HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 111-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 111-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Սևերոդոնեցկի բոլոր կամուրջներն ավերված են։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Դա նշանակում է, որ այդ քաղաք հումանիտար բեռները և այնտեղից տարհանումն անհնարին է, սակայն, ըստ Գայդայի, ուկրաինական բանակն արգելափակված չէ և շարունակում է պաշտպանությունը։ 
  • РИА Новости-ի, Известия-ի և ТАСС գործակալության թղթակիցները հայտնել են Դոնեցկի ծննդատան ռմբակոծման մասին։ Նրանք հայտնում են, որ ծննդատան անձնակազմն ու ծննդկանները տարհանվել են։ Տուժածների վերաբերյալ տվյալներ չկան։
  • Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Դոնեցկի ռմբակոծությունից հետո հայտարարել է, որ «Կիևն անցել է բոլոր սահմանները»։ Ինչպես նաև, որ «Դոնեցկի ռմբակոծման հետ կապված անհրաժեշտ է գործադրել հավելյալ միութենական ուժեր, առաջին հերթին ՌԴ-ի»։
  • Amnesty International-ի ղեկավար կազմը պնդում է, որ Խարկովում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների ապացույցներ են հայտնաբերվել։ Դրանք վկայում են այն մասին, որ ապրիլին և մայիսի սկզբին ռուսական զորքերը քաղաքի ուղղությամբ կիրառել են կասետային ռումբեր և կլաստերային ականներ, որոնցից տուժել են խաղաղ բնակիչները։ Նույն եզրահանգմանն են եկել նաև BBC-ի լրագրողները, որոնք աշխատում են Խարկովում։
  • Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել շատ խոսել Ռուսաստանի կողմից բռնազավթված քաղաքների ու շրջանների բնակիչների հետ և նրանց հիշեցնել, որ նրանց ազատագրումը տեղի կունենա և ուկրաինական բանակն անպայման կվերադառնա։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 4395 խաղաղ բնակիչ

Նրանց թվում 275-ը երեխաներ են, 5390-ն էլ վիրավորվել է, հիմնականում հրետանային հարվածների ու ավիահարվածների հետևանքով։

Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է միայն փաստաթղթավորված զոհերի մասին, իսկ իրական թվերն ավելի մեծ են։

Сбербанк-ը, Россельхозбанк-ը և Московский кредитный банк-ը (МКБ) այսօր կանջատվեն SWIFТ-ից

Նման սահմանափակում է նախատեսված Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 6-րդ փաթեթով։ 

Cбербанк-ը ավելի վաղ հայտարարել էր, որ SWIFT-ից անջատումից հետո կշարունակի սովորական ռեժիմով աշխատել։ Ըստ նրանց՝ հիմնական սահմանափակումներն արդեն իսկ գործում են և SWIFT-ից անջատում չի փոխի ընթացիկ իրավիճակը։

Պատժամիջոցների շրջանակներում, ավելի վաղ, SWIFT-ից անջատվել էին ռուսական մի շարք այլ բանկեր, այդ թվում ВТБ-ն։ 

Սերգեյ Գայդայ. Սևերոդոնեցկի գրոհը շարունակվում է

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հրետանու կիրառմամբ «հիմնահատակ ոչնչացնում են բազմահարկերը և արդյունաբերական օբյեկտները»։

Գայդայի խոսքով՝ հարվածները հասցվում են նաև բնակելի շենքերին և «Азот» ձեռնարկությանը, որի տարածքում թաքնվում է ավելի քան 500 մարդ։ 

JPMorgan Chase-ը և Goldman Sachs-ը դադարեցրել են Ռուսաստանի պարտատոմսերի վաճառքը

Bloomberg-ը հայտնում է, որ մինչև հունիսի սկիզբ բանկերն իրականացնում էին Ռուսաստանի պետական պարտքի հետ կապված գործառնություններ, սակայն դրանք դադարեցվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) արգելել էր ներդրողներին ձեռքբերել ռուսական պարտատոմսեր։ 

Մինչև 2022 թվականը Ռուսաստանը կլքի դոլարային միլիոնատերերի 15 %-ը։

Նման կանխատեսում է անում Henley & Partners ընկերությունը, որն օգնում է ստանալ օտարերկրյա քաղաքացիություն ներդրումների դիմաց։

РБК-ն, հղում անելով ընկերության զեկույցին, նշում է, որ Ռուսաստանը տարվա վերջին կդառնա եկամտի բարձր մակարդակ ունեցող մասնավոր անձանց արտահոսքի առաջատարը: Henley & Partners-ի գնահատմամբ՝ Ռուսաստանում գնահատվում է 101 հազար դոլարային միլիոնատեր։

Լուսանկարը՝ Adobe Stock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter