
Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննությունն ավարտվել է
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը։
«Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է: Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով»»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար։
Մեկնաբանել