
Մոսկվան կողմ չէ Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը
Կրեմլում չեն կարծում, որ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում կայունությանն ու անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք կարծում, որ այդ հատուկ գործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում թուրքական լրատվամիջոցների՝ քրդերի դեմ ռազմական գործողության անցկացման մտադրության վերաբերյալ հրապարակումներին։
Ավելի վաղ, Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ Մոսկվան Անկարային կոչ կանի հրաժարվել այդ քայլից և փորձել մտահոգությունները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
Սիրիայի սահմանային հատվածներում թուրքական ուժերի առկայությունը, որոնք այնտեղ ռազմական գործողություններ են անցկացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անվանել է անօրինական և Անկարային կոչ արել դուրս հանել իր զորքերը Սիրիայի սուվերեն տարածքներից։ Ամերիկյան զինվորականների աջակցությամբ քուրդ-արաբական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմավորումը, որի հիմնական մասը կազմում է YPG-ն (Ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ), վերահսկում է Ալ Հասակայի և Ռաքքայի մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի մարզերի մի շարք բնակավայրեր։ Մասնավորապես, նրանց վերահսկողության տակ են գտնվում Ալ Հասակա և Ղամիշլի քաղաքների թաղամասերի մեծամասնությունը։ Պաշտոնապես Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքում առկա այդ ինքնավար կազմավորումը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել