HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օնլայն զեղծարարները թիրախավորել են list.am-ով ապրանք վաճառողներին

List.am կայքում մանկական օգտագործված կահույքի հայտարարություն էինք զետեղել՝ 50 հազար դրամ արժեքով։ Տևական ժամանակ այն առցանց տեղադրված էր։ Օրերս ընտանիքիս անդամներից մեկի հետ WhatsApp-ով կապ է հաստատում ռուս (կամ վարժ ռուսերեն խոսող) մի աղջիկ և ասում, որ ուզում են գնել այդ կահույքը։ Ավելին, պատրաստ են նույն պահին փոխանցում անել, իսկ մոտակա ժամերին «Հայփոստ»-ի առաքման ծառայության միջոցով այն կտեղափոխեն իրենց հասցե։ Իսկ որպես հասցե նշված էր Արարատի մարզ, գյուղ Արտաշատ։ Իհարկե, զեղծարարները գուցե չգիտեն, որ Արտաշատը քաղաք է։  

«Love» օգտատերն առաջարկում է միանգամից փոխանցում անել բանկային քարտին։ Միաժամանակ ուղարկում է «Հայփոստ»-ի ինչ-որ հղում, որտեղ երևում է, որ փոխանցումը կատարված է, միայն պետք է լրացնել վաճառողի քարտի տվյալները, և գնումը այդպիսով կատարված կլինի։

Ընտանիքիս անդամները, որոնք այնքան էլ ծանոթ չեն բանկային և քարտային համակարգի աշխատանքին, քարտային տվյալները լրացնելիս մնացորդի գումարի մասին ինֆորմացիա լրացնելու հատվածում նշում են ստացել, որ 30 հազար դրամից պակաս գումարի դեպքում գործարքը չի կայանա։ Նրանց բալանսում 30 հազարից պակաս գումար է եղել։ Զանգահարում են ինձ և ասում, որ իմ քարտին փոխանցում անեն, քանի որ իրենց մնացորդը չի բավարարում։

Առաջին արձագանքս այն էր, թե փոխանցման դեպքում ի՞նչ կապ ունի քարտի մնացորդը, երկրորդ հարցս՝ առանց կահույքը նայելու, ինչպե՞ս են գնում կատարում, գուցե պիտանի չէ օգտագործման։ Ավելի լավատես դուրս եկավ մայրս՝ գուցե ինչ-որ անապահով ընտանիքի համար են ձեռք բերում, որոշակի գումար ունեն և ուզում են այդ գումարով երեխային կահույք նվիրել։ Այդուհանդերձ, ասացի՝ ուղարկեն՝ տեսնեմ ինչ է։ Արդեն հասկացել էի, որ այդ ամենում մի բան այն չէ, քարտիս վրայից նախապես տեղափոխեցի որոշակի գումար՝ ապահովության համար, մնացորդ թողեցի 42 285 հազար դրամ։

Սկսեցի զգուշորեն լրացնել «Հայփոստի» հղումը։ Ես էլ չէի նկատել, որ հղման մեջ մեկ տառ ավելորդ է, դա նկատեցի ավելի ուշ։ Լրացնելուց հետո ինձ իբր հաստատման կոդ պետք է ուղարկվեր, որը պետք է հաղորդեի գնորդներին գործարքն ավարտելու համար։ Նրանք էին այդպես ասել։ Եթե անգլերեն չիմանաս, ապա գուցե չհասկանաս, թե ինչ է նշանակում Purchase-ը։ Այդ նույն պահին ինձնից նախ 100 (գուցե փորձնական), այնուհետև կլոր 42 հազար դրամի գանձման հայտ եկավ Tellcell-ի միջոցով։ Եվ դրա համար նրանց անհրաժեշտ էր միայն Аrca համակարգից ինձ ուղարկված անվտանգության կոդը։ 

Բնականաբար, այդ կոդը չհաղորդեցի և միանգամից զանգահարեցի բանկ, խնդրեցի արգելափակել բանկային քարտս։ Գործարքը չկայացավ։ Զեղծարարները չհաջողեցին։ Սակայն եթե ընտանիքիս անդամներն ինձ չզանգահարեին և իմ բանկային քարտի կարիքը չլիներ, նրանք ակնհայտորեն դառնալու էին այս խմբի զոհը։

Բանկից ինձ հորդորեցին վերաթողարկել քարտս, քանի որ, այդուհանդերձ, զեղծարարներն արդեն տիրացել են իմ բանկային քարտի տվյալներին, ինչը և արեցի։

Հաջորդ օրը կարդացի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը, որ վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից:

Երկու օր անց կահույքը վաճառվեց: Գնորդը եկավ, ուշադիր զննեց, տեղում վճարեց և տեղափոխեց կահույքը։

Գլխավոր լուսանկարը՝ https://www.financialexpress.com/-ից։ 

Մեկնաբանություններ (1)

Արամ
Նման դեպք իմ հետ էլ տեղի ունեցավ ,list.am- ում հայտարարություն էի դրել բնակարանի վաճառքի ,էլի վատսապով գրեցին< вы не продали ,хотим купить,,, ես ընդհանրապես չպատասխանեցի եվ արգելափակեցի էտ իրենց վատսապի էջը։ Էլի ռուս էր գրողը բայց ուրիշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter