Հովիկ Աբրահամյանը Վանո Սիրադեղյանին չի սպասում
Այսօր' Ազգային ժողովի քառօրյայի ընդմիջման ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հարցերին, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորև:
Համաներումը մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատապարտվածների վրա կտարածվի՞, թե՞ ոչ:
Բայց ինչի՞ եք ուզում, որ ես ասեմ: Հետո, որ քննադատե՞ք ինձ, հա՞:
Մտավախություն չունե՞ք, որ եթե չհասցնեք նախագծերն ընդունել, ՀԱԿ-ը մայիսի 30-ին նստացույց կանի:
Եթե ցանկություն ունեն, թող նստեն, ի՞նչ է եղել:
Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով դիմեցիք հանրապետության նախագահին: Այս համաներումը դրա հետ կապ ունե՞ր, թե՞ ոչ:
Իմ կարծիքով, դրական վերջ կստանա, որոշումը նախագահի դաշտում է: Ձեր խնդիրը ո՞րն է, որ ինձանից ի՞նչ իմանաք: Ես ամեն ինչ գիտեմ, բայց ձեզ ոչինչ չեմ ասելու, գո՞հ եք:
Բայց դուք միշտ թափանցիկ եք աշխատել:
Թափանցիկ ասում եմ. աշխատում ենք, 2 օր համբերություն ունեցեք, մենք կքննարկենք այդ հարցը, ամեն ինչ կիմանաք: Կլսեք մեր մոտեցումները, պատգամավորների մոտեցումները եւ Ազգային ժողովը որոշում կկայացնի:
Այս համաներումը մոտավորապես ի՞նչ ծավալների կլինի, եթե թվեր չեք ուզում ասել:
Մոտավոր ոչինչ չեմ ուզում ասել: Ես հանրապետության նախագահի քայլը ողջունում եմ, որպես Ազգահին ժողովի նախագահ' կարծում եմ, որ շատ ճիշտ պահ է ընտրված մեր անկախության 20-ամյակին, եւ եթե նայում ենք, տարբեր երկրների նախագահները նման մարդասիրական քայլեր իրականացրել են: Համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք կօգտվեն համաներումից, ճիշտ ժամանակին է եւ կթուլացնի այն լարվածությունը, որն այսօր առկա է մեր երկրում:
Այսօր իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն կա՞:
Ասեցինք' այո, կա, բայց ինչ չափով' գնահատական չեմ կարող տալ:
Ընդդիմությունը պահանջում է նաեւ արտահերթ ընտրությունների անցկացում: Դա հնարավո՞ր է:
Հիմա էլի՞ պահանջ ունի ընդդիմությունը: Ես մի անգամ այս հարցին պատասխանել եմ, եւս մեկ անգամ ասում եմ դրա կարիքն ունեցողների համար: Յուրաքանչուր արտահերթ ընտրություն' լինի խորհրդարանական, թե նախագահական, երկրի վրա բացասական ազդեցություն է ունենում: Քանի որ քիչ ժամանակ է մնացել ԱԺ ընտրություններին, կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, նույն ընդդիմությանը պատրաստվել ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրություններին մասնակցելուն...: Դա իրենց խնդիրն է, իսկ մենք նախապատրաստվում ենք հերթական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2012թ. մայիսին:
Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իր կառավարումից հետո կյանքի որակը վատացել է: Որպես ԱԺ նախագահ' ձեր կյանքի որակը լավացե՞լ է, վատացե՞լ, թե՞ մնացել է նույնը:
Շատ նորմալ, հաստատուն, համահունչ գնում ենք առաջ: Կյանքի որակը, որ Քոչարյանն ասել է, Ազգային ժողովի նախագահին չէր վերաբերում, ընդհանուր հասարակության մասին էր: Հանրապետության նախագահը իրեն ուղղված հարցերին շատ նորմալ, վերջնական պատասխան է տվել:
Խոսակցություններ կան, որ Վանո Սիրադեղյանը վերադառնալու է քաղաքականություն, եւ նա համաներման տակ է ընկնելու: Ի՞նչ տեղեկություններ ունեք:
Ես չունեմ տեղեկություն, ազնվորեն ասում եմ:
Իսկ սպասո՞ւմ եք, որ կվերադառնա:
Ես իրեն չեմ սպասում, բայց եթե վերադառնա, թող վերադառնա, դա իր գործն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել