
Կենտրոնական բանկը մտադիր չէ արհեստականորեն արժեզրկել ՀՀ արժույթը
Դրամի արժևորման պայմաններում ռուսական ռուբլիով արտահանողները բացառապես շահում են: Խորհրդարանում այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը` արձագանքելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին:
«ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, այսինքն՝ ոչ միայն արժեզրկված է նոմինալ փոխարժեքը նոմինալ փոխարժեքի համեմատ, այլ նաև արժեզրկված է, որովհետև ՌԴ-ում գնաճն ավելի բարձր է: Այն արտահանողները, որոնք ՌԴ են արտահանում և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլով, ստեղծված իրավիճակից շահում են, քանի որ ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին, ուստի փոխարժեքով պայմանավորել բոլոր տնտեսական երևույթները, կարծում եմ` սխալ է»,- ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի խոսքով` դոլարի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է օտարերկրացիների հոսքով Հայաստան և արտաքին պահանջարկի ավելացմամբ: Գալստյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, որոնք կան հանրության շրջանում, ըստ որոնց՝ ԿԲ-ն արհեստականորեն պետք է արժեզրկի ՀՀ արժույթը:
«Դա բացառապես նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները բարձր գնաճ ունենալու հետևանքով ունենալու են գնաճային հարկ, որի միջոցով քաղաքացիները սուբսիդավորելու են արտահանողներին: Մեր պատկերացմամբ պետք է տեղի ունենա ավելի մանրակրկիտ վերլուծություն, որի արդյունքում արհեստական արժեզրկումից խուսափելով և հավելյալ գնաճի հաշվին հավաքագրված հարկային եկամուտներով կառավարությունը պետք է օժանդակի այն ընկերություններին կամ ճյուղերին, ովքեր ունեն դինամիկ արտահանման զարգացման պոտենցիալ»,- ասաց Գալստյանը:
Մեկնաբանել