HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 113-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 113-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Ուկրաինական իշխանությունները հայտնում են, որ գիշերը ռուսական զորքերը ռմբակոծել են Դոնեցկի ու Սումիի մարզերը։
  • Երկու ամերիկացիներ, որոնք մեկնել էին Ուկրաինայում պատերազմելու, անհետ կորել են և կարող են հայտնված լինել ռուսական գերության մեջ։ Նման հայտարարությամբ հանդես են եկել ամերիկացիների հարազատները։
  • Բռնազավթված տարածքներում ռուսական իշխանությունները բախվում են ուկրաինամետ տրամադրված տեղացի բնակիչների դիմադրությանը, որոնք հրաժարվում են համագործակցել։
  • Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը միայն վնասում է Ուկրաինային։ «ԱՄՆ-ն, զինելով Ուկրաինային, երկարաձգում է նրա տանջանքները, երկարաձգում նրա, Ուկրաինայի ժողովրդի համար վատ ժամանակաշրջանը»,- ասել է Պեսկովը։
  • Ուկրաինայում պատերազմն առաջին անգամ հանգեցրել է նրան, որ ողջ աշխարհում մարդկանց թիվը, որոնք ստիպված լքել են իրենց տները, գերազանցել է 100 միլիոնը։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որտեղ հայտարարել է, որ հույս ունի առաջիկա օրերին տեղաշարժ ունենալ ուկրաինական ցորենի արտահանման խնդրում։

Ժամի գլխավոր լուրն էլ այն է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Կիև։

Իտալական լրատվամիջոցները մի քանի լուսանկար են հրապարակել գնացքին, որտեղ Դրագին, Մակրոնն ու Շոլցը Լեհաստանից գնացքով շարժվում են Ուկրաինայի մայրաքաղաք։ La Repubblica-ն լուսանկարներից մեկն արդեն իսկ անվանել է պատմական։

Եվրոպական առաջնորդներն արդեն իսկ ժամանել են Կիև։ УНИАН-ը տեսանյութ է հրապարակել Կիևի երկաթուղային կայարանից։ Նախատեսվում է, որ առաջնորդները կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

Ինչպես նշում է RaiNews-ը, այցի նպատակներից մեկը Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի աջակցության հայտնումն է Ուկրաինային։ Սա այս առաջնորդների առաջին այցն է Կիև՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ավելի վաղ, Կիև էին ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Դոնբասում Ուկրաինայի զոհերի ու վիրավորների թիվն օրական հասնում է մինչև 1000-ի

Այդ մասին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Axios-ի փոխանցմամբ Արախամիան նշել է, որ ամեն օր Դոնբասում զոհվում է 200-500 ուկրաինացի զինվորական, իսկ վիրավորների թիվն ավելի մեծ է։ Արախամիայի պնդմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորուստների թիվը մեծացել է։

Ռոսավիացիան 19-րդ անգամ երկարաձգել է ՌԴ կենտրոնական և հարավային օդանավակայաններ թռիչքները։

Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ Սահմանափակումները, որոնք մտցվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, կգործեն մինչև հունիսի 24-ը։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված բոլոր երեխաները ավտոմատաբար կստանան Ռուսաստանի քաղաքացիությունից

Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է մարզի «նոր իշխանության» (օկուպացիոն իշխանության) ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմոուսովը։ Ռուսական իշխանությունները նրան անվանում են «մարզի ռազմա-քաղաքացիակա վարչակազմի ղեկավարի տեղակալ»։

«Խերսոնի մարզում երեխաները, որոնք ծնվել են ամսի 24-ից հետո, ավտոմատաբար ստանում են ՌԴ քաղաքացիությունից։ Իսկ որբ երեխաները արդեն ստացել են քաղաքացիություն»,- հայտարարել է Ստրեմոուսովը։

ԱՄՆ դաշնակից ավելի քան 40 երկիր արդեն իսկ ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Պետքարտուղարի խոսքով՝ փետրվարի 24-ից հետո Վաշինգտոնը Ուկրաինային հատկացրել է ավելի քան 5,6 միլիարդ դոլարի։ 

Նախօրեին նախագահ Բայդենը ազդարարել էր օգնության նոր փաթեթի մասին, որը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter