HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Շարժման վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր՝ հունիսի 16-ին, իրազեկման երթ են իրականացրել մայրաքաղաքում։

Սակայն, մինչ երթը սկսելը, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ անդրադարձել է այն հարցին, թե ե՞րբ է պարզ դարձել, որ ընդդիմության առաջորդն ինքն է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, հնարավո՞ր է, որ նա դառնա ընդդիմության վարչապետի թեկնածուն․

«Շարժումը սկսելու առաջին օրվանից հայտարարել եմ, որ ես այս շարժման և՛ զինվորն եմ, և՛ առաջամարտիկն եմ, և՛ պատասխանատուն եմ, և այս շարժման արդյունքների համար ունեմ և՛ քաղաքական, և՛ անձնական պատասխանատվություն։ Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա։ Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ Բոլոր որոշումների վերջնական պատասխանատուն ունի անձնավորված անուն ազգանուն»։

Ըստ Սաղաթելյանի՝ իրենք չեն հավաքվել Ֆրանսիայի հրապարակում առաջնորդներ փնտրելու, այլ հավաքվել են գաղափարի ու նպատակի շուրջ։

Նա նաև նշել է, որ մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։ Սաղաթելյանի հավաստմամբ՝ օգոստոսից հետո «Դիմադրության» շարժման գործիքակազմին կավելանա ևս մեկը՝ վարչապետի իմպիչմենտի գործընթացը։ Վարչապետի ընդդիմության թեկնածուի հարցը կքննարկվի այդ ժամանակ։ 

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջ այլևս այնտեղ չէր՝ Սաղաթելյանն ասել է․ 

«Արթուր Վանեցյանն իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել է այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ որևէ բան պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին դեռ չի ասել»։

Սաղաթելյանը հայտնել է, որ ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ Վանեցյանի հետ միասին անցել են: 

Երեկոյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից սկսել են իրենց իրազեկման երթը։ Հասնելով Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել է, որ սա այն շենքն է, որտեղ իրենց բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են հարուցվել։

«Թող նայեն բազմությանը ու գիտակցեն, որ ապօրինի կալանավորումներով, ապօրինի քրեական գործերով մենակ խայտառակ են լինում»,- ասել է պատգամավորը, որից հետո երթի մասնակիցները սկսել են վանկարկել՝ «Ամո՛թ»։ 

Շարունակելով իրենց երթը՝ ընդդիմադիրները կանգ են առել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի առջև։ 

«Եթե այս շենքում գտնվող մարդիկ գործեին օրենքի սահմաններում, հունիսի 3-ին մարդ ծեծող ոստիկանները հիմա լինելու էին բանտում: Պատկերացրեք՝ իշխանությունը ուր է հասել, որ այս կարևոր մարմնին ստիպում է չձերբակալել ոստիկանին, մեղադրանք չառաջադրել: 44-օրյա պատերազմի՝ մեր նորագույն պատմության աղետի մեղավորներին ձերբակալե՛ք, Նիկոլ Փաշինյանին ձերբակալե՛ք»,- եզրափակել է Վարդևանյանը։

Նշենք, որ հունիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հանրահավաք կիրականացնի։

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter