HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարի աշխատավարձի և պարգևավճարի չափի տվյալները գաղտնիք չհամարվելու մասին որոշումը վիճարկվում է դատարանում

Ֆինանսների նախարարությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության: Նախարարությունը վիճարկում է գործակալության այն որոշումը, ըստ որի՝ Ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկությունը հարցմամբ դիմողին տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Ինֆորմացիոն կոմիտեն (infocom.am) 2022թ. հունվարի 14-ին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել է բոլոր նախարարություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2021թ. ընթացքում նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ վճարների մասին: Հարցում է ուղարկվել նաև Ֆինանսների նախարարությանը:

Ֆինանսների նախարարությունից մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անձնական տվյալներ մշակող պետական կառավարման մարմինը պարտավոր է առաջնորդվել աշխատողի կամահայտնությամբ և առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց:

Նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը արդեն ներկայացրել է իր 2021թ. եկամուտների հայտարարագիրը, իսկ ֆինանսների ներկայիս նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կներկայացնի սահմանված կարգով և ժամկետում: Հետևաբար առաջարկել են համապատասխան տեղեկատվությանը ծանոթանալ հայտարարագրերից:

Ինֆորմացիոն կոմիտեն դիմել է Գործակալությանը՝ խնդրելով պարզել՝ արդյոք 2021թ. ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը հակասու՞մ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, թե՞ ոչ: Ինչպես նաև արդյոք որևէ նախարարի տարեկան եկամուտը կարո՞ղ է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել:

Գործակալությունում հարուցվել է վարույթ, իրականացվել են լսումներ:

Գործակալությունը որոշման մեջ նշել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը: Օրենքը չի սահմանում պետական մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը և պայմանները, ինչպես նաև չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: Վերոգրյալից հետևում է, որ որոշակի իրավահարաբերությունները կամ կոնկրետ մարմնի գործունեությունը կամ կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող օրենքներով կարող են ուղղակիորեն սահմանվել այս կամ այն անձնական տվյալի փոխանցման (այդ թվում՝ հրապարակման) թույլտվություն կամ արգելք:

Ըստ Գործակալության՝ անձնական տվյալն ինքնին անձնական տվյալ լինելու ուժով դեռևս գաղտնիք չէ: Հետևաբար՝ սխալ կլինի այն եզրակացությունը, որ տեղեկության անձնական տվյալ հանդիսանալն ինքնին ենթադրում է այդ տվյալները տրամադրելու արգելք:

Գործակալությունը գտել է, որ անձնական տվյալների սուբյեկտի՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ինքնին չի նույնանում անձնական տվյալները ցանկացած պարագայում գաղտնի պահելու կամ այլոց համար դրանց մատչելիությունը սահմանափակելու հետ: Իսկ անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ապահովված է լինում ցանկացած դեպքում, երբ անձնական տվյալները մշակվում են, այդ թվում՝ փոխանցվում են բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ՝ անձնական տվյալների մշակման բոլոր սկզբունքների և կանոնների միաժամանակյա պահպանմամբ:

2021թ. ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններն անձնական տվյալներ են: Ինչպես անձնական տվյալները հրապարակելը, այնպես էլ դրանք հարցման հիման վրա դիմողին տրամադրելը համարվում է անձնական տվյալների փոխանցում, ինչն անձնական տվյալների մշակում է:

«Սխալ կլինի այն եզրակացությունը, որ տեղեկության անձնական տվյալ, այդ թվում՝ անձնական կյանքի տվյալ հանդիսանալն ինքնին, անկախ տվյալների առերևույթ զգայնունությունից, ենթադրում է այդ տվյալները տրամադրելու արգելք»,- նշված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշման մեջ:

Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր դիրքորոշում, ըստ որի՝ այն տվյալները, որոնք ենթակա են հրապարակման, ենթակա են նաև այլ անձանց տրամադրման: 

Գործակալությունը նշում է, որ եթե անձնական տվյալի հանրամատչելի դառնալու համար սահմանված է որևէ ժամկետ, ապա մինչև այդ ժամկետի վրա հասնելը հարցման հիման վրա այդ անձնական տվյալի տրամադրման թույլատրելիության հարցը պարզելու համար էական է այն, թե ինչ նպատակով է անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված: Մինչև հրապարակման ժամկետի վրա հասնելն ինչ կարգավիճակ ունի այդ անձնական տվյալը՝ արդյոք օրենքով սահմանվա՞ծ է որպես որևէ գաղտնիք, թե՞ ոչ:

Արդյունքում, գործակալությունը եզրակացրել է, որ տվյալ պարագայում հայտարարագրման ենթակա անձնական տվյալը հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ անձնական տվյալի գաղտնիության:

Անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչև անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ հարցման հիման վրա:

Բացի այդ, մինչև անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը պետական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որևէ գաղտնիք: Հետևաբար հարցման հիման վրա անձի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել ոչ թե անձնական տվյալ լինելու, այլ որևէ գաղտնիք լինելու հիմքով:

Այսպիսով, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշել է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2021թ. ընթացքում ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և նույն օրենքով նախատեսված հարցման հիման վրա դիմողին տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, եթե չի պարունակի գաղտնիք համարվող տեղեկություններ կամ չի խախտում մարդու անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:

Ֆինանսների նախարարությունը Վարչական դատարանում հենց այս որոշումն է վիճարկում՝ նպատակ հետապնդելով չտրամադրել նախարարի աշխատավարձի և դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններ:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Հարկատուի հաշվին կատարված ցանկացած ծախս պետքա թափանցիկ լինի, բացի անվտանգության ծախսերը: Այդ գաղտնի աշխատավարձերի ու պարգեվավճարների արատավոր մշակույթը չպիտի տեղ ունենա պետական համակարգում, որը սնվումա միայն ու միայն ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter