HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ»

Քաղաքացիների շրջանում թյուրընկալում կա, որ եթե իրենք քարտով վճարումներ իրականացնեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու։ Այսպիսի կարգավորում չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին անկանխիկ գործառնությունների փոփոխությունների թեմայով քննարկմանն ընդգծեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։ 

Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ։ Օրինակ՝ առևտուրը, տարատեսակ ծառայությունների դիմաց վճարումները, անշարժ գույքի առուվաճառքը և այլն։  Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։   Այս տարվա հուլիսի 1-ից այն կտարածվի Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա, 2023 հուլիսից՝ մարզերի վարչական կենտրոնների և 2024 հուլիսից՝ մնացած բոլոր բնակավայրերում:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումները սահմանում են բացառություններ, որոնց դեպքում, անկախ գործարքի չափից, միայն անկանխիկ պետք է կատարվեն վճարումները։ Օրինակ՝ բժշկական հաստատությունների, փաստաբանական, հաշվապահական, կրթական ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։ 

Սահմանվում է, որ բացառապես անկանխիկ են վճարվում նաև աշխատավարձերը, կենսաթոշակները, պետական կամ համայնքային բյուջեներ կատարվող ցանկացած վճարումներ։  

«Գրավատները վարկերը տրամադրելու են անկանխիկ ձևով, եթե այդ վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը գերազանցող, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը գերազանցող։ Գրավատներից բացի, մյուս վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ»,- նշեց Երանուհի Թումանյանցը։

Իրավիճակը կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն ու Աշխատանքի տեսչական մարմինը

Անկանխիկ գործարքների վերաբերյալ նոր փոփոխությունների կատարումը կվերահսկեն  երեք պետական մարմիններ։  Առաջինը Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկողություն է սահմանում տնտեսվարողների նկատմամբ։ Մյուսը՝ Կենտրոնական բանկը, որ վերահսկում է իր կողմից լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները, գրավատները և այլն։ Երրորդը՝ Աշխատանքի տեսչական մարմինն է, որը արդեն կոնկրետ աշխատանքային հարաբերություններին՝ աշխատավարձերի վճարման գործընթացներին կհետևի։

Եթե ՀԴՄ սարքը խափանվի, լույս, ինտերնետ չլինի. oբյեկտիվ պատճառների դեպքում պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի

Եթե օբյեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտները չկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել, ապա նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի, հայտարարեց Երանուհի Թումանյանցը։

«Եթե խոսքը ՊՈՍ տերմինալի մասին է, ապա այն երկու օրվա ընթացում փոխվում է, և այստեղ պատասխանատվության ոչ մի միջոց չի կիրառվում։ Եթե խոսքը ՀԴՄ-ի մասին է, որը նաև ՊՈՍ  գործառույթն ունի, ապա երեք ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի դրա մասին, 24 ժամվա ընթացքում այն վերանորոգվի, այստեղ ևս պատասխանատվության միջոց չի կիրառվում»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը։ 

Եթե ինտենետ կապն է խափանվում, լույն է անաջատվում, ապա դրանք օբյեկտիվ պատճառներ են, և նույնպես չեն կարող պատասխանատվության միջոց ենթադրել, որովհետև կա մեղքի բացակայություն։ Այլ բան է, երբ կարող է իրականացվել  վարչական վարույթ և պարզվել, որ կապը չի խափանվել, լույսը չի անջատվել, և դա պատասխանատվությունից խուսափման միջոց է եղել։ 

Գործարքի արհեստական բաղդատումը  ևս պատասխանատվություն միջոցներ է ենթադրում։ Օրինակ՝ եթե 2 մլն դրամ արժողությամբ մեքենան վաճառելիս գնորդը պայմանավորվում է վաճառողի հետ 10 ամսում 200 հազարական դրամով  վճարումն անել և այդպիսով խուսափել անկանխիկ գործարքից, ապա դրա բացահայտման արդյունքում պատասխանատվության միջոցներ են կիրառվելու։

«Աշխատում ենք բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ»

«Օրենսդրական և ենթաօրենսդրական կարգերի մասով նախապատրաստական աշխատանքները ավարտված են։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից կանխիկ վճարման ընդունման տեսանկյունից ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև՝ բիզնեսի կողմից, ֆինանսական կազմակերպությունների կողմից պատրաստվել են ՊՈՍ տերմինալների (POS-անգլ.՝ Point Of Sale - վաճառքի կետ) սերտիֆիկացման նախնական աշխատանքները և ըստ էության՝ ֆինանսական կազմակերպությունները այսօր պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է ՊՈՍ տերմինալներ ունենան, իրենց մոտ ակտիվացնել իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարների ընդունումը»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։ 

Տնտեսվարողների չի պարտադրվում միայն ՀԴՄ-ներով վճարումները ընդունել, կարող են նաև առանձին ՊՈՍ տերմինալներներ տեղադրել։ 

Ըստ ԿԲ փոխնախագահի երկու առևտրային բանկեր, որոնց անունները չեն նշվում, պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով ու մատչելի սակագներով միացնելու ՊՈՍ գործառույթը ՀԴՄ սարքերին։ 

Հարցին, օրինակ՝ արդյոք բոլո՞ր բուժհաստատություններն ունեն անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, այդ թվում՝ պոլիկլինիկաները, Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց՝  այո։ Այն հաստատությունները, որոնք դեռ չունեն, պատրաստվում են և շատ կարճ ժամանակահատվածում կունենան։ 

Բանկերը անկանխիկ գործառնություններն իրականցնելու համար այսօր տնտեսվարողներից գանձում են 1.5-3% միջնորդավճարներ, որը շատ բիզնեսների համար բավականին թանկ է։ Սա հենց առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որ բազմաթիվ տնտեսվարողներ առայժմ չեն ընդունում քարտային ու անկանխիկ վճարումներ։ 

Հովհաննես Խաչատրյանը հավաստիացնում է, որ ԿԲ-ն այսօր բանակցում է բանկերի հետ՝ միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ։

Այս օրենքով, ըստ ԿԲ փոխնախագահի, մի քանի խնդիր է լուծվում։ Առաջին հերթին՝ հարկային թափանցիկություն կապահովվի, կկրճատվի տնտեսության ստվերը, կապահովվի քաղաքացու՝ անկանխիկ վճարելու իրավունքը։ 

Հարցին, թե ինչու՞ է այս ամենն արվում պատրադրանքով և չի թողնվում տնտեսվարողների ու քաղաքացիների հայեցողությանը, Հովհաննես Խաչատրյանը հիշեցնում է, որ երկու կողմն էլ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել զարգացնելու անկանխիկի շուկան, սակայն այսօր Հայաստանը անկանխիկ գործառնությունների ծավալներով բավականին հետ է զարգացող երկրներից։ 

«Ազգային վճարահաշվարկային համակարգը, վճարային քարտերը մեզ մոտ թափանցել են շատ վաղուց, ֆինանսական համակարգում կարգավորումները խիստ են, մեծ հաշվով, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հետ ենք ընկել գործընկեր այլ երկրներից»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։ 

Նա ընդգծեց, որ անկանխիկ գործառնությունների հետ կապված ԿԲ-ն այսօր մտահոգություն ունի վճարային տերմինալների մասով։  Տերմինալների միջոցով վճարումները ԿԲ-ում համարում են «կիսականխիկ», քանի որ այս դեպքում վճարող կողմը կանխիկով է վճարում, իսկ ստացողը կողմը՝ անկանխիկով։ Չի բացառվում, որ առաջիկայում այս մասով ևս փոփոխություններ արվեն։ 

«Եթե բուժհաստատությունում տեղադրված է տերմինալ, որով բուժհաստատության հաշվի վրա կատարվում է վճարում, իրականում սկիզբը վճարման կանխիկն է, երբ քաղաքացին մուտքագրում է, և դա հայտնվում է բուժհաստատության հաշվին։ Այս պահին օրենքը դա համարում է անկանխիկ վճարում։ Ուղղակի, Կենտրոնական բանկի ու ընդհանրապես մեր քաղաքականության տեսանկյունից, մենք չենք բացառում, որ այդ թեմային մոտ ապագայում կանդրադառնանք, որ այսպես կոչված կիսականխիկ-կիասանկանխիկ վճարումների փորձն էլ կտեսնենք՝ ինչպիսին է։ Դրան կվերադառնանք։ Ցանկալի տարբերակն է, որ երկու կողմից էլ անկանխիկ լինի։ Դա է բերում, ընդհանրապես, տնտեսության ապականխիկացմանը»,- ընդգծեց ԿԲ փոխնախագահը։ 

Հիշեցնենք, որ դեռևս անկանխկի շուկայի այս փոփոխությունները քննարկելիս տնտեսվարողները բարձրաձայնում էին, որ բազմաթիվ խութեր կարող են հանդիպել անկանխիկ դրամաշրջանառությունը պարտադիր դարձնելու ճանապարհին՝ սկսած բանկերի սահմանած բարձր միջնորդավճարներից, մարզերում ու շատ խանութներում վճարային տերմինալների բացակայությունից, թույլ ինտերնետ կապից մինչև քաղաքացիների՝ արգելափակված հաշիվների հետ խնդիրներ: Այնուամենայնիվ, փոփոխությունները օրենքի ուժ ստացան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter