Լարսի անցակետում նոր մաքսակետ կբացվի
Լարսի անցակետի հերթերը կարգավորելու համար գործող մաքսակետի հարևանությամբ լրացուցիչ կետ տեղադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին խորհրդարանում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` նոր մաքսակետն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել։
«Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր կողմերի գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Սանոսյանը հիշեցրեց, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում և քննարկումներ ունեցել ռուս և վրացի գործընկերների հետ:
«Հետևյալ պայմանավորվածութունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,-ասաց Սանոսյանը:
Մեկնաբանել