսկողության ներքո գտնվող Բերդյանսկում և Մելիտոպոլում պայթյուններ են տեղի ունեցել։ Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները դրանք անվանում են ահաբեկչություններ։
  • Աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հակապատերազմական ակցիաներ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում տեղի ունեցած ակցիաների ժամանակ ձերբակալվել է առնվազն 47 մարդ։ 
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ, որպեսզի քննարկի «հացահատկի միջանցք»-ի կազմակերպման հարցը։
  • Բրիտանական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար առաջ է շարժվում Սևերոդոնեցկում։ Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ քաղաքում երեք կամուրջներից երկուսն ավերված են։
  • Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Տերնոպոլի մարզին։ ՌԴ ՊՆ-ն որպես թիրախ է անվանել զինապահեստը։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հարվածների հետևանքով տուժել է 22 խաղաղ բնակիչ։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 16-ին կժամանեն Կիև

Այդ մասին հայտնում է իտալական La Stampa թերթը։ 

Այցը տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովից, Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպումից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ La Stampa-ն նշել է, որ Դրագիի, Շոլցի ու Մակրոնի այցը նպատակ ունի ցուցադրելու եվրոպական երեք խոշորագույն երկրների աջակցությունն Ուկրաինային և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Սերգեյ Գայդայ. Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի 70 %-ը

«Ազոտ» գործարանում թաքնվում է Սևերոդոնեցկի մոտ 500 բնակիչ, ներառյալ 40 երեխա։ Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Քաղաքի 70 %-ը վերահսկում են ռուսական զորքերը։ 

Գայդայի խոսքով՝ մշտական ռմբակոծությունների պայմաններում մարդկանց զանգվածային տարհանումն անհնարին է, զինվորականներն օրական կարողանում են հանել միայն մի քանի մարդու։

Պուտինը Ռոսսոտրուդնիչեստվայի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել է Նատալյա Պոկլոնսկայային

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։ Պոկլոնսկայայի ազատման պատճառները չեն նշվում։ 

Նա այդ պաշտոնին նշանակվել էր փետրվարի սկզբին։ Պատերազմի մեկնարկից հետո Պոկլոնսկայան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն անվանել էր «աղետ», իսկ Z տառը՝ «ողբերգության և սգի» խորհրդանիշ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար։

Լուսանկարը՝ Marcus Yam / Los Angeles Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter