HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ականները «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում

Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով այս օրենքն ընդունվել է 2000-ականների սկզբին և համահունչ է եղել այդ ժամանակշրջանին:

«Վերջին համարյա թե քսան տարիների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել թե´ մեր հանրային ծառայության ոլորտում, թե´ դիվանագիտական ծառայությունները կարգավորող այլ իրավական ակտերում, ինչը հանգեցրել է որոշակի շտկումների անհրաժեշտության»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով` հրատապությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքը համահունչ չէ այլ օրենսդրական ակտերի հետ, որոնք ավելի ուշ են ընդունվել:

Վարդանյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ի համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ բոլոր պաշտոնները, այդ թվում` գլխավոր քարտուղարի, շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն:

«Գլխավոր քարտուղարի պաշտոնը տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն, և այստեղ փոփոխություններ չեն նախատեսվում, բայց այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳ որոշ ստորաբաժանումներ անցնում են քաղաքացիական ծառայության համակարգ, առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիք, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը:

«Դիվանագիտական աստիճանների հարցում ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա ոչ շատ արագ, ոչ շատ դանդաղ ընթանալ առաջ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման վերադարձման պահպանման կարգին, ըստ Վարդանյանի` փոփոխությունները համահունչ են լինելու «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի հետ․ չստեղծվի իրավիճակ, որ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, ով նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի կամ անձնագրի գործողության ժամկետը լրանում է:

Նախագծում նշվում է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրելու է արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:

Դիվանագիտական անձնագիր ստանալու դիմումը մերժվում է, եթե դիմումատուն ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter