HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբան. «Ցանկացած հասարակության 7-15 %-ը ունենում է հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ»

Նկատի ունենալով հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ մեր հասարակության ցածր տեղեկացվածությունը և դրա հետևանքով ձևավորված անհիմն կարծրատիպերը՝ որոշեցինք զրուցել  Երեւանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

-Պարոն Գասպարյան, ինչպե՞ս կարող է անհատը կանխել սթրեսի, դեպրեսիայի և տրավմայի առաջացումն իր կամ իր մերձավորի մոտ:

-Հոգեբանության մեջ կա այդպիսի ուղղություն, որը կոչվում է հոգեհիգիենա և հոգեպրոֆիլակտիկա: Բժշկական հոգեբանության մեջ դրանք այն առանձին  բաժիններն են, որոնք ենթադրում են որոշակի ապրելակերպ ընդհանուր կյանքում և ընտանիքում: Կա տարիքային, հղիության շրջանի, ծերունիների, դպրոցահասակների, ամուսնական զույգերի ու սեռական կյանքի հոգեհիգիենա, որոնք նպաստավոր են  և ուղղված են կանխելու մարդու մոտ հոգեկան առողջության խնդիրների առաջացմանը: Օրինակ` դպրոցի շենքի, ուսուցչի վարքի և վերաբերմունքի ձևը կարող են առաջացնել հոգեկան խնդիրներ:

-Ինչպե՞ս կարելի է նկատել, որ մարդու մոտ առկա են հոգեկան առողջության խնդիրներ, որոնք ենթակա են ուշադրության և կանխման:

-Խնդիրներն առաջանում են տարբեր մակարդակներում: Մի դեպքում դա կարող է առաջանալ հուզակամային ոլորտում, մյուս դեպքում՝ վարքի մեջ, միջանձնային փոխհարաբերություններում: Խնդիրը կարող է նաև հոգեկանի ներսում լինել. այն  տեսանելի չէ: Երբ խնդիրը բարդ է, արդեն տեսանելի է լինում: Օրինակ` մարդը մեկուսանում է, նրա շփումներում փոփոխություններ, վարքի մեջ մինչ այդ ոչ առկա և բնորոշ տարրերի ներմուծումներ են լինում: Մի դեպքում շրջապատը կարող է նկատել և անհանգստանալ, մյուս դեպքում մարդն ինքը կարող է անհանգստանալ:

-Ինչպե՞ս պետք է վարվեն շրջապատողները և ինքն անհատը նման խնդիրների առկայության դեպքում:

-Տարբերակներից մեկը սեփական ռեսուրսներին դիմելն է, իսկ մյուսը, բարդությունից խուսափելու համար, հոգեբանին դիմելն է:

Մեծ մասամբ մենք մեր դժվարություններն ինքնուրույն ենք հաղթահարում, և դրանք կլինիկական տեսք չեն ստանում: Ինքնուրույն հաղթահարելը ճիշտ է համարվում:

Մենք չենք կարող կանխատեսել, թե որ դեպքն ինչ հետևանք կբերի կյանքում: Ինչ-որ սխեմա չկա, որ ասենք, թե ով վիշտ է ունեցել կամ մարդ է կորցրել, ենթակա է դեպրեսիայի:

Սթրեսի, դեպրեսիայի, տրավմայի տարբերությունը և դրանցից որևէ մեկի ի հայտ գալը կախված է անձի անհատականւթյունից, տարիքից, կենսափորձից:

Միջազգային տվյալներով հաստատվում է, որ ցանկացած հասարակության 7-15 %-ը (անկախ սեռից, տարիքից, ազգությունից) ունենում է հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ: Որոշ հասարակություններում բարձրաձայնում են, իսկ որոշներում` ոչ:

Բոլորի մոտ էլ խնդիրներ կան: Մարդկանց մի մասը կարողանում է ինքնուրույն հաղթահարել, իսկ մյուս մասը (հենց այդ 7-15 %-ը) չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Եթե որևէ տեղ եղել է ծանր տրավմատիկ իրադարձություն (երկրաշարժ, աղետներ), ապա այդ տոկոսային հարաբերությունը կարող է հասնել 40-60 %-ի: Թեպետ դա կարող է միանգամից ի հայտ չգալ: Հավանական տարբերակներից մեկն այն է, որ կարող է տարիներ հետո ի հայտ գալ կամ նմանատիպ տրավմատիկ իրադարձության ժամանակ երևալ: Մյուս տարբերակի համաձայն՝ այն կարող է գենետիկորեն փոխանցվել: Կան նաև այլ տարբերակներ, բայց դրանք անհատական են: Տրավմայի վերապրումը շատ անհատական է: Կա տարբերակ, որ տրավման օգնում է հաղթահարել դժվարությունները: Պարտադիր չէ, որ այն վնասի: Կան տրավմաներ, որոնցով մենք սովորում ենք և ուժեղանում. չեն սպանում, այլ ուժ են տալիս:

-Իսկ ինչպե՞ս պետք է վարվել հոգեբանի և նրա աշխատանքի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու համար:

-Հոգեբաններին արդեն հասարակության մեջ առանձնացնում են, հոգեբույժի հետ չեն նույնացնում: Աղետի գոտում այդ խնդիրը հաղթահարված է, մեզ մոտ նույնպես:

Իմ ամենօրյա աշխատանքի արդյունքում ես այդ պատնեշը քանդում եմ: Եվ փաստ է, որ մեր կենտրոն շատերն են դիմում, ու լինում են 75-80 % դրական ելքեր:

-Ինչպե՞ս պետք է  վարվել հասարակության մեջ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խարանի վերացման համար:

-Բոլոր ժամանակաշրջաններում էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ խարան եղել է: Հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խարանի վերացման համար կա բազմաշերտ մոտեցում: Առաջինը հասարակության մեջ վերաբերմունքի փոփոխությունն է:

Երկրորդը առողջապահության նախարարության վերաբերմունքի փոփոխությունն է. առողջապահական համակարգի փոփոխություն է պետք: Այսօր աշխարհը միտված է կանխել հոգեկան առողջության խնդիրները. ոչ թե հոգեբուժություն, այլ հոգեբանական միջամտություն, ոչ թե հոգեբուժարաններ, այլ հոգեկան առողջության կենտրոններ:

Մյուս մակարդակը ընտանիքներն են: Երբեմն ընտանիքն ինքն է պիտակավորման հիմնական պատճառը: Օրինակ, որ թաքցնում է հոգեկան առողջության ինչ-որ փաստ: Հաճախ ընտանիքն իր վերաբերմունքով ու կոմպլեքսներով  դառնում է խարանի պատճառ:

Գոյություն ունի նաև անհատի մակարդակը: Անհատն ինքն էլ է իր վախերով դառնում խարանի պատճառ:

Հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են և պետք է նպաստեն հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խարանի վերացմանը:

Խարանի վերացման համար կարևոր է, որ լրատվամիջոցները հիմնվեն դրական օրինակների վրա և ոչ թե բացասականից խոսեն: Սխալ է այն տեսակետը, որ հոգեկան հիվանդությունը չի բուժվում: Սխալ է նաև այն մոտեցումը, թե հոգեկան առողջության խնդիրները վտանգավոր են: Միայն շիզոֆրենիայով հիվանդների շատ քիչ տոկոսն է, որ կարող է վտանգ ներկայացնել:

-Ինչքանո՞վ է արդյունավետ հասարակության մեջ հասարակության անդամների կողմից խարանի նվազեցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ:

-Մենք կարող ենք հոգեկան առողջության ոլորտում առաջընթաց ապրել: Մարդիկ հոգեբանին դիմելու վախեր և  կոմպլեքսներ չեն ունենա:

-Իսկ ո՞ր դեպքում կարող է հոգեկան առողջության խնդիրը դրդել ինքնասպանության:

-Ինքնասպանությունը նուրբ թեմա է, և դրա մասին խոսելով` մենք երբեմն դրդում ու մղում ենք ինքնասպանության: Լրատվամիջոցներով այն հրապարակելը, թերթերի առաջին էջերում այդ մասին գրելը աշխարհում տարածված է, և դա հաճախ մարդուն մղում է մտածել ինքնասպանության մասին: Պետք է զգույշ մոտենալ այդ թեմային: Համաշխարհային առողջապահության տվյալներով՝ ինքնասպանությունների մակարդակը Հայաստանում վերջին տեղերում է, ինչը լավ է: Ինքնասպանության պատճառներից մեկը կարող է լինել հոգեկան ծանր հիվանդությունը (կպչուն մտքերը):

Զրույցը վարեց Դիանա Բախշյանը

Լուս.՝ panarmenian.net-ի

Մեկնաբանություններ (1)

Jaloyan
Ա~յ քեզ բան: Հիշեցնեմ վիճակագրությունը: 90_ականներին գրանցված հոգեկան խաթարումներ ունեցող մարդկանց և ինքնասպանությունների թիվը համարյա կայուն է եղել, իսկ վերջին տասնամյակում՝ համարյա երեք անգամ աճել: Իհարկե, 90_ականներին վիճակագրությունը թերի էր, բայց այնուամենայնիվ... տեղի է ունենում մարդաբանական ձևափոխություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter