HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական, բայց ոչ քրեական պատասխանատվություն՝ Արաքսի ողողատներից ավազի արդյունահանման դեպքում

Ընդերքի մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ գետերից  ավազի արդյունահանում իրականացնելու գործողությունները կարգավորելու նպատակով։ Մասնավորապես, սահմանամերձ գետաողողատներից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք է սահմանվելու նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։ Իսկ նույն դեպքը նույն տարում կրկնվելու դեպքում, եթե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կամ ԱԱԾ-ն միջնորդագրեր ներկայացնեն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ, ապա արդյունահանող ընկերության ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվել է 60․1 հոդվածում լրացում կատարել՝ սահմանելով․

«Սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելու դեպքն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով»։

Ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասն էլ առաջարկվում է լրացնել 9-րդ կետով․

«Սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքն ընթացիկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիրը»:

Այս նախագծերը, սակայն, վերաբերում են միայն սահմանամերձ գետերին, ինչը նշանակում է, որ այլ գետերից ավազի արդյունահանման դեպքերը կարող են նաև այս փոփոխություններով չկարգավորվել։

Օրենսդրական նշված փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանի հետ, որն այժմ ընդերքի և արդյունաբերության ոլորտի հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցում նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների ծրագրերով։

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում սահմանել վարչական և իրավունքի դադարեցման պատասխանատվություն։ Արդյոք պատասխանատվությունը չպե՞տք է սահմանվեր նաև այլ գետերից ավազի արդյունահանման դեպքերի պարագայում։

Կարևորելով սահմանային գետերն անվտանգության առումով՝ միաժամանակ անհասկանալի է, թե ոչ սահմանային գետերի մասով նույն կարգավորումը ինչու չի տրվում։ Նշենք, որ նման գետերից ավազի ապօրինի օգտագործման ռիսկը և փաստացի դեպքերը, հատկապես շինարարությամբ և ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունների շրջանակներում, քիչ չեն, ինչում կարելի է համոզվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով։ Ուստի, այլ նպատակով, սակայն ոչ սահմանային գետերից ավազի արդյունահանման համար իրավական պատասխանատվությունը հավասարապես խստացման կարիք ունի։

Իսկ վարչական պատասխանատվությունը բավարա՞ր միջոց է՝ կանխելու ավազի արդյունահանման դեպքերը գետաողողատներից։

Որպես լրացուցիչ քննարկման հարց կարելի է դիտարկել սահմանային գետերից ավազի արդյունահանման համար Քրեական օրենսգրքով ուղղակի պատասխանատվություն սահմանելը՝ հաշվի առնելով պետական սահմանի փոփոխության վտանգը։ Իհարկե, այս դեպքում ոչ սահմանային գետերից խախտման համար թողնել վարչական պատասխանատվության կարգավորում։

Միևնույն ժամանակ, բացառապես ընկալման մակարդակում, հասարակության մոտ նման ընդգծմամբ կարող է այն թյուր կարծիքը ձևավորվել, որ ոչ սահմանային գետերից արդյունահանումն օրինական է։

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգով ընդերքօգտագործողն իրավասու է  արդյունահանել օգտակար հանածո բացառապես այն կոորդինատներով տարածքից, որտեղ օգտակար հանածոյի պաշարները սահմանված կարգով գնահատվել են, արդյունահանման նախագիծն ստացել է ՇՄԱԳ դրական եզրակացություն։ Ուստի, գետի հունից ավազի արդյունահանումն ինքնին արգելված է գետերի մեջ ավազի պաշարներով հանքեր չունենալու, շրջակա միջավայրի փորձաքննությամբ նման նախագծեր չհաստատելու և այլ հիմքերով, հետևաբար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործում է լինում։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը որպես մաս արդեն իսկ ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նույն հոդվածում և առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ուստի, ես նախագծի փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ և կարծիք եմ ներկայացրել նաև е-draft.am-ին, մասնավորապես՝ կա'մ միանգամից բարձրացնել գոյություն ունեցող՝ այս մասով ամրագրված տուգանքի դրույքաչափը հինգհազարապատիկի չափով, կա՛մ, եթե գետից ապօրինի արդյունահանման համար նպատակ է դրվել առավել մեծ տուգանք սահմանել, ապա կիրառել առանձին մաս, սակայն «Գետերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը» շարադրանքը՝ ընդգծելով ապօրինության՝ հենց առանց թույլտվության աշխատելու խախտման բնույթը։ Սա անհրաժեշտ է նաև այն նպատակով, որ գետերից արդյունահանում իրականացնելու դեպքում պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները, այլև ցանկացած անձ։ Այլապես, առաջարկվող ձևակերպմամբ պատասխանատվության են ենթարկվում բացառապես գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունները։

Այլ հարց է, որ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների համար նման խախտում իրականացնելու դեպքում արդեն Ընդերքի մասին օրենսգրքով սահմանվում է լրացուցիչ՝ իրավունքի դադարեցման սանկցիա, ինչն, ըստ իս, ընդունելի է։

Արդյոք համաչա՞փ է պատասխանատվությունն այս պարագայում։

Ինչ վերաբերում է Ընդերքի մասին օրենսգրքով սահմանվող այդ պատասխանատվությանը, ապա խնդրահարույց կարող է լինել այն հատվածը, որ իրավունքի դադարեցման համար լիազոր մարմինը կարող է հիմք ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդագիրը: Հասկանալի չէ, թե տվյալ միջնորդագրի հիմքում ինչ ապացույց կամ հիմնավորում պետք է դրվի։ Նախագծով փորձ է արվել ԱԱԾ միջնորդագիրը ներկայացնել տեսչական մարմնի կողմից ներկայացվող միջնորդագրի հետ, սակայն հաշվի չի առնվել էական տարբերությունը։

Տեսչական մարմնի կողմից միջնորդագրի հիմքով իրավունքի դադարեցման դրույթը օրենսգիրք ներմուծվելիս սահմանվել է, որ՝

  • տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում արձանագրվել է խախտում,
  • խախտման ակտը դարձել է անբողոքարկելի,
  • միջնորդագիրը ներկայացվում է անբողոքարկելի ակտի հիման վրա։

Այնինչ, ԱԱԾ միջնորդագրի հիմքում սահմանված չէ, թե ինչ ակտ կամ նյութ է առկա, չկա դրա բողոքարկման/պաշտպանության հնարավորությունը, ուստի բողոքարկվել կարող է միայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման ակտը, որի հաջողության արդյունքում պետությունը կարող է վնասների փոխհատուցման ռիսկի առջև կանգնել, ինչից խուսափվել է տեսչական մարմնի միջնորդագրի մեխանիզմի դեպքում։

Մինչ այժմ Արաքսի գետավազանից արդյունահանումը կարգավորվում էր «ՀՀ տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» Կառավարության 2008թորոշմամբ, այսինքն՝ եղած կարգավորումները բավարար չէ՞ին։

Նախ փաստենք, որ անգամ ժամանակին ընդունված, որոշակի լոկալ հարցեր լուծող Ձեր նշած ակտն ընդգծել էր, որ «Արաքս ... գետի ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը պետք է իրականացվի միայն ՀՀ տարածքից, հանքավայրի հաստատված պաշարների սահմաններում, հանքավայրի շահագործման նախագծի և ընդերքօգտագործման պայմանագրի և լեռնահատկացման ակտի համաձայն՝ բացառելով գետի հունի խախտում»։ Ուստի, ցանկացած պարագայում գետահունից արդյունահանումը երբևէ թույլատրված չի եղել։

Որպես լրացուցիչ հարց կարող եմ նշել, որ մեր օրենսդրությամբ, որքանով ես եմ ուսումնասիրել, առկա չէ գետի հունի սահմանումը, անգամ այնպիսի օրենքում, ինչպիսիք են օրինակ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը։ Որքան էլ կենցաղային կամ այլ հարթության մեջ մենք հասկանում ենք, թե որն է գետի հունը, այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է մասնավորի հետ իրավահարաբերություններին, պատասխանատվության կիրառմանը և նման հարցերին, գետահունի եզրույթը անհրաժեշտ է, որ ունենա հստակ սահմանում՝ քննարկելով ոլորտի մասնագետների հետ։  Օրինակ՝ հաշվի առնվի գետի լայնքը, ափագծերը, վարարումների ժամանակ գետի ողողատում ջրհոսքի հնարավորությունը (այս դեպքում ևս արդեն ափերից պետք է աշխատանքների դադարեցում պահանջվի)։

Ավելին, քանի որ նման ակտը լուծում էր բացառապես լոկալ խնդիր, այն էլ թույլ հիմքերով, քանի որ շատ կարգավորումներ օրենքի մակարդակով ամրագրված չէին, 2020 թվականին Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխություններով ամրագրվեցին մի շարք կարևոր դրույթներ, որոնք արդեն պայմանագրային պարտավորության մաս են դառնում, իսկ խախտման դեպքում՝ զրկման հիմք։

Մասնավորապես, սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ,

սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնել միայն օրվա լուսավոր ժամերին և այլն։

Եվ որ ամենակարևորն է, Կառավարությանն օրենքով իրավասություն ընձեռվեց գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասով։ Անցյալ տարվա տարեսկզբին կարգը մշակվեց և դրվեց շրջանառության մեջ, իսկ աշնանը քննարկվեց նախարարական կոմիտեում, սակայն մինչ օրս չի ընդունվել ոչ այդ, ոչ այլ որևէ նախագիծ։ Կառավարությունն այստեղ, իհարկե, օրենքով սահմանված ենթաօրենսդրական կարգավորումն ընդունելու բաց ունի, ինչով արդեն կարող էր և պետք է որ կարևոր խաղի կանոններ սահմանեին։ Ընդ որում, դրա ընդունումը որևէ կերպ չի առնչվում քննարկվող նախագծին, քանի որ առաջարկվող օրենսդրական նախագծով միայն պատասխանատվության միջոցներն են խստացվում։

Խստացված պատասխանատվության միջոցների պարագայում նույնպես խախտումների հավանականությունը մեծ չէ՞՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդերքօգտագործողը կարող է ամեն տարի վճարել տուգանքը և կրկին արդյունահանել Արաքսի ողողատից, ինչը հաճախ դժվար վերահսկելի է։

Ցանկացած կարգավորում ինքնանպատակ չպետք է լինի, միևնույն ժամանակ դրանք պետք է լրացվեն վարչարարության և այլ մեխանիզմների բարելավմամբ։ Այն, որ ռիսկերը մեծ են, չպետք է ավելի մեծ անորոշությամբ կարգավորումներ մտցնելու առիթ տա, ինչպես, օրինակ, առանց ապացույցների տեսակի նշմամբ ԱԱԾ մարմնի միջնորդությունը։ Դա հետագայում լինի վարչական վարույթի, թե դատավարության ընթացքում, պետությանը միշտ էլ դնում է ոչ շահեկան վիճակում։ Կարող եմ դեպք մտաբերել, երբ համապատասխան մարմինն ամիսներ շարունակ չէր կարողանում հիմնավորել՝ արդյոք տնտեսվարողի գործունեության հիմքով է հունի փոփոխություն եղել, թե քանի որ դա իսկապես բարդ մասնագիտական հարց է, եթե նախապես ապացույցները ձեռք բերված չեն լինում։ Այլ հարց է, որ պետք է պահանջներն ավելացվեն տնտեսվարողների նկատմամբ, ինչպես ժամանակին առաջարկվել էր՝ գետերի միջվարարումների փուլում՝ վերականգնված պաշարների որակի և քանակի փաստագրումից հետո, առանց որի գործնականում գրեթե անհնար կլինի արդյունավետ հսկողության իրականացումը։

Մյուս կարևոր խնդիրը ավելի պրակտիկ է՝ տեսչական մարմնի շուրջօրյա և անխափան մուտքի ապահովումը սահմանամերձ տարածքներ՝ նոր՝ մոնիթորինգի գործառույթի և  ստուգման փոփոխված հարցաթերթերով։

Գլխավոր լուսանկարը՝ Անժելա Ստեփանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter