Աննա Վարդապետյան. «Գիտելիքներս հնարավորություն կտան արդարացնելու հանրային ակնկալիքն այս առաջադրումից»
«Առաջարկ եմ ստացել, մեկ օր ժամանակ եմ խնդրել մտածելու համար և համաձայնել եմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գլխավոր դատախազի` իշխանության թեկնածու Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտնեց, որ գլխավոր դատախազի թեկնածության պաշտոնում առաջադրելու է արդարադատության նախկին փոխնախախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին:
Վարդապետյանի խոսքով` իր առջև դրված պատասխանատվությունը շատ մեծ է պայմանավորված նաև այն հանգամանքով, որ երբևէ գլխավոր դատախազի պաշտոնում կին թեկնածու չի առաջադրվել:
«Այո, պատասխանատվությունն ահռելի է, և ես զգում եմ այդ պատասխանատվությունը, ու կարծում եմ` գիտելիքներս հնարավորություն կտան ինձ արդարացնելու հանրային ակնկալիքն այս առաջադրումից և նշանակումից: Պարոն Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018-ից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական ու ինքնավար դիրքում պահել: Կարծում եմ` քաղաքական թիմը կխոսի դեռ էդ մասին, էդ նշաձողը պետք է պահել ու ավելի բարձրացնել»,-ասաց նա:
Հարցին, թե վարչապետի օգնականի պաշտոնում աշխատելը հետագայում չի խոչընդոտի արդյոք իրեն, և կկարողանա անաչառ լինել, Վարդապետյանը վստահեցրեց` նշանակվելուց առաջ զրուցել է վարչապետի հետ այն մասին, թե ինչ է ակնկալում վերջինս իրավական հարցերով օգնականից: Ըստ Վարդապետյանի` Փաշինյանն ակնկալել է այլընտրանքային կարծիք:
«Ես արդեն երրորդ տարի է պաշտոնավարում եմ և պրոֆեսիոնալ և իրավաբանորեն անաչառ կարծիք եմ տալիս վարչապետին»,-ասաց նա:
Աննա Վարդապետյանի համոզմամբ` վարչապետ Փաշինյանն իրենից կաշկանդվածություն չի ակնկալելու:
Ինչ վերաբերում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և վերջինիս որդու վերաբերող քրեական գործին, որի մեղադրական եզրակացությունը, ըստ տեսանյութի, խմբագրել է ինքը, Վարդապետյանը վստահեցրեց` միայն մասնագիտական կարծիք է հայտնել գործի շրջանակում, որը որևէ մեկի համար չէր կարող պարտադիր լինել:
«ԱԱԾ-ն հիմք ընդունելով Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի հաղորդումը նյութեր էր նախապատրաստել, ես ինքս էլ մանրամասն բացատրություն եմ տվել: Սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը գտել է, որ արարքում հանցակազմ չկա: Ես բազմիցս նշել եմ, որ ինձ դիմում է եղել մասնագիտական որևէ քննարկում իրականացնելու էդ գործի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, հիմա էլ, երբ մարդիկ ունենում են իրավական որևէ հարցի շուրջ քննարկման անհրաժեշտություն, ես սիրով իմ մասնագիտական կարծիքն ասում եմ: Այդ կարծիքը երբևէ որևէ մեկի համար պարտադիր չէ ու չի կարող լինել»,-ասաց Վարդապետյանը:
Մեկնաբանել