
Հայկ Կոնջորյան. «Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը Կառավարության հետ պատշաճ կերպով իրականացրել են բյուջեի կատարողականի քննարկումները` փաստացի կատարելով ոչ միայն իշխանության, այլև խորհրդարանական ընդդիմության գործառույթները:
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ այս քառօրյայով ամփոփվում են նստաշրջանի աշխատանքները, ապա անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարին:
«Վերջին 40 և ավելի օրերի ընդդիմության գործողությունները ամփոփելով՝ կարելի է փաստել, որ խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է: Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները իրեն քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները փողոցում: Մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով, և ուրեմն ընդդիմությունը դեֆոլտի մեջ է»,- ասաց նա:
Նրա համոզմամբ` ընդդիմությունը փորձում էր արցախյան հարցն օգտագործել իշխանությունը զավթելու համար:
«Կարող ենք արձանագրել, որ փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»,- ասաց Հայկ Կոնջորյանը: Ըստ նրա` մի քանի տասնամյակ է, ինչ ներկայիս ընդդիմադիրները, որոնք նախկինում իշխանություն էին, Արցախի հարցը պատանդ էին վերցրել` Հայաստանում իշխանություն հաստատելու համար:
Կոնջորյանը նշում է, թե ընդդիմության փողոցային պայքարի տխուր վերջաբանը խոսում է այն մասին, որ ընդդիմադիրների քաղաքական սնանկությունը արձանագրված է ոչ միայն խորհրդարանում, այլ նաև Հայաստանի փողոցներում: Կոնջորյանն անդրադարձավ ընդդիմության հավաքների սակամարդությանը` ընդգծելով, որ խնդիրը ոչ թե մարդկանց քիչ քանակն էր, այլ ընդդիմության ղեկավարների սակավամտությունը:
«Երբ դու դուրս ես գալիս որևէ մեկին թուրքից փրկելու, և էդ մեկը քեզ կասկածում է, դու նրան չես կարող համարել թուրք: Սա քաղաքական սակավամտության դասական օրինակ է»,- ասաց նա:
Կոնջորյանը հիշեցրեց ընդդիմադիրների խոսքերը, երբ վերջիններս Ֆրանսիայի հրապարակի բեմից կոչերով էին դիմում իշխանական պատգամավորներին: Նա ընդգծեց` ՔՊ-ականներն այն ժամանակ էլ, այսօր էլ իրենց տեղում են, իսկ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ոչ իր տեղում է, ոչ էլ փողոցում է:
«Ու՞ր է Իշխան Սաղաթելյանը, և ու՞ր ենք մենք»,- այս խոսքերն արտաբերելուց անմիջապես հետո նիստերի դահլիճի դուռը բացեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ինչից հետո Կոնջորյանն առաջարկեց գործընկերներին գալ դահլիճ ու քննարկումը շարունակել: Սակայն ընդդիմադիրներից որևէ մեկը դեռ դահլիճ չէր մտել:
«Մեր ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ քաղաքական լոպազության մարաթոնը ամբողջությամբ սնանկ էր: Ընդդիմության այս տխուր վերջաբանն ու տապալումը վկայում է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի մասին»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել