
Փաշինյանը հայտարարում է` Քոչարյանն ու Սարգսյանը բանակցություններում Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե´ Ռոբերտ Քոչարյանը, թե´ Սերժ Սարգսյանը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում` 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է` Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգանորեն ճանաչված սահմաններում»,- ասաց Փաշինյանը: Նա ընթերցեց ևս մեկ մեջբերում, որտեղ նշվում է, թե ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր` Լեռնային Ղարաբաղի մասին հատուկ նշումով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է տարածքների փոխանակման փաթեթը: Նրա ներկայացմամբ` այդ փաթեթով Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Նշված փաթեթով Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձներ Մեղրիի շրջանը և փոխարենը ստանար Լեռնային Ղարաբաղը։
«Եթե Հայաստանն իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք»,- ասաց նա` ընդգծելով, որ այդ կերպ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է, ինչպես Մեղրին Հայաստանինն է:
«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-ՀՅԴ եռյակը իր իշխանավարության տարիներին մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդ պարագայում ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` Մադրիդյան սկզբունքներով էլ բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելն Ադրբեջանի կազմում, որովհետև այդ սկզբունքերով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցում: Ունեցել է հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար:
«Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն` առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ միջանկյալը, և հենց սրանում է եղել տարածքային ամբողջականոթյան և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ իր կառավարությունն անընդունելի չի համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը:
«Մեզ դրա համար քննադատողները մոռացել են, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես բազմիցս ասել եմ, ճանաչել է դեռևս 1992 թվականին ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրով, որը Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացվել է 1992 թվականին: Այդ ժամանակ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը եղել են Գերագույն խորհրդի պատգամավորներ»,-ասաց նա:
Փաշինյանը կոչ արեց ժողովրդին համախմբվել խաղաղության օրակարգի և հայոց պետականության շահերի շուրջ:
Մեկնաբանել