HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հունիսի 14-ին պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով  առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը:

Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ  միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը  կազմակերպելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ 

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ 

Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի  Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter