HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 114-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 114-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • ՄԱԿ-ի տվյալներով, հունիսի 15-ի դրությամբ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել է 4,5 հազար և վիրավորվել 5,5 հազար խաղաղ բնակիչ։
  • Եվրոպական հանձնաժողովը կիրականացնի Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման հայտի վերջնական քննարկումը։
  • Ռուսաստանն արդեն «ռազմավարական տեսանկյունից» պարտվել է Ուկրաինայի հետ պատերազմը՝ կրելով մեծ կորուստներ և ուժեղացնելով ՆԱՏՕ-ն։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադաքինը։ 
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացի գործընկերների հետ մշակում են Ռումինիայով Ուկրաինայից ցորենի արտահանման երթուղին։

The New York Times թերթը լուսանկար է հրապարակել Լիսիչանսկ քաղաքում եղբայրական գերեզմանից, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։

Փորված խրամատում կա մոտ 300 խաղաղ բնակչի մարմին, որոնք զոհվել են ապրիլի սկզբից ի վեր Սևերոդոնեցկի, Ռուբեժնոյեի և Լիսիչանսկի ռմբակոծությունների հետևանքով։ Մարմինները պարկերում են և թաղվում են եղբայրական գերեզմանում, քանի որ նրանք չունեն հարազատներ, որոնք կարող էին վերցնել և ինքնուրույն թաղել այդ մարմինները, գրում է պարբերականը։

Ուկրաինացի զինվորականները նշում են, որ փորելու հարմարանքներ ու գործիքներ չունեն, քանի որ ողջ տեխնիկան փոխանցվել է ռազմական խրամատների փորման համար։

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Նիկոլաև քաղաքը

Այդ մասին հայտնում է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Նրա տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն մեկ խաղաղ բնակիչ և ևս վեցը վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել է չորս բազմահարկ բնակելի շենք և մեկ ենթակառուցվածքային օբյեկտ։

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ. պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 322 երեխա

Առնվազն 581-ն էլ վիրավորվել է։ Ամենամեծ թվով տուժածները Դոնեցկի (301), Խարկովի (170) և Կիևի մարզերում են։

Ռուսական ռմբակոծությունների ընթացքում վնասվել է 2028 ուսումնական հաստատություն, որոնցից 209-ն՝ ամբողջությամբ։

Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովի ավազանում խոցել են «Վասիլի Բեխ» նավաքարշ շոգենավը։

Այն տեղափոխում էր «Տոր» զենիթահրթիռային համալիրը և Զմեյնի կղզում տեղակայված  մյուս զինատեսակները։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նավին հարված է հասցվել Harpoon հրթիռներով։ Նավաքարշ շոգենավը ՌԴ Սևծովյան նավատորմի կազմում ընդգրկվել էր 2017 թվականին։

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս նորությունը։

Google-ի դուստր ռուսական ընկերությունը սնանկության հայցով դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան

2021 թվականի դեկտեմբերին դատարանը Google ընկերությանը պարտավորեցրել էր վճարել ավելի քան 7,2 միլիարդ տուգանք՝ արգելված բովանդակության չհեռացման համար։ Մայիսին հարկադիր կատարածուները գործ էին հարուցել տուգանքի հարկադիր բռնագանձման մասով։

2022 թվականին դատարանը երկու անգամ ձերբակալել է «Гугл» ՍՊԸ-ի 500 միլիոն ռուբլու գույքը՝ որպես НТВ և ТНТ հեռուստաալիքների յութուբյան ալիքների արգելափակման դեմ հայցերի միջանկյալ միջոց։

Դրանից հետո ընկերությունը հայտարարել էր, որ կանխատեսում է սեփական սնանկությունը, քանի որ ՌԴ-ում իրավաբանական անձի բանկային հաշվի ձերբակալումը «անհնարին է դարձրել ռուսական գրասենյակի գործարկումը»։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter