HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզի տեղական իշխանություններն ու ֆերմերները հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ու ՄԱԿ-ի այլ փորձագետներ հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի հետ։ Հայտնում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունը։

«Նրանք անդրադարձ կատարեցին կլիմայի փոփոխության հետևանքով ավելի սրված անվտանգային խնդիրներին, որոնք ազդեցություն են ունենում պարենային անվտանգության վրա, ինչպես նաև բնական ռեսուրսների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության աճող մրցակցությանը, կենսապահովման միջոցների կորստին, կլիմայական աղետներին և միգրացիային վերաբերող խնդիրներին:

Այցը հնարավորություն տվեց անմիջականորեն տեղեկանալ կլիմայի անվտանգության մարտահրավերների մասին: Ներկայացվեցին համայնքների դիմակայունության ամրապնդմանն ուղղված առաջարկներ, ինչպիսիք են սահմանների ինքնիշխանության ապահովումը, հողօգտագործման նախապատրաստումը, ջրի կառավարման և ոռոգման ու խմելու ջրերի համակարգերի բարելավումը, սննդամթերքի արտադրության և լոգիստիկայի բարելավված համակարգերի միջոցով վառելիքի ծախսերի նվազեցումը, նորարարական և ծախսարդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների ներդրումը և աշխատանքային հմտությունների համապատասխանեցումը:

Գեղարքունիքի մարզպետ պ-ն Սարգսյանն ընդգծեց կլիմայական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների հրատապությունը՝ բնակչության կենսապահովումը բարելավելու, միգրացիան նվազեցնելու և  մարզի զարգացումը խթանելու նպատակով: Նա նաև մեծապես կարևորեց ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ համագործակցության արդյունավետ համակարգումը։

«Շատ ոգեշնչող էր լսել տեղական իշխանություններին, քաղաքացիներին և ֆերմերներին, ներառյալ՝ վերջերս տեղահանվածներին: Խնդիրները հստակորեն սահմանվեցին, և մենք հիմնավոր քննարկում ունեցանք դրանց լուծումների շուրջ, ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք աջակցել և հնարավորություն տալ նրանց՝ կայուն լուծումներ գտնել իրենց առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին», - ասաց Լիլա Փիթրս Յահիան:

Տ-ն Նասոյանն իր հերթին ներկայացրեց Հայաստանում ՊԳԿ-ի 2021-25թթ․ առաջնահերթություններն ու Գեղարքունիքի մարզում իրականացվող աջակցության ծրագրերը։ 

«Աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և ՊԳԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին», - նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Խմբագիրների համար․ Համառոտ տվյալներ Գեղարքունիքի մարզում իրականացվող ՊԳԿ ծրագրերի մասին

Հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերում հակամարտությունից տուժած խոցելի խմբերին Հայաստանում

2021թ․ ՊԳԿ-ն մեկնարկեց հրատապ աջակցության ծրագիր`2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին օգնելու նպատակով։ Հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված փխրուն իրավիճակում գտնվող տեղահանված և հյուրընկալող համայնքների գոյության միջոցների պաշտպանությունը, վերականգնումը կամ ստեղծումն էր: Այդ նպատակով հրատապ աջակցության ծրագիրը աջակցություն է տրամադրում՝ պաշտպանելու և վերականգնելու կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցները, ինչը կօգնի բարելավել գյուղատնտեսական արտադրանքը և, ի վերջո, պարենային ապահովությունն ու սնուցումը։ Աջակցությունը ներառում է Հայաստան տեղափոխված խոշոր եղջերավոր կենդանիներին անասնակերի տրամադրում, հավերի տրամադրում այն ընտանիքներին, որոնք չեն կարողացել տեղափոխել իրենց ֆերմային կենդանիներին, ինչպես նաև շինանյութ հավանոցների վերանորոգման համար, անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ և անասնաբուժական ծառայություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրից օգտվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 400 ընտանիք։ 

Աջակցություն ուկրաինական հակամարտության արդյունքում մատակարարման շղթայի խախտման հետեւանքով տուժած փոքր ֆերմերային տնտեսություններին 

Վերջին տարիներին Հայաստանում գնալով նվազել է ցորենի արտադրությունը․ 2021թ․ այն հասնում էր 97000 տոննայի, ինչը 27 տոկոսով պակաս էր 2020թ․ ծավալներից։ Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից ներկրվող ցորենից, որը կազմում է ողջ ներկրվող ծավալի 99 տոկոսը։ Ուկրաինայում ընթացքող պատերազմն ավելի է սրել իրավիճակը երկրում՝ նշանակալիորեն նվազեցնելով ցորենի առկայության ծավալները։

Այս համատեքստում, հաշվի առնելով Հայաստանի կառավարության խնդրանքը, ՊԳԿ-ն նախաձեռնել է հրատապ աջակցության ծրագիր՝ ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով օժանդակելու աշնանացան ցորենի բարձրորակ սերմերի ներմուծմանը: Ծրագիրն առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին կտրամադրի բարձրորակ ցորենի սերմեր և անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվություն ցորենի արտադրության և կառավարման բարելավման վերաբերյալ: 

էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող կարիքների մանրակրկիտ գնահատման միջոցով Շիրակի և Գեղարքունիքի մարզերում աջակցության համար կընտրվեն մինչև 1000 անապահով ընտանիքներ։ Ցորենի տեսակների և գնման քանակի մանրամասն ցուցակներն ու բնութագրերը կսահմանվեն ՊԳԿ-ի կողմից՝ էկոնոմիկայի նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter