Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։
Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:
Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել