Ի՞նչ վիճակ է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունում
Հանրագիտարանները տեղեկատվական գրականության այն տեսակից են, որոնք մշտապես անհրաժեշտ են այս կամ այն իրադարձության, պատմության, պետության, անձի և այլնի մասին տեղեկատվություն ստանալու համար: Նրանք, որպես այդպիսին, սկիզբ են առել հազարամյակներ առաջ, սակայն դասական տեսք ու կերպարանք են ստացել ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոյի և նրա համախոհների հրատարակած «Հանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտությունների, արվեստների և արհեստների» հանրագիտարանով:
Իհարկե, այն հետագայում լրջորեն զարգացել է. աննախադեպ մեծացել են հանրագիտարանների ծավալներն ու նյութի ընդգրկման խորությունը, բայց կառուցվածքն ու շարադրման սկզբունքները մեծ մասամբ պահպանվել են: Հիմնականում այս հանրագիտարանի սկզբունքներով են պատրաստվել սովետական փոքր և մեծ հանրագիտարանները (ռուս.), վերջինիս նմանությամբ՝ «Հայկական սովետական հանրագիտարանը» (ՀՍՀ):
Հայկական հանրագիտարանը ծնունդ է առել մեր ժողովրդի ազգային զարթոնքի տարիներին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախապատրաստության շրջանակներում: 1964 թ-ի հոկտեմբերի 6-ին ՀԿԿ Կենտկոմի բյուրոն որոշում է ընդունել Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ) հրատարակելու մասին: ՀԿԿ Կենտկոմի և Նախարարների խորհրդի հաջորդ համատեղ (01.06.1966-ի № 232) որոշումով Գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից ստեղծվել է հատուկ գիտական խմբագրություն, որի իրավահաջորդն է ներկայիս «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը»:
Հանրագիտարանի նախապատրաստման աշխատանքները կատարելու համար ընտրվել է ժամանակի բազմաթիվ երևելի մտավորականների խումբ՝ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, նաև խմբագրության աշխատակազմ (շատերի ընտրությունը կատարել է անձամբ Վիկտոր Համբարձումյանը, ով երանելի հուշեր է արթնացնում նաև այսօր): Նախապատրաստական աշխատանքը, որի ընթացքում կազմել են հանրագիտարանի բառացանկն ու մեթոդական ցուցումները, տևել է ավելի քան 7 տարի. 1-ին հատորը լույս է տեսել 1974-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ստորագրությամբ, իսկ ամբողջ՝ 12-հատորյա հրատարակությունն ավարտվել է 1987-ին՝ «Սովետական Հայաստան» հատուկ հատորով:
ՀՍՀ տպագրության համար մշակվել է հատուկ տառատեսակ՝ «հանրագիտարանային» (հեղ.՝ Հենրիկ Մնացականյան): Հատորների տեքստերը տպագրվել են հանրապետության պոլիգրաֆ կոմբինատում, քարտեզները՝ Մինսկում, իսկ ներդիր պատկերազարդումները՝ Մոսկվայում:
Այդ ընթացքում խմբագրության աշխատանքը հաջորդաբար ղեկավարել են գլխավոր խմբագիրներ, պատմաբաններ Աբել Սիմոնյանը (հ. 2–4) և Մակիչ Արզումանյանը (հ. 5–12+1), իսկ Վիկտոր Համբարձումյանն աշխատանքները վերահսկել է արդեն որպես գիտահրատարակչական խորհրդի անփոփոխ նախագահ:
Հայկական սովետական հանրագիտարանի բազմահատորյակը ժամանակին շատ բարձր է գնահատվել և 1988-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի՝ ի դեմս գլխավոր խմբագիրներ Վիկտոր Համբարձումյանի և Մակիչ Արզումանյանի, գլխավոր խմբագրի տեղակալ Ջավադ Թորոսյանի և պատասխանատու քարտուղար, գրող Հայկ Խաչատրյանի:
Երախտագիտության խոսքի ու շնորհակալության արժանի են, անշուշտ, բոլոր նրանք, ովքեր աշխատակցել, իրենց եռանդով ու նվիրումով նպաստել են այս հրատարակության իրականացմանը՝ հոդվածների ու քարտեզների 700-ից ավելի հեղինակները, հանրագիտարանի խմբագրության (հրատարակչության) 200-ից ավելի աշխատակիցները:
ՀՍՀ հատորներում առաջին անգամ մեկտեղվել են հայոց պատմության, գիտության, մշակույթի, արվեստի, պետության, առողջապահության, տնտեսության, եկեղեցու, Սփյուռքի և բազմաթիվ այլ ոլորտների պատկերն ու ձեռքբերումները, որոնք յուրատեսակ չափանիշ են քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու և սեփական ժողովրդի նկարագիրն ամբողջացնելու առումով: Այդ հրատարակությունն անառարկելիորեն խոշոր նվաճում էր հայ գրահրատարակչության պատմության մեջ. տպագրվել է աննախադեպ՝ 100 հզ. տպաքանակով:
ՀՍՀ բազմահատորյակի հրատարակության ավարտից հետո հրատարակչությունը գլխավոր խմբագիր, պատմաբան, մշակութաբան Կոստանդին Խուդավերդյանի գլխավորությամբ (1988–98) սկսել է թեմատիկ, մանկական և այլ բնույթի հանրագիտարանների հրատարակումը, որոնք այսօր արդեն զգալի թիվ են կազմում՝
- «Ի՞նչ է, ո՞վ է» մանկական հանրագիտարան (4 հատոր), 1984–87 թթ.
- «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարան (3 հատոր), 1990–99 թթ.
- «Հայկական համառոտ հանրագիտարան» (4 հատոր), 1990–2003 թթ.
- «Հայկական հարց. հանրագիտարան», ռուս.՝ 1990թ., հայ.՝ 1996 թ.
- «Տնային տնտեսության հանրագիտարան», 1997 թ.
- «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», 2001 թ.
- «Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան», 2002 թ.
- «Քրիստոնյա Հայաստան. հանրագիտարան», 2002 թ.
- «Հայ Սփյուռք. հանրագիտարան», 2003 թ.
- «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988–94» հանրագիտարան, 2005 թ.
- «Ով ով է. հայեր» կենսագրական հանրագիտարան (2 հատոր), 2005–07 թթ.
- «Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք, 4 հատոր), 2007–10 թթ.
- «Հայաստան. հանրագիտարան», 2012 թ.
- «Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարան», 2015 թ.
- «Գյուղատնտեսական հանրագիտարան», 2015 թ.
- «Հանրագիտական բառարան» (2 հատոր), 2016–18 թթ.
- «Հայ երաժշտության հանրագիտարան», 2019 թ.
- «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան», 2020 թ.:
Հայկական հանրագիտարանը վաղուց դարձել է հայալեզու լավագույն տեղեկատվական միջոցներից՝ հավաստի և ճշգրիտ գիտելիքի յուրօրինակ շտեմարան, որից առանց բացառության օգտվում է ամբողջ հայությունը՝ հայրենիքում և Սփյուռքում: Նրա նյութերի զգալի մասն այսօր լայնորեն զետեղվել է նաև հայալեզու համացանցում:
Հանրագիտական հրատարակության պատվիրատուն պետությունն է, և աշխատանքը խորհրդային տարիներին կատարվում էր աչալուրջ վերահսկողության պայմաններում: Հրատարակչությունն այդպես աշխատել է շուրջ 20 տարի: Իսկ ՀՍՀ-ին հաջորդած «Հայկական համառոտ հանրագիտարանի» (4 հատոր) ստեղծումը մի տեսակ պահանջված էր. այնտեղ հավաքված են այդ համապարփակ հանրագիտարանի՝ հայ աշխարհին ու հայ իրականությանը վերաբերող նյութերը: Այդպիսի պրակտիկա կար դեռևս խորհրդային տարիներին. համապարփակ հանրագիտարանների ավարտին տպագրվում էին նման՝ ազգային ուղղվածության համառոտ հանրագիտարաններ: Եթե այդ քառահատորը ժամանակին թարգմանվեր օտար լեզուներով, կարծում եմ՝ մենք այսօր շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք քաղաքակիրթ աշխարհում:
Համառոտ հանրագիտարանին հետևել են մի շարք ճյուղային հանրագիտարաններ նախ՝ դպրոցականների համար, ապա՝ նաև ընդհանուր ճանաչողական բնույթի, որոնք հավասարապես օգտակար են և՛ մեծերին, և՛ փոքրերին: Դրանց ընտրությունը կատարել է հրատարակչությունը: Նկատեմ, որ մեր «Դպրոցական մեծ հանրագիտարանը» ժամանակին մեծ պահանջարկ ուներ, և մտածում եմ, որ այն այսօր էլ շատ օգտակար է մեր աշակերտներին:
Ունենք նաև որոշ հոբելյանական երանգ ունեցող հանրագիտարաններ, ինչպես, օրինակ, «Քրիստոնյա Հայաստանը» (նվիրված է Հայոց քրիստոնեական դարձի 1700-ամյակին), «Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարանը» (հայ գրատպության 500- ամյակին) և այլն: Ուշագրավ է նաև երկհատոր «Հանրագիտական բառարանը», որը պատրաստվել է հայտնի բառարանների օրինակով և ունի համապարփակ ընդգրկում:
Թեմատիկ հանրագիտարաններից կուզեի առանձնացնել վերջերս տպագրված «Հայ երաժշտության» և «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները: Ընդ որում, վերջինը գրական-կենսագրական հանրագիտարանի հաջողված առաջնեկն է մեր իրականության մեջ, որ կարող է լավ շարունակություն ունենալ:
Հանրագիտարան ունենալու հանգամանքով քաղաքակիրթ աշխարհը վաղուց բաժանվել է 2 մասի՝ հանրագիտարան ունեցող և չունեցող երկրների: Հասկանալի է, որ հանրագիտարան ունենալը դիտվում է որպես մշակութային նոր հարթակ, նոր նվաճում՝ անկախ այն բանից, թե դրանք ինչ տեսք ունեն՝ թղթային, թե էլեկտրոնային: Մենք այդ հնարավորություններն ունեցել ենք և պիտի շարունակենք հանրագիտարանային ավանդույթները՝ արդեն ժամանակակից պահանջներին ու իրականությանը համապատասխան:
Որպես կանոն, հիմնարար համապարփակ հանրագիտարանները վերահրատարակվում են 25–30 տարի պարբերականությամբ: Դրա օրինակները բազմաթիվ են: Մենք վաղուց ավարտել ենք ՀՍՀ հրատարակությունը (արդեն 35 տարի առաջ), իսկ այդ ընթացքում, հայտնի է, որ հեղաշրջումային իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում՝ ՀՀ անկախացում, ԼՂՀ-ի անկախության հռչակում, հասարակարգի և պետության վերակառուցում, արտաքին քաղաքական դաշտում կողմնորոշվելու և սեփական հետագիծն ունենալու խնդիրներ, նոր ժամանակների եկեղեցի ու Սփյուռք, Արցախյան պատերազմներ, նոր դեմքեր ու դեպքեր և բազմաթիվ այլ հարցեր, որոնք նորովի պիտի լուսաբանվեն հայկական հանրագիտական գրականության մեջ: Նոր համապարփակ հանրագիտարանի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Սա չի նշանակում, սակայն, որ թվարկածս խնդիրները չեն արտացոլվել մեր տարբեր հանրագիտարաններում: Բայց նոր համապարփակ հանրագիտարանի կարգավիճակն ուրիշ է: Մենք այդ մասին բազմիցս դիմել ենք և՛ ներկա, և՛ անցյալ իշխանություններին, բայց, ինչպես ասում են, այդ ըմբռնումը դեռևս վերջնականապես չի ձևավորվել:
Բայց դա չի խանգարում մեր գալիք աշխատանքը ծրագրելուն. մենք արդեն սկսել ենք կազմել նոր հայկական համապարփակ հանրագիտարանի (8–10 հատոր) բառացանկը, որը ներառելու է շուրջ 60 հզ. բառ-եզրույթ:
Հրատարակչության այսօրվա վիճակը պատկերացնելու համար ասենք, որ խորհրդային տարիներին ունեցել ենք մինչև 160 աշխատող, որի կեսից ավելին խմբագրակազմն էր, իսկ այսօր աշխատակազմը շուրջ 25 հոգի է, խմբագրակազմը՝ 10-ից պակաս: Արվում է այն առավելագույնը, ինչ հնարավոր է այս աշխատակազմով:
Մյուս կողմից՝ հրատարակչությանն անհրաժեշտ աշխատակազմի քանակն ու որակական կազմը բավական հարաբերական են՝ կախված հրատարակության պատրաստվող հանրագիտարանի բնույթից:
Ճյուղային (թեմատիկ) հանրագիտարանների պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը տվյալ ոլորտի մասնագետ հեղինակների խումբ և մի քանի (3–4) մասնագետ խմբագիրներ՝ գիտահրատարակչական անձնակազմի հետ: Այդպես պատրաստվեցին, օրինակ, «Հայ երաժշտության» և «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները, համապատասխանաբար՝ Հայաստանի կոմպոզիտորների միության, կոնսերվատորիայի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի մասնագետների և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի, ԵՊՀ-ի ու տարբեր հաստատությունների բանասեր-գրականագետների, լեզվաբանների աշխատակցությամբ: Իսկ հիմնարար համապարփակ հանրագիտարան կարելի է ստեղծել միայն բազմաթիվ ու բազմատեսակ մասնագետների աջակցությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական ու ֆինանսական և այլ միջոցների բավարար առկայությամբ: Դեռ չեմ խոսում այն չնչին աշխատավարձերի մասին, որոնք սահմանված են ներկա սակավաթիվ աշխատակազմի համար:
Ես մնում եմ այն համոզման, որ հիմնարար հանրագիտարանի պատրաստումը համազգային գործ պիտի լինի. մենք նման զգացում ունեցել ենք առաջին համապարփակ հանրագիտարանի պատրաստման տարիներին: Ուզում եմ հավատալ, որ նման երանելի ժամանակներ դեռ լինելու են, և մեր հրատարակչությունը նոր զարթոնք է ապրելու:
Մեծ՝ համապարփակ հանրագիտարանի պատրաստման աշխատանքներին զուգընթաց՝ պետք է հիմնովին համալրել նախ՝ աշխատակազմը, ապա՝ նաև գիտախմբագրական ու տեխնիկական հնարավորությունները. անհրաժեշտ է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ու բուհերի գիտնականներից կազմել գիտաճյուղային մասնագիտական խմբեր՝ հոնորարային հիմունքներով:
Այլ կերպ այդ հսկայական աշխատանքը կատարելը շատ դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի: Այսօր մեր պատմության բազմաթիվ հարցեր սկզբունքորեն նորովի ներկայացման կամ առաջին անգամ շարադրման կարիք ունեն, ինչը կարող է անել միայն ոլորտի ճանաչված մասնագետը: Դա է, որ հանրագիտարանի պատրաստումը դարձնում է համազգային գործ: Իսկ համազգային գործը պիտի լինի համազգային և համապետական ուշադրության դաշտում:
Ավելացնեմ, որ, ավանդույթը չխախտելով, Հայկական համապարփակ հանրագիտարանի բառացանկին զուգընթաց պատրաստվում է նաև «Հայաշխարհ» հանրագիտարանը, որը լինելու է Հայկական համառոտ հանրագիտարանի ժամանակակից տարբերակը: Այն կարող է թարգմանվել տարբեր լեզուներով և Հայաստանն ու հայ իրականությունը նորովի ներկայացնել աշխարհին:
Հովհանես Այվազյան
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն
Մեկնաբանել