HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդկաով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Բաքվում ընթացող IX գլոբալ համաժողովի ժամանակ։

«Մենք խորհրդակցել ենք այս հարցով մեր վրացի գործընկերների հետ և Վրաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման կազմակերպմանը Վրաստանում և այդ երկխոսության մեկնարկին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ դրա պատճառները, չեմ կարող գտնել որևէ տրամաբանական բացատրություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի պնդմամբ՝ համանման փորձեր ձեռնարկվել են նաև եվրոպական որոշ ինստիտուտների կողմից։ «Եվ կրկին եղել է հրաժարում։ Եթե Հայաստանը Հարավային Կովկասում չի ցանկանում խաղաղություն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում։ Եթե նրանք ցանկանում են հաջորդ պատերազմը, դա նրանց համար աղետ կլինի, և դա նրանք հստակ հասկանում են։ Եվ ես կարծում, որ Հայաստանում իշխանությունն ու ռևանշիստական ուժերը հստակ հասկանում են, որ դա կլինի պետականության ավարտը։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ մենք Հայաստանից պետք է հստակ պատասխան ստանանք, թե ինչպիսինն են նրանք տեսնում Հարավային Կովկասը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների տեսակետները պարզ են, իսկ առանց Հայաստանի երկխոսությունն անհնարին կլինի։

Ավելի վաղ, նույն ելույթի ժամանակ Ալիևն անդրադարձել էր նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Մինսկի խմբի հետագա ճակատագրին։ Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահների «թոշակի անցնելու ժամանակն է»։ 

«Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Նրանց արդեն թոշակի անցնելու ժամանակն է։ Այսպիսով, ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած սպեկուլյացիա Ադրբեջանում միայն ջղայնություն է առաջացնում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների մասին, ստորագրենք խաղաղության պայմանագիր»,- հայտարարել էր Ալիևը։ 

Խոսելով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանն սպասում է Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հանձնաժողովի ստեղծմանը, որից հետո երկու կողմերը կարող էին անցնել բուն քննարկումներին։

Լուսանկարը՝ armenianweekly.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter