HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ առաջնագիծը, որին այդպես էլ չհասա»

Ջրականում զոհված Դավիթի հոր՝ Գարիկ Վիրաբյանի նոթերը

Ժամկետային զինծառայող Դավիթ Վիրաբյանը 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրվանից իր զինակիցների հետ պահել է Ջրականի 300-րդ դիրքի մոտակա  բարձունքը, հոկտեմբերի 3-ին՝ վեցօրյա ինտեսիվ մարտերից հետո, Դավիթը իր 11 զինակիցների հետ զոհվել է։

Գարիկ Վիրաբյանը՝ Դավիթի հայրը, սեպտեմբերի 28-ին որդու հետ վերջին հեռախոսազրույցում ասել է, որ մտադիր է գալ առաջնագիծ՝ իր մոտ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Գարիկ Վիրաբյանը իր մեքենայով մեկնում է Ջաբրայիլ՝ այդպես էլ չկարողանալով հանդիպել որդուն։

Ջրական մեկնելու ամբողջ ընթացքը Գարիկ Վիրաբյանը նոթագրել է, որը ներկայացնում ենք առանց խմբագրման։


Երևան: Խնդրեցի Աստծուց, որ առաջնորդի միտքն իմ մարդկային ու ինձ՝ ոչնչիս տվեցի Նրան ու ինձնից փախա: Փախա, որ հանկարծ ինքս չգործեմ: Մի բան խնդրեցի իմ կամքով լինի՝ Աստուած իմ հանկարծ Քեզ չքարկոծեմ, չլինի մի օր որ Քեզ մոռանամ...

29.09.2020 - զանգ. 30.09 Ջաբրայիլ, մեքենայով մտա գունդ: Գունդն արդեն ռմբակոծված էր ու հիշեցնում էր վաղուց լքված զորամաս: Մարմնովս սարսուռ անցավ, նկատեցի կայանված մեքենաներ, մարդկային ոչ մի շունչ: Մտածեցի բոլորը դիրքերում են՝ սարսուռն անցավ (հաջորդ օրը հասկացա՝ ինչու էր այսպես): Գունդ մտնելիս ձախ կողմում մի շինություն կա: Այդ շինության կողքին մի մեքենա էր կայանված «кунг» մեքենայի հետևում՝ մեր դիմաց, մի քանի զինվորական, արկերի պայթյունի ձայներից պատսպարված, շվարած կանգնած էին: Կանգ առա, իջա մեքենայից, ու... բոլորը կարծես նույն դեմքով՝ անհասկանալի, անբնական, կարծես խուճապ էր՝ անշարժ խուճապ, տագնապ՝ ու լուռ տագնապ: Կապի մեքենա էր, ու այդ անբացատրելի իրավիճակում բոլորը ժամանակ առ ժամանակ հեռախոսներով խոսում էին, ու ինչ-որ մարտկոցի ու սարքի սպասում, բայց վախը, տագնապը ու բոլորի՝ իրար դեմքով հանդիպելուց խույս տալը ինձ սթափեցրին:

Ակնհայտ էր, որ նրանք այդ պահին գտնվում էին ոչ այնտեղ, որտեղ պետք է եղած լինեին, դա լսելի էր՝ տեսանելի: Լսելի էր՝ ախպեր տղեքը, տղեքին թող, մենք ուր գնանք...ախպե՛ր տղեքին մի ձև խաբար անենք...արա, ասի տղեքին,... գնա՛-գնա՛ տրաքի... դե լավ հեսա բերեն... ուշա մեկա... Բարևեցի ու չգիտեմ, ախպեր հեռու գնացեք, չգիտենք... Գնդի վերևի մասում նկատվում էր խաչը գլխին փոքրիկ մատուռ: Գնացի այդ ուղղությամբ՝ գնդի հարավային դարպասներն էին, բարձրացա մեքենան կայանեցի դարպասների դիմացի լայն ճանապարհին ու...սկսվեց: Այդ ժամանակ դեռ չէի էլ պատկերացնում՝ ինչ է պայթում գլխավերևումս ու ինչ է կատարվում մի քանի կիլոմետր հեռվում:

Սմե՛րչը, թաքնվե՛ք, մեքենան հանե՛ք,- լսեցինք ճանապարհով մեծ արագությամբ ընթացող բեռնատարի պատուհանից մինչև գոտկատեղ դուրս եկած վարորդի ջղայն ձայնը, որ խառնված էր արկերի հեռու ու մոտիկ տրաքոցներին: Մի քանի վայրկյան ու աչքերիդ առաջ թպրտացող սիրտդ հակառակ քո կամքին հանդարտվում ու ստիպում է քեզ առաջ շարժվել: Գնալով հեռվում լսվող տրաքոցներն ավելի ու ավելի էին տանում դեպի իրենց ու դառնում տեսանելի: Չգիտեի՝ ուր եմ գնում, միայն սիրտս էր աշխատում ու տանում առաջ:

Ճանապարհով զինվորական մեքենաներ էին ընթանում՝ տարբեր ուղղություններով, ու բոլորը տարբեր նշաններ էին անում, կարծես հասկացնելով, որ կանգ առնենք ու այդ պահին մի բեռնատար կտրեց ճանապարհս՝ կանգնեցի, (ու նորից հետո էի հասկանալու, թե որքան մոտ էի իմ առաջնագծին) ոչինչ չէր  լսվում, միայն ուր առանց զենքի արտահայտությունից հետո հասկացա, թե ուր եմ ուզում հասնել: Բեռնատարը շարժվեց ու փոշու մառախուղի մեջ մեկ այլ մեքենա կտրեց ճանապարհս՝ տղե՛ք, ոտի տակ եք ընկնելու, խանգարում եք, հե՛տ՝ առանց զինվորական համազգեստ, առանց զենք...հե՛տ:.. Թե ուր եմ ուզում հասնել, այդ սպան հասկացավ՝ հիմա եմ հասկանում նրա պատասխանը - ախպեր մենակ չես հերիքի, երեքդ էլ գրաժդանսկի, առանց զենքի, հե՛տ, տենում չեք էս ինչա կատարվում, հետ տղեք ջան, ախպեր պոլկից զենք ստացեք էկեք: Մեր երրորդ ընկերը Ստեփանակերտից էր՝ ընտանիքին տեղափոխել էր Հայաստան և մեր հետ վերադառնում էր: Ոտքի տակ չընկնելու ու չխանգարելու, չգիտեմ ում հրամանը տարավ ինձ Ստեփանակերտ, կամավորագրվեցինք ու նորից Ջաբրայիլ, գունդ՝ զենք ու համազգեստ ստանալու:

Ստեփանակերտից մեր մեքենայով երեք կամավորի էլ բերեցինք. այսօր գնդում մարդիկ էին երևում, դա երեկն էր, որ օդային տագնապի պատճառով բոլորին թաքցրել էր գնդի ապաստարաններից մեկում: Փնտրում էի մեկին, ով պետք է ինձ ու իմ նման մարդկանց, ովքեր մոլորվածի նման շրջում ու օդային տագնապի պահին մտնում էին ապաստարան, զիներ ու հագցներ: Չգտնվեց և ոչ մեկ: Հետո ապաստարանում գտնվող մարդկանց հետ խոսելուց պարզվեց՝  մարդիկ կան, որ մի քանի օր է՝ սպասում են: Բայց առաջին իսկ վայրկյաններից, տեսնելով այդ չգիտեմ ինչը՝ խուճապահար դեմքեր, դիակի դեմքով մարդիկ, քայլող դիակներ, վախից այլ ազգի դարձածներ, ու նկարագրելն անհնար է...կհասկանան միայն դրա միջով անցածները, հասկացա՝ պետք է ամեն ինչ անել ինքնուրույն ու մեկ անգամ ևս հիշեցի չգիտեմ ում տված հրամանը՝ ոտի տակ չընկնել, չխանգարել: Սիրտս տրաքում էր՝ (ոչ մեկ կարծես ոչինչ չէր անում՝ բոլորը սպասում էին): Լացս գալիս էր, ավելի ճիշտ լացում էի, լացում էի անձայն, անարցունք, գոռում էի անձայն ու ոչ թե այս ամենի համար, այլ մարդկանց՝ այն մարդկանց, ովքեր հարմարվել էին ու հարմարվում էին սպասելուն: Սպասելու ոչ ժամանակ կար, ոչ էլ պատճառ... մտա սենյակ, մի կին գրանցում էր: Ստեփանակերտում ինձ տված թուղթը տվեցի այդ կնոջը ու հարցրեցի՝ որտեղից եմ զենք ստանում: Կինը, որ ավելի տղամարդ էր, լուռ գրանցեց ու թղթեր տալով՝ ասաց՝ կողքի սենյակից համազգեստ ու զգեստավորված, դիմացի սենյակից՝ զենք: Համազգեստ, ուսապարկ ստացա, զրահաբաճկոն, սաղավարտ՝ այն ամենը, ինչի չլինելու պատճառով մարդիկ սպասում էին, պարզվում է կար՝ (կար առաջնագծերից մինչև գունդ բերող ճանապարհների երկանքով մեկ:

Առաջնագծից քայլով գունդ եկածների զրահաբաճկոններն ու սաղավարտներն էին, որոնց մեծամասնությունն էր այդպես հարմարեցրել ու այդ էր նրանց ուզածը, որ չլիներ, չստանան ու չգնան առաջնագիծ: Վախը, սարսափը, խուճապը դարձել էր նրանց ու նոր եկածների տուն հասնելու միակ ճանապարհը... ես էլ նրանցից մեկն էի, եմ, բայց ես, առաջ գնալուց բացի, տուն հասնելու այլ ճանապարհ չունեի): Մտա դիմացի սենյակ՝ զենք ստանալու, մի սպա էր ու մի քանի հոգի: Սպան արագ-արագ թղթեր վերցրեց, այդ մի քանի հոգու հետ դուրս եկավ, դուռը փակեց ու հեսա կգամ ասելով՝ գնաց:

Ժամից ավել սպասում էի ու տարածքը աչքով նայում, հարցնում, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր: Հեռվում նկատեցի մի շինություն ու այն սպային, որը հեսա գալու էր, որ զենք տա: Թղթի վրա, որը տվել էին Ստեփանակերտում, գրված էր հինգ հոգու անուն ու սպան ասաց, որ հինգով իրար հետ պետք է զենք ստանան: Երեքից երկուսը հրաժարվեցին զենք ստանալուց՝ ախպեր մեր ընկերները որտե՞ղ են, գնանք իրանց մոտ...

Զենք, փամփուշտ ստացա, ուրախացա: Մտա ապաստարան, մի քանի սպաներ կային, հարցրի, թե ոնց հասնեմ Կուբաթլուի զորամասի զինվորների դիրքերին, նորից այսահարվածի դեմքով տվին «չգիտեմ» պատասխանը ու ինչպես այդտեղի կարգն էր՝ անհայտացան: Նորից մտածեցի՝ խանգարում եմ, սպաներ են, խառն են, պատերազմ է, ամեն մեկն իր գործին է... Ապաստարանում հայտնվում էին մարդիկ, ովքեր մարդկանց էին ման գալիս, հասկացա, որ նրանք պատերազմի փորձ ունեցողներն էին ու ջոկատների համար հարմար տղերք էին փնտրում: Մեկին հարցրի, թե ոնց հասնեմ Կուբաթլուի դիրքեր, ասեց՝ ախպեր ես Ղարաբաղի կողմը գիտեմ, հարավից խաբար չեմ... Մեկը, ով ակամա լսել էր մեր խոսակցությունը, մոտեցավ, հարցրեց, թե ինչու եմ ուզում հենց այդ ուղղությամբ գնալ... պատասխանս լսելուց հետո այդ մեկը ասաց՝ ես այդ զորքերի հոգևոր սպասավորն եմ ու կօգնեմ...ասացի գնացինք, հարցրեց՝ ուր... ասացի դիրքեր, ժպտաց, ասաց՝ համբերեք, մեքենա կգա, կգնանք... ասացի՝ մենք մեքենայով ենք, գնացինք... դեմքը լրջացավ, հետո մեղավորի դեմքով ասաց՝ տղեք մի երկու ժամ աչք կպցնենք ու գնանք: Գնացինք աչք կպցնելու: Մի քանի մետր պետք է գնայինք, որ մտնեինք ապաստարան: Ապաստարանի մուտքի մոտ խառը աղբ էր կուտակված, մեքենան կանգնած, լսվում էր մեկի ձայնը... տղեք ջան էս մեծ կտորները գոնե բարձեք: (Բայց չէ էդ պահին կամ կարողա օդային տագնապ լինի, կամ արա էս մեզի ովա զենք տալի էթանք պոստի, կամ մենք ընդանրապես կապ չունենք ստեղի հետ. էս ով մեզ բերեց ու թարսի պես հենց ստեղ իջացրեց ...) ու այդ ընթացքում զինվորական համազգեստով, զենքը ուսին՝ սարկավագը բարձում էր մեքենան...

Որոշ ժամանակ հետո մտանք զորանոց՝ ապաստարանի վերևի հարկ, զորանոցում այլ պատկեր էր՝ հանգստացող ոչ ժամկետայիններ, ովքեր արդեն դիրքերում անցել էին կյանքի ու մահվան խաչմերուկով: Մի երկու ժամից աչքներս կպավ ու արթնացանք առավոտյան: Այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում, որ այդ քունը իմ վերջին խաղաղ քունն է, ու հետո պետք է իմանայի, որ մի երկու ժամ աչք կպցնող սարկավագի առաջին խաղաղ քունն էր 27-ից հետո: Լույսը բացվեց: Երևի արդեն հոկտեմբերի 2-ն էր:

Գնում էինք առաջնագիծ: Հեռվում նկատեցինք մեր քողարկված դիրքերից ու մոտեցանք: Տանկային դիրք էր: Մի քանի տեխնիկա կար՝ ճղներով քողարկված, ծառածածկ փոքր տարածք էր՝ զինվորների ապաստարան: Մեքենան կայանեցի ու մեքենայից դուրս գալուն պես հետևի երկու անվադողերը... Քիչ հեռվում երևում էին սպաներ, սակավագը մոտեցավ սպաներին: Երևի մեզ էր ներկայացնում՝ ովքեր ենք ու ուր ենք ուզում հասնել: Մոտեցանք, ծանոթացանք... Անվադողերը նորոգելու  համար ոչ մի հարմարություն չունեինք: Սպաները ասացին, որ կկապնվենք, վաղը ամեն ինչ կուղարկեն: Չնայած նրան, որ մեքենան այլևս կարևոր չէր՝ քողարկեցինք, տարածքի ապահովության համար: Կարևորը մոտեցել էինք դիրքերին ու էլ ոչինչ չի կարող համեմատվել իմ ներսի ուրախության հետ, որովհետև այդ ժամանակ վստահ էի, որ հասնելու եմ իմ առաջնագծին: Այս ամբողջ ընթացքում սարկավագը շրջում էր այդ տարածքում՝ զրուցում սպաների հետ, օրհնում զինվորներին:

Հետո պարզ դարձավ, որ այդ նույն ծառածածկ տարածքում քողարկված էին նաև (30 հոգուց ավել) Գորիսի моб-ից՝ ջոկատ էր, կարծես ամեն բան հուսադրող էր: Որոշեցինք, որ հենց առաջին իսկ պատահած մեքենայով շարժվենք: Ես ու ընկերս տեղավորվեցինք МОБ-ի մոտ, սարկավագը շրջում էր: Որոշ ժամանակ անց սարկավագն անհետացավ... տղե՛ք, ես գնալու եմ հարավ ու վաղը հետ կգամ ձեր հետևից, ամեն ինչ կարծես թե լավ էր՝ վաղը սարկավագը կգա, ու ես կհասնեմ իմ առաջնագծին:

Ամենուր լսվում էին պայթյուններ, ճանապարհներով ընթանում էին զինամթերք տեղափոխող մեքենաներ, ու այդ ամենը՝ հարավից մինչև հյուսիս, ողողված էր փոշով: МОБ-ի տղաների հետ կարծես թե մտերմացանք, խոսում էինք հիմնականում պատերազմից՝ ներկա իրավիճակից: Բոլորը Գորիսի տարածաշրջանից էին, ու շատերը ճանաչում էին միմյանց: Նրանք արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էին այդտեղ: Ըստ նրանց ասածի՝ զինկոմիսարիատով կցված էին այդ տանկային գումարտակին, ու չնայած որ ջոկատն ուներ ավագ, խոսակցությունից պարզ դարձավ, որ որևէ գործողության դեպքում կամ առհասարակ պետք է ենթարկվել գումարտակի հրամանատարին: Հետո խոսում էինք հնարավոր ու անհնարին սցենարներից՝ եթե օրինակ հակառակորդը մոտենա, որն է լինելու մեր գործողությունը, ինչպես կարելի է պաշտպանվել տվյալ տարածքում և նմանատիպ թեմաներ:

Պարզվում էր՝ տղեքը էդ մի քանի օրվա ընթացքում ամեն մեկն իր համար, թաքստոցից մի 30 մ հեռավորության վրա խրամաբջիջներ էին փորել ու փորում էին: Բոլորը կարծես լցված էին լավատեսությամբ, ու քանի որ մենք քաղաքի տղերք էինք, կարծես սիրտ էին տալիս, որ չվախենանք ու հանկարծ չխառնվենք, եթե որևէ բան պատահի: Դե ամեն ինչ պարզ էր՝ մարդիկ պետք է հասկանային՝ վստահելի են թեկուզ մեկ գիշեր մնացող նորեկները, թե... Ու մթնեց-մթնեց, բայց ձայներն ու լարվածությունը մնացին: Բնականաբար, տղերքը հերթապահում էին, բայց վաղվա գալուն այնքան էի սպասում, որ չնկատեցի՝ ոնց լույսը բացվեց...գիշերվա ընթացքում կարծես մի ամբողջ ապրած կյանքդ նորովի էր սկսվում՝ նոր իրականությունը որքան էլ որ նոր էր ու ցավալի, միանգամից տեսանելի երևաց:

Այս պահից հասկացա՝ զինվորը մենակ է մնալու, եթե արդեն մենակ չէ: 10-ով, 30-ով, 100-ով՝ փախուստ՝ խուճապահար, սարսափահար, անբացատրելի փախուստ, բայց մի տեսակ խեղճացած ու անճարությունից փախուստ, կարծես բոլորի աչքերի մեջ նույնը դաջված լիներ՝ մահ: Ջոկատի տղերքը կարծես հմտացած լինեին՝ գտնվում էինք մի խաչմերուկում ու ամեն փախչող խմբի մոտենալիս ուղղորդում էին նրանց, որ գոնե գնդի ուղղությամբ գնան: (Համոզում, խնդրում, աղաչում, ջղայնանում, որ գոնե փամփուշտները թողեք: Իրական դժոխքից փախչողներին «հասկանալ» ստացվում էր՝ միայն նրանց տեսքն ու տագնապած վիճակը բավական էր հասկանալու համար, որ դու դեռ պետք է անցնես նրանց անցածի միջով, որ կարողանաս գոնե պատկերացում կազմել, թե ինչու..., բայց «հասկանալ» այդպես էլ չստացվեց այն մարդկանց, ովքեր լիովին տիրապետում էին այդ իրավիճակին ու ոչինչ չէին ձեռնարկում):

Այստեղ այս օրերին նահանջ բառը նույնիսկ չի էլ հիշվել: Այստեղ փախչողների՝ մահից ազատվածների խաչմերուկն էր: Խումբ էր՝ մահից ազատվածների:

Խոսակցությունից հասկացա, որ տարբեր դիրքերից էին, ու հետդարձի ճանապարհին էին խմբվել: Նրանց ջուր էին տալիս, հանգստացնում ու ճանապարհում գնդի կողմ: Նրանցից ոմանք փորձում էին արդարանալ՝ չենք փախչում, գունդ ենք գնում՝ հանգստանալու, 4-5 օր է մարտի մեջ ենք, ոմանք էլ թե՝ ոչ էլ հետ ենք գալու, ոնց կռվենք հրետանու հետ, ավտոմատի կռիվ չէ և նմանատիպ արդարացումներ: Այսպես շարունակվում էր ամբողջ գիշեր, հերթական խումբն էր՝ մի քանի տղաներ, որ ավելի վատ վիճակում էին կարծես չէին էլ հավատում, որ փրկվել են, խուճապահար կանգնել էին ճանապարհից մի քիչ դուրս ու զենքը վրաս պահած՝ ասում էին՝ մի՛ մոտեցիր, ո՞վ ես, ովքե՞ր եք:

Զենքս վերև պահած խոսելով, հանգստացնելով՝ մոտեցա ու կարծես տղաները համոզվեցին, որ հայ եմ, նրանց տագնապը կարծես մեղմացավ ու ձեռքով ցույց տալով ուղղությունը՝ առաջ ընկա՝ ասելով, որ գան ջուր խմեն: Մեկը, ով գալիս էր ինձնից մի երկու քայլ առաջացավ նռնակի օղակը բռնեց ու... ովքեր եք, ուր եք տանում... այդ ժամանակ մնացածն արդեն մի քիչ հեռացել ու պառկել էին: Տղան, որ ձեռքում նռնակ ուներ, մոտ 22-23 տարեկան կլիներ, ասաց Կոտայքի МОБ-ից եմ, տղեքի կեսը էլ չկան, կեսն էլ գունդ են գնացել, գունդ ոնց գնամ:

Այդ ամբողջ ընթացքում ես մի ոտքով ծնկած էի նրա դիմաց ու զենքս երկու ձեռքով պարզել էի այնպես, որ նա կարողանա վերցնի ու հասկանա, որ թշնամի չենք: Խանգարված էր, շփոթված էր, իրական էր...հանգստացավ: Նույնիսկ այս իրավիճակում, երբ դիմացդ թշնամի չէ, այլ խելագարված եղբայրդ, ու չգիտես նա կքաշի օղակը թե ոչ, նայեցի չորս կողմս՝ բոլորը, այո բոլորը կարծես անհետացել էին, քիչ հեռվում լսվում էր միայն ընկերոջս ձայնը, ով զրուցում էր հերթական խմբի հետ:

Մի դեպք էլ եղավ, նորից նռնակ... սրա աչքերի մեջ չկար մահի դաջվածքը, սա անիրական էր՝ բռնել էր օղակից ու բողոքում էր՝ բողոքում էր ամեն ինչից՝ «ավտոմատի կռիվ չի»-ից մինչև «հրապարակում իշխանություններին գյուլել»...

Նրա հետ կամ ավելի ճիշտ ինքն էր միացել, մոտ մի 15 հոգի, նորից գունդ էին ուզում հասնել: Մոտ էի 4-5 մետր՝ ավելի մոտեցա ու մի տեսակ նայելով՝ ասացի՝ քաշի՛, արա ում ես սպասում, քաշի՛, մի ուշացրու, բա որ տրաքցնող էիր խի փախար, խի ընդեղ չքաշեցիր հետդ էլ մի քանի թուրք կտանեիր ու էդ ընթացքում արդեն ձեռքս տարել ու բռնել էի նռնակի օղակի մասից: Նայում էի նրա աչքերին ու հասկանում, որ սա սկի փախնող էլ չի, սա սկի չգիտի գնալն ինչա, որ մի հատ էլ ձև անի փախնի... երևի ինչ-որ բան հասկացավ ու նռնակը տեղավորելով՝ հետ-հետ անհետացավ: Մնացածը, որոնց միացել էր «կուսակցականը» (այդպիսինները հետո շատացան, հայտնվում էին տարբեր իրավիճակներում, վայրերում ու նրանց այդ պահին այդպես էի կոչում), շտապում էին, շտապում էին գունդ ու նրանց միջից նկատվում էր մեկը, ով ավելի անհանգիստ էր ու այդ ամբողջ ընթացքում ասում էր՝ ապե, բան չմնաց հասնում ենք, հեսա հասանք, էկեք, ես տեղը գիտեմ...նրա ձայնն էր միայն լսվում. նռնակի վտանգից հետո մի պահ հանգստացա ու հեռախոսի լույսը նրան մոտեցրի, որ դեմքը տեսնեմ, ուզում էի տեսնեմ, որովհետև թ՛ե ձայնը, թե՛ պահվածքը տարբերվում էր, տարբերվում էր նույնիսկ նրա տագնապը: Ժամկետային էր՝ 18 տարեկան, առաջին զինվորը, որին տեսա հետդարձի ճանապարհին, կարծես փոշու գունդ լիներ՝ աչքերը... որ չեմ մոռանալու մինչև մահ ամեն բան ասում էին... գրկեցի, փոշոտ թուշը պաչեցի ու նա շշնջաց... հոպար տղեքի կեսը գմփացին, հոպար սրանք սաղ փախան, հոպար ընկերներս մնացին, կտոր-կտոր էղան, մեր հրամանատարին էլ գմփցրին ու էդպես շշնջալով՝ կարծես հրաժեշտ տվինք իրար, մի 30 մետրի չափ հեռացել էին ու արդեն մթության մեջ հազիվ էին երևում... հոպար, լսվեց զինվորի բարձր ու մի տեսակ հրամայող ձայնը՝ գնում եմ, էն պադվալներում ինչքան հոպար տենամ, ասեմ՝ ք....ձեր լավը, հոպա՛ր, շուտ հասի քո ուզած տեղը, սաղ թռել են մենակ մենք ենք մնացել (մենքը զինվորների մասին էր՝ ժամկետային):

Երբ գրկել էի այդ զինվորին ու նա շշնջալով խոսում էր, ես էլ շշնջալով նրան ասացի՝ ով եմ և ուր եմ գնալու առավոտյան, ու նոր այդ ժամանակ կարծես նա էլ ինձ գրկեց ու այնպես թուլացավ գրկիս մեջ կարծես նոր թույլ տվեց, որ գրկեմ: Էլի եղան հիշվող պատմություններ... Լույսը բացվեց: Աստծուց խնդրեցի Իր կամքը լինի, ես անզոր էի, որ իքս գործեմ: Ջոկատի տղերքը խոսում էին, քննարկում գիշերվա կատարվածը: Ավագը ջոկատին ասում էր՝ տղեք, տեսաք ինչքան փախնողներ կան. տեսե՛ք հա, եթե գնացողներ կան, թող գնան, բայց այնպիսի իրավիճակ էր, որ նույնիսկ չքննարկվեց՝ բոլորը կանգնած էին ու սկսվեց քննադատությունների մի շարք, քննադատում էին փախնողներին. նույնիսկ հայհոյում այն մարդկանց, ովքեր կփորձեն փախչել, մի տեսակ հայհոյախառն երդման արարողություն էր:

Շատերը ճանաչում էին միմյանց ու մտածում էի, որ դա լավ է, նույնիսկ եթե տղերքի մեջ փախնող լինի՝ մեկը մեկի հարևան է, բարեկամի հարևան է, ընդհանուր ծանոթներ ունեին, ապա գոնե ամոթից չեն փախնի: Այս ամենը, ինչ կատարվում էր, անկեղծ ասած, չէի էլ ուզում տեսնել կամ լսել: Ներսս ուրիշ բան էր կատարվում, մտքով աստծու ու իմ ներքինի հետ այլ վայրում էի՝ կաղապարս էր այդտեղ՝ չէի կարողանում անել այն, ինչ ուզում էի, այլ անում էի այն, ինչը թելադրում էր պահը: Բայց վստահ էի, որ ինչ էլ լինի, հասնելու եմ իմ առաջնագծին...մի տեսակ հանգիստ էի՝ ոչ սովորական:

Լսվեց օդային տագնապ հրահանգը, բոլորը թաքստոցներում էին: Անօդաչու սարքերի ձայները մեկ մոտենում, մեկ հեռանում էին, ավելի լսելի էին դառնում տրաքոցները: Գնալով մեր հրետանու ձայները սակավանում էին, ամեն անօդաչուից հետո, մի քանի րոպեից ինչ-որ տեղ մի բան էր տրաքում: Այդ ամենը գնալով ավելի ու ավելի էր մոտենում: Սպաները, որոնք այդքան էլ չէին երևում моб-ի տարածքում, կարծես թե ստուգում էին տարածքը, ու մեկը գոռալով հրամայում էր, որ թաքնվենք: Ես ու ընկերս կանգնել էինք ծառի տակ՝ ապահով էր ու նայում էինք, թե ինչ է կատարվում. սպայական կազմի մոտ խուճապ չկար, այդտեղ գտնվող զորքը պատսպարված էր: Հասկացա, որ այդ սպայի անհանգստությունը моб-ն էր, այդ ընթացքում մեզ էին մոտեցել ջոկատի ավագը և մեկը, ով ավելի ակտիվ էր: Սպան, որ քիչ հեռվում ծառերի տակից հետևում էր անօդաչուին, դուրս եկավ ծառածածկ տարածքից ու մեզ նայելով հրամայեց՝ ումը М-ա կրակեք՝ տեսել են, տեղներս արել են... Առանց 1 վայրկյան մտածելու զենքս լիցքավորեցի ու դուրս եկա ծառերի միջից: Ընկերս ու այն ակտիվը սկսեցին կրակել, աչքս ընկավ ավագին՝ խուճապահար, զենքը վերև պահած անհասկանալի շարժումներ էր անում ու կարծես հասկացնում էր, որ զենքը չի աշխատում: Զենքդ պինդ բռնի՝ ապահովիչ փականը բացեցի, լիցքավորեցի իր իսկ ձեռքերի մեջ ու...

Ու նորից սիրտս տրաքում էր. моб-ի ավագ, ով չգիտեր զենքի օգտագործման ձևը, կամ խուճապից էր ու այդ օրերի ընթացքում գոնե չէր էլ մտածել, որ մի օր կարող էր կրակել: Ու սկսվեց: Ռմբակոծում էին՝ հրետանի, անօդաչու, ինքնաթիռ... մեզանից 30-40 մետր հեռավորության վրա գտնվող քողարկած տեխնիկան: Տանկը, որը հետ էր քաշվել լիցքավորվելու համար, դեռ տեղ չհասած՝ ոչնչացվեց: (Տանկ, որի հրամանատարի հետ դեռ ճանապարհ էի անցնելու պատերազմից հետո): Արկերով բեռնված մեքենան մեկ ժամից ավել տրաքում էր: МОБ-ի տղերքի մոտ խուճապ էր հասկացա, որ գնում են, էլ փախուստ չկար՝ արդեն նահանջ էր, որոշում էին՝ որ ուղղությամբ «նահանջեն»: Տղեք 5 րոպե առաջ ուրիշ տղերք էիք՝ փախնողների հասցեին ամեն ինչ ասում էիք՝ ձեզ ինչ պատահեց... մեկը, արցունքն աչքերին, ասում էր, որ տարիքով է, մեկը թե ոնց կռվեմ, ում հետ՝ սնարյադի, մեկը թե բա «էն անգյունը Արայիկի արտերն ա բա խի չի պահում... մեկը բա էն անգյունը Մելովինն ա մնամ իրա հողերի հետի սնարյադի փայ տեռնամ, ովա քնալու իմ տունը պահի»... Ու շատ նման խոսակցություններ:

Երկու հարազատ եղբայրներ կային, շփոթված կանգնել էին ու սպասում: Սպասում էին ավագին, որպեսզի հասկանան, թե որ ուղղությամբ պետք է նահանջեն: Տղե՛ք, գնում եք հարցրի...չգնանք՝ մնում ենք. եթե մնում եք, որոշեք, մնում ա մեկդ...չէ, եթե մնանք ուրեմն երկուսով...դե ուրեմն երկուսով էլ գնացեք, գնացեք: Եթե այստեղից գնալու տեղ ունենք, ապա միայն առաջ, ու ձեռքով ցույց էին տալիս թշնամու կողմը՝ այդպես էր մինչև այս պահը. ավագը կանգնել ու նայում էր մեզ՝ տղերք գնում ենք հետ ու մի հարմար տեղ դիրքավորվենք՝ գնացինք ու այդ պահին, մեկը, ով միակն էր այդ ջոկատից, որ մնացել էր մեր կողքին, կարծես հասկացավ՝ մի վայրկյան ևս ու ես չէի տիրապետելու իրավիճակին՝ ձեռքով պինդ բռնեց ուսիցս՝ հանգստացի, թող գնան, ոչինչ չանես... ու երեքով մնացինք այդ փոսում նստած:

Կյանքումս առաջին անգամ էր՝ պատերազմ էր, իրական է ու բոլորը փախան՝այո փախան՝դա փախուստ էր, դա նահանջ չէր որովհետև փախան մենակ թողնելով ոչ թե մեզ, այլ մեզանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող զինվորներին ու հրամանատարներին՝ Հայկական բանակի 18-20 տարեկան տղերքին: Ու նրանց փախուստն էր, որ կոտրում էր հայ զինվորի ողնաշարը...

Մինչև ուշքի էինք գալիս, մեր գլխավերևում հայտնվեց սպաներից մեկը և  ժպիտով ասաց՝ տղե՛ք մնացիք, տղե՛ք էկեք... բարձրացանք մեր փոսի վերևում գտնվող թաքստոց, էլի մի քանի սպաներ կային: Սպաներից մեկը հանեց հեռախոսը ու ասաց՝ նկարվենք, մեկ էլ Աստված գիտի՝ ինչ կլինի, մեկ ա մի խրամատից ենք՝ մնացինք... Սպաներն անցան իրենց գործին: Այդ օրը ես պետք է շարժվեի առաջ, սպասում էի սարկավագին, ուշանում էր: Այս ամբողջ ընթացքում ռումբերի պայթյունը չէր դադարում, սպաների գործողություններից հասկանում էի, որ ինչ-որ բան է կատարվում, նորից հետո էի հասկանալու, թե ինչու էր այդ պահից ինձ «արգելվելու առաջանալ»...նստած էինք թաքստոցում ու սպասում էինք: Հանկարծ նկատվեցին մարդիկ, ովքեր այս ու այն կողմերից լցվեցին թաքստոց. ջոկատ էր՝ կային վախեցածներ, կային տարօրինակներ...մեկը թե բա ես ձեր հրամանատարն եմ...հարցրի՝ բա ով որոշեց, որ դու իմ հրամանատարն ես...թե բա՝ ոչ մեկ չորոշեց, տղեքը ջեբս քցեցին հրամանատարությունը, չտեսա՞ր...(բոլորից տարբերվում էին իրենց մաքուր համազգեստներով, իսկ «հրամանատարը»՝ զենքի վրայի նշանառու սարքով: Ներկայացավ՝ ով է, որ ջոկատից է... Նրան տվեցի կարճ պատասխան՝ այստեղ, որտեղ մենք ենք, կա հրամանատար՝ Հայկական բանակի հրամանատար, և թողնելով նրանց այդ թաքստոցում իջանք մեր փոսը):

Փոսում մոտ 15 մարդ կար՝ «հրամանատարի» ջոկատից: Տարբեր տարիքի, մեկը՝ սփրթնած, մեկը՝ վախեցած, մեկը՝ տագնապած...տեսա մեկին, ում Ստեփանակերտից իմ մեքենայով բերել էի Ջաբրայիլ, լավ էր գոնե մի քանի օրվա մեջ տրամադրվել ու դուրս էր եկել գնդի նկուղից, նրան հասկանալ ստացվում էր՝ տարիքով էր: Զրուցեցինք ու բանից պարզվեց, որ ինձ ու ընկերոջս գնդի նկուղից տերտերն էկել ու փախցրել ա՝ մեր մեքենան նույնիսկ Երևանի ճանապարհին են տեսել: Հայր և որդի կային՝ աժդահաներ, հայրը վատառողջ էր՝ զգացվում էր, որդու հետ էր: Որդին գնդացրով էր, բայց հետ էին գնում (ու նորից հետո պետք է հասկանայի, թե այդ ջոկատը որտեղ պետք է դիրքավորված լիներ, ու եթե տեղում լիներ...շատ բան այլ կերպ կլիներ): Եթե հետ եք գնում գոնե ձեր միջից ավագ ընտրեք... փոսից վերև՝ ծառերի տակ, երեքով պառկեցինք... Նրանց միացավ թաքստոցի «հրամանատարն» իր տղերքով: Ջոկատը կարծես համալրվեց ու տղերքը բռնեցին հետդարձի ճամփան:

Ընկերս պառկած, հանգիստ ասաց՝ գոնե լավ զենքերը թողեք, նոր գնացեք: «Հրամանատարը» նռնակներ տվեց, ու եթե մնում եք ուրախությամբ օգտագործեք... ու գնացին: Գնացին, եթե կարելի է այդպես ասել, բայց ոչ՝ ուղղակի փախան, փախան, այո փախան: Փախան ու նորից հերթական անգամ թողեցին զինվորին մենակ...Նման «ջոկատավարների» շնորհիվ է, որ գոնե գրագետ նահանջ չունեցանք, այլ դարձավ փախուստ՝ համատարած փախուստ ու վերջում դրա անունը կդնեն՝ գիտեք քանի հոգի փրկեցինք ...

Օրը մթնում էր՝ լսեցինք, որ շտաբի պետ Մաթոսին անօդաչուն խփել է, սարկավագը նույնպես նրա հետ է եղել: Ամեն ինչը կատարվում էր շատ արագ, ու ամեն վայրկյանը տարբերվում էր: Զինվորները վառելիք էին տեղափոխում՝ շշերով: Նրանք առաջնագծից էին՝ իմ առաջնագծից ու ինձ ճանաչելուց հետո բոլորը կարծես ուրախանում, բայց անհայտանում էին, անհայտանում էին, որպեսզի ինձ չտանեն՝ դա էլ հասկացա հետո: Մթնեց, ամեն բան ավելի ու ավելի էր սաստկանում: Մարտի դաշտից ու ռմբակոծումից փրկված զինվորներին սպաները բերում էին մեր փոս՝ ապահով էր: Շփոթված, խելագարված, այո՛, խելագարված զինվորներ:

Սպաները հասկացել էին, որ մենք առաջանալու ենք, մանավանդ որ սարկավագն էլ, ով պետք է մեզ տաներ, վիրավորվել էր (այդ ժամանակ գիտեինք՝ Մաթոսի հետ զոհվել է): Զինվորը, ում սպան բռնել ու վայրկյանը մեկ ուշքի էր բերում, ամեն անգամ ուշքի գալուց հիշում էր անցած դժոխքը ու նորից... Մոտեցա, ձեռքին՝ մատների վերևի մասում, խաչ էր դաջված, մի խաչ էլ ինչպես բոլոր բանակայինների, այնպես էլ նրա զգեստին էր փակցված... «Խաչդ տեսնում ես, նայեց դեմքիս... հոոո պա ա ար... Սպաները, զգալով, որ ապահով են զինվորները, անցան իրենց գործին:

Այս գիշերը երկար էր՝ զինվորներն արդեն գիտեին, որ մենք պետք է առաջանանք ու կարծես ուզում էին ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել՝ տղեք ում եք ուզում բան ասել ու չեք կարում՝ ինձ ասեք ամեն ինչ լավ է, ու նրանք էլ գիտեին որ մենք իրենցից մեկն ենք, բայց հմտությամբ նորից ոչինչ չասացին (խելագար զինվորներն այնքան էին խելագարված, որ խնայում էին ինձ, պահում իրենց կողքին):

Այնքան էին փախնող հոպարներ տեսել, որ իմանալով նույնիսկ, թե ովքեր ենք, ամբողջ գիշեր ձայն էին տալիս՝ հոպար, ու լսելով մեզ՝ նորից քնում: Քնի մեջ խոսացող զինվորը կրկնում էր՝ փախան, սաղ փախան, МОБ, աֆիցեռ սաղ փախան ու մղձավանջի մեջ տալիս էր զոհված ընկերների անունները... Վեր թռավ, նրա հետ ևս երկու հոգի, ու կարծես մոռացել էին, որ փրկվածներից են, ու նորից էին ուզում փրկվել (հետո իմացա, որ նրանցից երկուսը անհայտ կորել են, մեկը հոգեբուժարանում է):

Օրերն անցնում էին մեկ ակնթարթի նման... Այսօր հոկտեմբերի 3-ն է՝ ՕՐ, որից սկսվեց իմ կյանքը, ես այդ օրը ծնվեցի կրկին՝ թշնամուս գնդակը չէր վրիպել՝ Աստուած այդ օրը ինձ ընտրելու փոխարեն՝ ընտրեց ինձնից Մեծին՝ ընտրեց Դավոյիս (հանուն): Աստուած այսպես խնայեց ինձ՝ իմ կյանքը, նոր կյանք, որ այսօրվանից տրվեց ինձ ապրելու, ապրելու հենց դժոխքում. երբ զինվորներին ինչ-որ բան էիր հարցնում, հասկանում էիր, որ զինվորը ժամանակ չունի, ու դու նրա համար հերթական «հոպարն» էիր, որ առաջին իսկ պայթյունից հետո լքելու էիր նրան ու ընկերներին, զինվորը գիտեր իր գործը՝ 18 տարեկան փոքրամարմին հսկաներ՝ ԴՈՒՔ անցաք Անդրանիկներին, Նժդեհներին, Չաուշներին, Դրոներին, Մոնթեներին ,Վազգեններին, ԴՈՒՔ գերազանցեցիք բոլորին, այո բոլորին, բոլոր Զորավարներին, ԴՈՒՔ դարձաք նրանց ամբողջական մարմինը, կերպարը, ԴՈՒՔ մնացիք Զորք, Բանակ, ԴՈՒՔ ցույց տվեցիք Հայ մնալու ճանապարհը ու Ձեր տեսակից բացի, բոլոր տեսակի հայերի ոչնչությունը, ԴՈՒՔ գերադասեցիք զենքը ձեռքին «մահը»՝ որն է անմահությունը, փախնել «ապրելու» փոխարեն: ԴՈՒՔ ցույց տվեցիք ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈԳԻՆ, Ձեր ՄԵԾ անհատականությամբ ԴՈՒՔ դարձաք մեկ մարմին՝ Բանակ, ԴՈՒՔ դարձաք Որդիների բանակ, ԴՈՒՔ կռվում եք Ձեր աչքի առաջ զոհված հրամանատարներիի ու ընկերների արյամբ շաղախված, նրանց մարմինների կտորներով ողողված խրամատներում, ու դժվար թե որևէ մեկը կարողանա Ձեզ իջեցնի այդ Բարձունքներից: (Վաղը Ձեր Ծնողներն այդպես էլ չեն պատկերացնելու անբացատրելին՝ վշտից խելագարված հայրերը սկսելու են մեղավորների ու դավաճանների քարկոծում, վշտից և իրեց որդիների կորստին չհավատացող մայրերը, խելագարված քույրերն ու եղբայրները,...վախենում եմ, որ դառնալու են, փորձելու են դարձնել մեր ներքին քաղաքականության շահարկումների թիրախ: Այդ գարշահոտն արդեն իսկ գալիս է: Պատերազմի դաշտում Զինվորը գիտակցում է այս ամենի լրջությունն ու վտանգը:

Այսօր հոկտեմբերի 3-ն էր՝ Օր, որից սկսվեց համատարած նահանջ: Լույս առավոտյան գրավել էին «Մաթոսի» բարձրունքը՝ իմ առաջնագիծը, որին այդպես էլ չհասա: Անանուն բարձրունքը, որտեղից 6 օր շարունակ ոչնչացվել է թշնամու ցանկացած ուժ, դարձավ Նոր 300-ը՝ դիրք, որի անկումը դարձավ որոշիչ ողջ հարավային թևի և Հայաստանի համար (Արցախի և Հայաստանի միջև սեպ խրողներին գնդակահարե'լ, առանց մեկ վարկյան մտածելու):

Դավիթ Վիրաբյանի և 11 զոհված զինակիցների պաշտպանած  բարձունքը․Գարիկ Վիրաբյանի գրաֆիկական քարտեզագրումը

Բարձունքում դիրքավորված զինվորներն այնպես են կռվել, որ թշնամին իր հատուկ ջոկատայիններով ու վարձկաններով գրավելուց հետո անակնկալի է եկել՝ տեսնելով 18-20 տարեկան զինվորներին, հատուկ ստորաբաժանումների փոխարեն: Այս մասին պատմում էր գերությունից ազատված զինվորը... «Հոպար դրանք գիտեին՝ մենք սպեց ենք, վեց օր խելռցրել ենք, ինչքան գալիս էին, փռում էինք գետնին, լիքը ինչքան ուզես, ամսի էրկսին Դավոն ու Հակոբ արնոտ էկան՝ ասեց էլ չէք նայում տանկա, թե պեխոտ՝ ֆագոտով մխում էք: Հոպար Դավոն գիտեր, որ Մաթոսին խփած, մեզի չասած, որ դուխներս չքցինք. էդ գիշեր ասի Դավո, արեք մի սար հետ էթանք՝ վախմի հոպար, մեր դեմի տղեք արդեն հետ քաշված ին, մենք ինք իրանց պահած, որ հետ էթան: Դավոն գնաց Ղուշունցի մոտ, էկավ, ասեց՝ մնում ենք, էս գիշեր էլ պտի դիմանանք... »:

Ամսի 5-ին մեր դիրքեր եկան հատուկ ջոկատայիններ: Գումարտակին, որը պատսպարված էր ծառածածկ տարածքում, փոխարինելու: Գումարտակի հետ նահանջեցինք: Նահանջել էին նաև 300-ի տղերքը: Իմացանք, որ զինվորներին տարել են Կուբաթլու՝ զորամաս: Ծառի տակ կանգնած մեքենայի անիվներն էինք փորձում նորոգել, երբ մեզանից մի քանի կիլոմետր առաջ՝ որտեղից հետ էինք քաշվել լսվեցին պայթյուններ, թշնամին գրավեց նաև այդ դիրքը: Մեզ էր մոտենում մեքենան քիչ հեռվում կայանած մի տղա՝ հատուկ ջոկատային էր՝ Հենզելը, Շամշադնեցի, օգնեց, զրուցեցինք, կատակեցինք, ծիծաղեցինք (6 ամիս անց իմացա, որ դա Հենզելի վերջին օրն է եղել այս կյանքում՝ նա էլ միացել է անմահների զորախմբին):

Մինչև ծառի տակ հասնելը մենք եղանք Ջաբրայիլի գնդում՝ մերն էր, Առաջամուղ կոչվող ավանում, որը սպաների բնակավայր էր, արդեն սկսվում էր թալանը, կանգ առանք, հույս ունենալով, որ կգտնենք մեկին, ով իր տանը կլինի ու մեզ կօգնի անիվների հարցում: Ոչ մեկը չկար: Մտա մի տան բակ՝ մեքենա էր կայանած, անսարք էր, չբացեցի ոչ մի դուռ, բակում մանկական հեծանիվներ կային ու այդ հեծանիվների կողքին նկատեցի կանաչ գույնի ոտքի անսարք «насос»: Վերցրի հետս, թեկուզ և անսարք էր: Մի քանի տուն այն կողմ մեքենա կար կայանած, մոտ 400 մետր՝ թալանչիներն էին, զենք չունեին: Ինձ տեսնելով՝ արագ նստեցին մեքենան ու հեռացան: Ընկերս մի քանի նուռ էր պոկել մի տան այգուց, նույնիսկ դրա համար վիճեցինք ու շարժվեցինք:

Ծառի տակից եկանք Հավսլու կոչվող մի ավերակ վայր, որտեղ պատսպարվել էր զորքը: Այդ տարածքում էր գտնվում ամբողջ МОБ հասկացողությունը: Այդտեղ մարդիկ չէին էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում ու կատարվել: Կանգնեցի մի խաչմերուկում, որի մի ճանապարհը տանում էր Կուբաթլու-Գորիս, իսկ մյուսը՝ Արցախ: Բոլորը Գորիս տանող ճանապարհն էին փնտրում, հարցնողներին ցույց էի տալիս միայն Արցախի գյուղեր տանող ճանապարհը:

Շարժվեցինք դեպի Կուբաթլու՝ զորամաս: Չեմ էլ նկարագրում՝ ինչ էր կատարվում, միայն հասկացա, որ ինձ տեսնողները խուսափում են ինձանից, զգում էի, զգացել էի դեռ փոսում, խելագար զինվորների հետ: Զորամասում ինձ ասացին, որ իմ փնտրած գումարտակը դեռ ծառի մոտից չի եկել (խաբեցին, որ հեռանամ): Վերադարձանք Հավսլու՝ նույն խաչմերուկ: Օրը մթնում էր, որոշեցինք հենց այդտեղ էլ գիշերել՝ մեքենայի մեջ: Լուսադեմին մոտ 150 հոգանոց մի ջոկատ էր անցնում: Կանգնեցին մեքենայի մոտ ու մինչև ուզում էին հասկանալ՝ մարդ կա մեքենայում, թե ոչ, դուռը բացեցի, իջա... նորից անգույն մարդիկ, նրանց մեջ կար նաև մի դերասան՝ գույնը գցած էր, աչքերը սառած, երևում էր ինչ-որ մի բանից փրկված էին: Ինչպես հետո ասում էր սարկավագը՝ ռազմական մկրտության փուլում էին: Հարցնում էին Գորիսի ճամփան ու ինչպես որոշել էի ցույց տվեցի Արցախի գյուղեր տանող ճանապարհը՝ ասելով, որ մի գուցե ձեր փնտրած խաչմերուկին դեռ շատ կա, շարժվեցին դեպի Արցախ: Նրանցից մեկը մոտեցավ ու ասաց՝ տղեք կլինի մնամ ձեր մոտ, երկու օր է՝ ստեղից ընդեղ գնալով գժվեցի. Տիկոն է, էջմիածնեցի, մնաց:

Սպաներից մեկը ասաց, որ երեք զինվոր, որոնցից լուր չկար, արդեն երեք օր, զանգել են ու գտնվում են ինչ-որ մառախուղի մեջ: Փոսում մնացած երեքով բարձրացանք դիմացի սարը՝ մեր հետևից եկավ մեզ նոր միացած տղան: Սարից պարզ երևում էր մի բարձունք՝ միակն էր, որի գագաթից մառախուղ էր իջնում: Ուղիղ գծով մոտ 5-6 կմ կլիներ: Շարժվեցինք առաջ: Մոտեցանք մեր դիրքերին՝ Արավուս գյուղի ջոկատն էր: Ծանոթացանք, տեղեկացրինք, որ գնում ենք Ջաբրայիլի գնդի վերևի սարը, որի գլխին մառախուղ էր, ու չգիտենք՝ որ ուղղությամբ ենք հետ գալու, նշանաբան որոշեցինք և առաջացանք (ու նորից հետո էի իմանալու, որ իմ փնտրած գումարտակը մի քանի մետր է հեռու):

Ճանապարհին արդեն կապնվել էինք զինվորների հետ ու ասել, որ իջնեն այնքան, որ մառախուղից դուրս գան: Զանգեցին, թե մառախուղից դուրս ենք եկել ու մեզանից ձախ՝ ներքևում, տեսնում ենք գունդը ու գնդում կրակոցներ ենք լսում: Հասանք մի բարձունքի՝ մեզանից աջ, ներքևում երևում էր գունդը: Գնդի վերևի բարձունքում թեժ մարտ էր ընթանում: Մեր դիմաց՝ աջ կողմում, փոքրիկ բլուր էր, որից մի քիչ առաջ և աջ մառախուղով սարն էր: Ես ու նորեկ տղան մնացինք տեղում, որպեսզի գնդի կողմից եկող ճանապարհը հսկենք, տղերքն առաջացան դեպի փոքր բլուր, որտեղից ավելի լավ կարող էին զինվորներին ուղղություն տալ:

Կրակոցներից ու տրաքոցներից Տիկոն շփոթվել էր: Տիկո ջան, հանկարծ չխառնվես, որ կրակեն կամ մի բանով խփեն, չվազես, կպառկես այ ստեղ: Տիկոն հասկացավ, բայց գույնը ամեն ինչ ասում էր, կարևորը չէր թաքցնում վախը ու անընդհատ կրկնում էր՝ ախպեր դե կսովորեմ էլի, ախպեր դե առաջին անգամ ա կընտելանամ, ախպեր կարևորը ջոգում եմ, որ չեմ փախնի: Այդ ընթացքում տղերքը իջել էին ու աննկատ փորձում էին բարձրանալ մեր դիմացի բլուրը: Տիկո աչքդ չկտրես տղերքից, ինչ էլ լինի աչքերդ չորս արած կնայես: Տիկոյին տեղավորեցի այնպես, որ աջ կողմից նկատելի չլինի ու ես առաջացա դեպի աջ, որտեղից լավ երևում էր աջս ու դիմացս: Տղերքը արդեն հասնում էին բլրի գագաթ, երբ հրետանին խփեց: Արկը պայթեց տղերքից մոտ 30 մետր հեռավորության վրա: Տղերքը լավ են, ես վազեցի Տիկոյի մոտ՝ Տիկո, Տիկո: Տիկոն համարյա կքանստած վազում էր այն փոսի շուրջ, որը նրան ցույց էի տվել: Տիկոն, ինձ տեսնելով, ուշքի եկավ, բայց գույնը, գույնը անգույն էր... չփախա ախպեր դրանից էի վախում: Ամեն ինչ անցավ բարեհաջող: Վերադարձանք Հավսլու՝ այն խաչմերուկ, որտեղից կար երկու ճանապարհ, Արցախի գյուղեր և Կուբաթլու-Գորիս խաչմերուկ (Խաչով կալցևո):

Ես ու ընկերս շարժվեցինք դեպի Կուբաթլու՝ զորամաս: Զորամասում գտնվելը մի երկար պատմություն է: Զորամասի նկուղներում զինվորներից շատ բան լսեցինք ու տեսանք, փնտրում էի ու փնտրում, բայց մի տեսակ հանգիստ էի՝ անբացատրելի հանգիստ: Նորից խուճապ էր, խառնաշփոթ: Զինվորները գերադասել էին ապաստարանը, բայց զինվորներից էլ ավելի խուճապահար էին ապաստարանների սպաները, ովքեր զինվորներին «փրկելու» պատրվակով թողել էին ոչ միայն առաջնագիծն ու իրենց զինվորների մարմինները, այլ իրենց հրամանատարին, որը այս պահին կանգնած է խրամատում: Երկու օր առաջ զորամասում ավելի հանգիստ էր: Մթնում էր: Մի քանի կամավորներ կային զինվորների հետ, նրանք էին հերթապահում: Նորից ոչ մեկ ոչինչ «չգիտեր», ու նորից բոլորը խուսափում էին ինձ տեսնելուց: Մեքենան անսարք էր՝ Կուբաթլու էի հասել անվահեծերի վրա: Որոշեցինք մի կերպ հասնել Գորիս՝ մեքենան մի բան անելու: Մի կերպ հասանք Գորիս - Կուբաթլու - Ջաբրայիլ խաչմերուկ. եթե Ջաբրայիլ, ուրեմն մնում ենք առանց մեքենայի, թեքվեցինք դեպի Գորիս ու անվահեծերը պոկվեցին: Փառք Աստծո գտնվեց մի ընկեր, ով օգնեց, և մի քանի ժամ հետո ավտոքարշակով արդեն Երևանում էինք:

Մեքենան փոխեցի ու վերադարձանք. ամսի վեցն էր՝ հոկտեմբերի: Կուբաթլուի զորամասը կարծես դժոխք լիներ. բոլորը բոլորից անտեղյակ էին, վեջապես մի սպայի տեսանք՝ «զամպալիտն էր»: Կապի միակ միջոցը հեռախոսն էր, սկզբից սպան խուսափում էր, հետո իմանալով՝ ով եմ՝ անհայտացավ: Այս ամբողջ ընթացքում առաջնագծից փրկված զինվորները նկուղից դուրս չէին գալիս, մի քանիսը մեկ-մեկ դուրս էին գալիս ծխելու:

Վախը, տագնապը, ամոթը, մի խոսքով ամեն ինչ խառնված էր իրար. բոլորը բոլորին ճանաչում էին, զինվորներն ու սպաներն արդեն լավ էին ճանաչում միմյանց՝ գիտեին՝ ով ինչի է ընդունակ, միասին էին անցնում դժոխքի միջով: Հասկանալի էր մի բան՝ զորքն արդեն հոգնած էր՝ անմարտունակ: Սիրտս կտոր-կտոր էր լինում՝ իմ տղերքն էին, իմ զինվոր տղերքը ու չէի հասկանում տխրեմ, թե ուրախանամ:

Սիրտս տրաքում էր զորքի վիճակի համար ու ինձ ուրախացնում էր մի բան՝ այն, որ առաջնագծում դեռ զինվոր ունեմ, ու մի տեսակ ավելի էի հանգստանում որ իմ զինվորը այստեղ՝ նկուղներում պատսպարված չի, ուրախանում էի, երբ ինչ-որ մի սպա առաջնագծից գալիս ու զորամասում գտնվող սպաներին նախատում էր՝ դուք եք զինվորին ընկճել ձեր չգալով, դուք եք զինվորին թևաթափ արել ու անում ձեր կաշին փրկելու համար, դուք եք զինվորին խուճապի մատնել, որ չի կանգնում խրամատում կանգնած հրամանատարի ու զինվոր ընկերոջ կողքին, դուք եք, որ յոթ օր դժոխքի միջով անցած ու մահից չվախեցող զինվորին ստիպում եք (տարբեր խոսակցություններով) վախենալ: Ուրախանում էի, որ փրկվել են... սպան, ով արցունքն աչքերին նկուղի դռներից նայում էր զինվորներին ձեռքի շարժումով կարծես հասկացրեց՝ դե չեք գալիս մի էկեք... սպայի դեմքը փոխվեց՝ ծանոթացանք, էլ չէր կարող չասել, ծառից ձախ՝ արդեն առաջնագծում, սպիտակ ՈւԱԶ-ը պետք է գտնեինք: Շտապեցինք դեպի մեքենան:

Օրը մթնում էր ու պետք է հասնեինք առաջնագիծ: Դեռ չէի հասցրել շարժվել, երբ երկու ոստիկանական մեքենա կանգնեցին ու 5-6 ոստիկանով շենքը շրջապատեցին. МОБ-ը անցել էր գործի՝ սպաների բնակարաններն էին թալանում, ոստիկաններն արդեն մի քանիսին խոզ մորթելու ու խորոված ուտելու համար նախատել էին: Ոստիկաններին արդեն ճանաչում էինք՝ այս մի քանի օրերում շատ էինք հանդիպել իրենց դիրքերում:

Որոշեցինք այս գիշեր հերթապահել ու մնացինք, զորամասում մի քանի կամավորներ կային ու ամբողջ գիշեր նրանց հետ մնացինք, ոստիկանները գնացին ուրիշ տարածք պահելու: Լույսը բացվելուն պես շարժվեցինք՝ վստահ էի վերջապես հասնում եմ իմ առաջնագծին: Ճանապարհին ամեն ինչ նույնն էր՝ նահանջող տղերք, փախնող խմբեր, ծառածածկ տարածքներում ԼԱՎ պատսպարված ՈՒԺԵՂ ջոկատներ, անսահմանափակ սննդի կույտեր, զրահաբաճկոնների դաշտեր... Առաջամուղում սպաների տները թալանողների մեքենան էր՝ այս անգամ ճանապարհին թափված սնունդ ու օգնության շորերի կույտեր էին թալանում: Կանգ առա մի 10-20 մետրի վրա, բացեցի բերանս՝ անհայտացան, մեկը դուրս եկավ ծառների տակից, ու ջրի շիշը ձեռքից ձեռք շպրտելով ինքն իր հետ խոսում էր... արա լավ է, էսինչ պատերազմ ա՝ ջուր խմելով, հաց ուտելով, կայֆավատ ա կլիներ մոտ 50-60 ի մոտ, նորից չդիմացա...

Մոտեցանք ծառին՝ ծառից աջ վրաններն էին: Վրանային ավանը ռմբակոծվել էր մի քանի օր առաջ: Գտնվում էինք մեր և նրանց հրետանու արանքում, թեժ մարտ էր ընթանում: Վրանային ավանի դիմաց շարժ էր նկատվում, հասկացանք, որ վրանները էլ մերը չեն, ու այդ ամենն այնքան արագ էր, որ նույնիսկ թշնամին չհասկացավ՝ ինչ կատարվեց: Ծառից մոտ 500 մ հետ անսարք «бмп»-ի մոտ կայանեցի, ընկերս ծառերի արանքում նկատեց սպիտակ ՈւԱԶ-ը՝ 600մ: Մնացի տեղում կանգնած, սիրտս հանգիստ էր՝ ոչ սովորական. զգում էի՝ զգացել էի դեռ փոսում, ընկերս լուռ հեռացավ դեպի ՈւԱԶ-ը: 10-20 րոպե հետո գլխիկոր մոտենում էր ու մենակ էր ու պետք է, որ մենակ չլիներ: Մի քանի րոպեները՝ մինչ ընկերս կմոտենար, մի ամբողջ կյանքի պատմություն է: Մոտեցավ՝ արցունքն աչքերին, կյանքում առաջին անգամ զգացի մի բան՝ մարդ ինչքան խեղճ ու ոչինչ ես դու հիմա ու եղել ապրածդ ամեն մի վայրկյանը օդի պես թափանցիկ է դառնում, իմաստազրկվում է ամեն բան, մի պահ մտածում ես՝ ինչու, ինչի համար, մեղադրում ես ինքդ քեզ, մեղադրում ես ինքդ քեզ ու մտածում՝ ինչի համար այս տեսակը մեծացրիր, ինչի համար նահանջող տեսակ չմեծացրիր, ինչի համար փախչող տեսակ չմեծացրիր ու ինչի համար չվազեցիր զինվորների վրայով ու քո զինվորին չգրկեցիր, բայց ո՞ր զինվորը քոնը չէր, ո՞րի վրայով վազեիր, աչքիդ չի երևում ոչինչ, ուզում ես գոռալ, ուզում ես լացել, ուզում ես կանչել, ուզում ես գրկել, ուզում ես, ուզում ու չես էլ հասկանում ինչ ու ումից:

Ու նորից աչքիս առաջ տեսնում եմ այն ծնողներին, որ տանը նստած, հեռախոսներով մարտնչում են թշնամու դեմ: Այն օրը, երբ փոսում էի, խելագար զինվորների հետ, Անանուն բարձունքում տղերքը կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, խելագարներն այդ տարածքից էին փրկվել: Այսօր կանգնած էի կյանքիս հակառակ կողմում, հիշում էի ծնունդդ ու փորձում էի ինքս ինձ հաղթել, բայց պարտվել էի, պարտվել էի, որովհետև չկարողացա հասնել իմ առաջնագծին, այն առաջնագծին, որ երբեք ու ոչ մեկ չի կարող հաղթել... Տղերքը մնացին Անանուն բարձունքում, տղերքը մնացին, որ ապրեն հավերժ, մեզ՝ մեռածներիս, որ կյանք պարգևեն: Այս բոլոր օրերում՝ կյանքի ու մահվան խաչմերուկներում, Աստծու ու զինվորի ներկայությունն էր, որ կյանք էր սփռում ողջ ռազմաճակատում: Այստեղ է, որ մարդը շփվում է անշոշափելիին, տեսնում անտեսանելին ու փառավորում Աստծուն: Այստեղ է, որ հոգևորից բացի ոչինչ չկա, ու ոչ մի բան արժեք չունի, այստեղ է, որ մարդը, հետևում մնացածները մոռացած, ձգտում է իր առջևում եղածներին՝ այս պահին զինվորին ու վազում դեպի աստվածային կոչման նպատակակետին...

Հասա Երևան, հոկտեմբերի 7-ն էր: Սարկավագը հիվանդանոցում էր. վերքերը ապաքինվում էին: Մտա տուն՝ լուռ էի, լռեցի մինչև վաղը, ներսս քանդված էր, նայում էի Ընտանիքիս ու նորից քարը քարին դնելով՝ փորձում կառուցել մի նոր ու իրական աշխարհ, աշխարհ, որ անգույն է մնալու, բայց հանուն Ընտանիքի պետք է գունավորես անգույն գույներով: Որդիդ չկա Մայր, ուժ հավաքիր ու պատրաստ եղիր՝ զոհվել է որդիդ, ընկել քաջաբար ու սարսափելին, որ պետք է ասեմ՝ մարմինը չկա: Ու ոչ թե սգալ՝ այլ ապրել է պետք ու ոչ թե լացել, այլ կռվել է պետք: Ժամանակ չկա ո՛չ սգալու, ո՛չ էլ լացելու, կսգանք, կլացենք, դեռ կհասցնենք՝ մի ամբողջ կյանք:

Վտանգված է, ավելի ճիշտ ջլատված է մի ամբողջ բանակ. թշնամին՝ Թուրքիան ու Ադրբեջանը, դա կարողացավ անել ոչ թե նրա համար, որ ուժեղ է, այո ուժեղ է՝ և քանակապես, և զենքով, և դիվանագիտությամբ, և արտաքին ու ներքին քաղաքականությամբ և, և...այլ նրա համար, որ Մենք՝ հայերս, չենք կարողանում համախմբվել ու ջլատում ենք ինքներս մեզ. Երևանում մնալն անհնարին է դառնում՝ զարմանում ու խանգարվում ես նրանց պատճառով, ովքեր հանգիստ քայլում են փողոցներով, ովքեր հանգիստ նստած սպասում են զինկոմիսարիատների կանչին ու վաղը ասելու են չկանչեցին, չգնացինք. մի պահ քաղաքը նմանեցնում եմ ռազմաճակատի «թիկունքի թիկունքին»: Այնտեղ էլ էին աքաղաղի պես սիգալով ճեմում բանից անտեղյակները,  այս օրերին շատերն էին հարցնում պատերազմից, պատասխանս մեկն էր՝ գոնե ձեր բակերում խրամատ փորեք, վաղը ուշ է լինելու, վաղը թուրքը ձեր տան շեմին է կանգնելու...

Վերադարձանք Ջաբրայիլ՝ ծառի մոտ, ճանապարհին թափված զրահաբաճկոններից հագանք, մի քանիսն էլ վերցրինք ու ամեն անգամ առաջնագիծ գնալիս մենք զրահաբաճկոն ու սաղավարտ էինք հավաքում՝ առաջնագծում դրանք պետք էին: Հրամանատարը նստած էր խրամատի գլխին, տխուր ու ուժասպառ, կարծես մահին մարտահրավեր նետած լիներ, ու այս տեսարանն ամբողջացնում էր խրամատի գլխին կանգնեցրած փայտե Խաչը: «Կուբաթլու գնացի՞ր,- հարցրեց հրամանատարը,- զինվորներիս տեսա՞ր, ոնց էին, մտա՞ր նկուղ...»:

Զրահաբաճկոնս արյունոտ էր՝ չէի էլ նկատել, երևի վիրավոր էր, հրամանատարը նկատեց. ճաշի ժամ էր՝ ճաշեցինք: Այս ամենը կատարվում էր կրակոցների ու հրետանու պայթյունների տակ, այո ձեր իմացած կարկուտի տակ՝ այն կարկուտի, որից վախեցաք ու փախաք ու անունը դրիք, թե ավտոմատի կռիվ չի, մնանք ինչ անենք, մնայիք ու կանգնեիք հենց հիմա կարկուտի տակ ավտոմատով կռվող տղերքի կողքին: Չփորձեք արդարանալ, թեկուզ և մեղադրող չկա: Հրամանատարն ինձ հարցրեց, թե որտեղ եմ կայանել մեքենան ու ասաց կգնաս Գորիս ինչ-որ բան բերելու. գնացինք՝ մոտ 30-40 րոպեից զանգեցինք հրամանատարին... տղերքը մնացել էին կարկուտի տակ՝ 7զոհ (2-ը հայր ու որդի), 2 վիրավոր:

Գորիսի հիվանդանոցում տեսակցեցինք հրամանատարին, ով վիրավորվել էր ու արդեն վիրահատվել: Երևի արդեն հոկտեմբերի 15-16-ն էր: Սարկավագը՝ կիսաապաքինված, վիրակապերը դեռ չքանդած արդեն տանն էր: Նստել էինք տան հետնամասում ու փորձում էինք հասկանալ, թե ինչ պետք է անենք: Իրականում հասկանում էինք, որ կորցրել ենք ողջ Սյունիքի անվտանգության երաշխիքը՝ Կուբաթլուն, Ջաբրայիլը և հաջորդը լինելու է Սյունիքը: Սարկավագը ամեն ինչից շատ մտածում էր զինվորների մասին՝ էրեխեքս տենաս ուր են...

Գիշերեցինք սարկավագի մոտ, առավոտյան որոշեցինք գնալ Կուբաթլու՝ զորամաս, զինվորների մոտ: Սարկավագի մայրը ճանապարհում էր մեզ ու որդուց թաքնված արտասվում: Այս պահից մեջս մի բան դղրդաց՝ նայեցի կողքիս կանգնած ընկերոջս, ով առաջին օրվանից իմ ստվերն էր, նայեցի սարկավագին ու ինքս ինձ խոսք տվեցի՝ ինչ էլ որ պատահի ես պետք է կարողանամ նայել նրա մոր աչքերի մեջ... Զինվորներին տարհանում էին արդեն:

Շարժվեցինք զորամասից դեպի պալիգոններ տանող ճանապարհով. Կրակարանի վերևի մասում կանգնած էր խաչը գլխին փոքրիկ մատուռ. բարձրացանք, մտանք ներս, սարկավագը լուռ էր. լռությունը խախտեց նրա աղոթքի ձայնը. իրականում անհնարին է բացատրել այդ պահը երբ գիտակցում էս որ դա վերջին աղոթքն է այդ պատերից ներս, որ մի քանի ժամից թշնամին պղծելու է քո սրբատեղին: Տեսարանն աննկարագրելի էր՝ բարձունքի փոքրիկ մատուռից լսվում էր աղոթք, ներքևի ճանապարհով զորքն էր տարհանվում ու այդ ամենը համեմվում էր հեռու ու մոտիկ տրաքոցների ձայներով... Կրակարանի հրամանատարը նստել էր նստարանին ու մտածում էր՝ տրաքացնեմ թե կարողա էլի հետ ենք գալու.ու հետ գալու հույսը չկորցնելով այդպես էլ հանձնեց թշնամուն:

Զինվորների մի մասը տեղավորվեց Սիսիանում, մի մասին էլ տեղավորեցին Գորիսի տարածքի դպրոցներում... մի երկու օրվա մեջ հնարավոր բոլոր միջոցներով կարողացանք ներքնակներով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովել՝ (սա ուղղակի, որպեսզի ոչ մեկ՝ նույնիսկ ծնողները չասեն թե մեր էրեխեքը պոլերին են քնում, այդ օրերին շատ ծնողների ու բազմաթիվ քննադատների հանդիպեցի, ովքեր միայն խոսում էին ու ոչինչ չէին ձեռնարկում, նույնիսկ ծնողը ով բողոքում էր որդու կեցության պայմաններից ոչինչ չէր ուզում ձեռնարկի, բոլորը կարծես բողոքելու համար եկած լինեին ու գոնե հիմա չէին կանգնում իրենց որդիների կողքին. եթե գիտակցեիք թե ինչ դժոխքից են հասել ձեր որդիները այսպես կոչված զորանոցներ, ապա միայն փառք պետք է տաիք Աստծուն, բայց չգիտակցեցիք):

Դպրոցներում՝ որտեղ տեղավորել էին զինվորներին, բնականաբար չէին կարող լինել զորանոցային պայմաններ, բայց այդ պահին հավատացեք զինվորի համար նշանակություն չուներ թե որտեղ է՝ կարևորը դուրս էր եկել դժոխքից. զինվորը մտածում էր միայն իր կորցրածի՝ ընկերների,նրանց մարմինների ու հողերի մասին: Երբ հերթական անգամ այցելել էինք զինվորներին,դպրոցի բակում հավաքված ծնողներ կային: Նրանք պահանջում էին որ իրենց երեխաներին դիրքեր չտանեն: Սարկավագը՝ իր սարկավագ ընկերների հետ առաջացավ, ես մի քանի քայլ հետ էի ու լսվեց ծնողներից մեկի բղավոցը՝- էկան, էկան տերտերները, հեսա էրեխեքի խելքը կուտեն կտանեն մսաղաց... մոտեցա, ձեռքին մի մեծ մկրատ կար... արա ուր էիր երբ տղեդ զենքը ձեռքին կռիվ էր տալիս, ուր էիր երբ քո ասած տերտերը տղուդ  կիլոմետրերով՝ վիրավոր ոտքով ապահով բերեց հասցրեց քեզ...մկրատը համարյա աչքս մտցնելով էս ծնողը բա թե դու ով էս, ձեններդ տաք տեղիցա դուրս գալի՝ այ որ քո տղեն էլ ծառայեր էսօր սրանց չէիր պաշտպանի... արա այ մկրատով մարդ խելոք մնա, հայ տղու նման քեզ պահի, քո տղուն վայել հեր էղի գոնե հիմա. իմ ձենն էլ գիտես որ տեղիցա դուրս գալի այ ծնող՝ այ էն սարերից ու ցույց տվի թշնամու կողմը. արի, արի հենց հիմա ստեղից դիրքեր ենք գնալու ու դու հետս էս գալու...

էլի ծնողներ կային՝ մեկը հարցրեց սպա էս... չէ եղբայր ես էլ եմ ծնող՝ բայց ես ձեր նման հզոր չեմ՝դուք գոնե հիմա փորձում եք փրկել փրկվածներին՝ ես սկի տղուս ու ընկերների մարմինները չկարողացա փրկել... մի կին՝ զինվորի մայր, ով կանգնած լսում էր, հեռացավ, քիչ հեռվում կայանված մեքենայի դուռը բացեց, շրջվեց դեպի որդին՝ ով մի 20-30 մետր հեռավորությունից ցանկապատից այն կողմ նայում էր...տղես (ափսոս անունը չեմ հիշում) քեզ տղավարի կպահես, մեռնեմ ջանիդ ու առանց որդուն մոտենալու հեռացավ... այդ կինը՝ մայրը, կարծես վեջակետ դրեց այս խոսակցությանը իր  արարքով, ու մկրատով մարդը այդպես էլ մնաց կանգնած՝ ու լուռ... իսկ իրականում զորքին հանգիստ էր պետք ու այս իրավիճակում հանգիստը կազմակերպվում էր, այո՝ չկային զորանոցային պայմաններ, այո՝ զորքը քնում էր հատակին, այո՝ զինվորն այդ պահին չուներ ներքնակ, չուներ ծածկոց, չուներ ոչինչ, բայց ամենակարևորը՝ որ այդպես էլ շատ ծնողներ չեն հասկանում՝,զինվորները ովքեր անցել են դժոխքով, ողջ և առողջ պարկած են՝թեկուզ հատակին ու դրան ոչ մեկ ուշադրություն չի էլ դարձնում՝ կարևորը ողջ են... մնացածը ժամանակի խնդիր էր ու կլուծվի...

Այս օրերին ձորերում դեռ նահանջող զինվորներ կային, ովքեր մոլորվել էին ու պատսպարվել թփուտներում... սարկավագը՝ ում վերքերը դեռ արնոտում էին վիրակապերը, այնպես էր քայլում այդ ձորերում կարծես վիրավոր չլիներ՝ ու ամեն անգամ զինվորների խումբ հայտնաբերելուց կարծես ապաքինվում էր՝ ուրախությունից, որը ինչքան էլ որ թաքցնում էր:

Այսօր Վայքի զորքին էինք բարձրացնում ձորերից...(հետո նրանց հրամանատարին՝ ում տեսանք ձորում, հանդիպելու էինք Ստեփանակերտում՝ որոնողական աշխատանքների ժամանակ, բայց իրար ճանաչելու էինք ոչ թե դեմքով(մութ էր), այլ տեղանքով, անունով, մի խոսքով օրով ու դրվագներով):   Նստել էինք սարկավագի տան հետնամասում ու շփոթված նայում գլխավերևներովս անցնող մեր ինքնաթիռներին... ինչ անենք, այդ ժամանակ հույս ունեինք որ հարձակվելու ենք ու հետ բերենք կորցրածը:(Չնայած որ հիմա էլ չի մարել ու չի մարելու այդ հույսը,բայց չէ ինչ հույս.է լ հուսալու բան չկա պետք է գործել՝ ու մի օր՝ ես գործելու եմ՝ խաղաղ ժամանակ, երբ ամեն ինչ մնա անցյալում, ու ես ողջ լինեմ՝ ինձանից վախեցեք, վախեցեք՝ որովհետև ամեն վարկյանն անտանելի է դառնում):

Որոշեցինք ջոկատ կազմել՝ ջոկատ որ զինվորի կողքից չհեռանա, որ զինվորին մենակ չթողնի, որ խրամատից չփախնի.. Սարկավագը այդ պահից հրամանատարն էր. Հրեղեն գնդի մասին դեռ  կլսեք՝ ծնվեց հենց զինվորի գրկում, ռազմի դաշտում...՝ Բայց ես այստեղից անցնեմ առաջ. չպատմեմ թե ինչ եղավ, ոնց եղավ, ով որտեղ խրամատավորվեց, ում ջոկատներն էին զինվորներից հետ ու առաջ. ովքեր էին Կուբաթլու, Ջաբրայիլից եկած Խնձորեսկներում խրամատավորված ու այսօր էլ թե կռիվ տալով ենք էկել հասել Սյունիք ենք պահում՝...Սյունիքդ ձեր չափարի տակից չէր սկսվում՝ սկսվում էր Ջաբրայիլից, որտեղ չերևացիք ձեր ջոկատներով, սպասեցիք էնքան մինչև էլ տեղ չկար նահանջի. էն մի թիքա նահանջի ճանփին էլ, աստված հոգիները լուսավորի՝ մի քանի տղա զոհվեցին որ գոնե էսօր  խոսաք... Չփորձեք զինվորի դափնիները դնել ձեր գլխին, չփորձեք զինվորի մեդալները կախեք ձեր դոշին, չփորձեք զինվորի փառքով փառավորվեք՝չփորձեք: Հրադադարից մեկ ամիս անց, երբ Հայկական Բանակը հետ քաշվեց ու պետք է դիրքավորվեր համայնքապետարանների կողմից թիկունքում արդեն փորված դիրքերում՝մենք գնացինք Ստեփանակերտ: Ադրբեջանցիները արդեն թույլ էին տալու մուտքը դեպի Ջաբրայիլի 300 դիրք՝որտեղ արդեն ոսկրացել էին մեր որդիների անշունչ մարմինները:

Դեկտեմբերի 12-ն էր. ԱԻՊԾ-ն արդեն ցուցակագրել ու ադրբեջանական կողմին էր տվել մտնող խմբի անունները. ամսի 15-ին միայն թույլ տվեցին մտնել Ջաբրայիլ: Ուղեկցողներից մեկը մեր գումարտակի տանկային վաշտի հրամանատարն էր; երեկոյան տղերքը վերադարձան՝ 300 դիրքից գտել էին երեք մարմին՝ Ղուշունցին, Գառնիկին, Գոռին. այսօր 64 մարմին էին գտել: Այս դիրքում թշնամին նկարահանել էր համարյա բոլորի դիերը ու տեղադրել համացանցում...Դավոս չկար.ուղեկցող սպային խնդրել էի որ ուշադիր նայի ու գոնե մի բան գտնի Դավիցս՝բերեց, փայտի կտորի վրա գրված կրտսեր սերժանտ Վիրաբյան Դ.Գ. ու մի բուռ հող: Դեռ Ջաբրայիլում եղած ժամանակ,տարբեր խոսակցություններից հասկացել էի որ այդ դիրքում նույնիսկ անկենդան մարմիններն են մասնատել, վիրավորներին տանջամահ արել (հետո այդ խոսակցությունները հաստատեց վերադարձած գերին՝ հոպար դեմից սաղին վիրավորին, տղեքը երկու օր մենակ ջուր էին գոռում, մինչև հիմա Դավոյի ձենը ականջներումսա, գոռում էր թող արա ու էլ բան չեմ կարա ասեմ, դրանք մեր վրա գժված էին՝առավոտ Մաթոսին տրաքցրին, իրիկունը՝ բարլուսով մեզ վրա տվին ու գժված մտան խրամատներ):

Ամսի 16,17,18-ին թույլ չտվեցին որոնողական: 19-ին մտանք՝այդ օրը չհասցրեցինք հասնել 300-ին, Խուդաֆերինի ջրամբարի ափից գտանք այդ զաստավի հրամանատարի մարմինը՝ուազի մեջից գցել խուզարկել ու թողել էին.ժամանակը՝ որ տալիս են ադրբեջանցիները ավարտվեց, վերադարձանք: Դեկտեմբերի 20-ն էր.խենթի պես վազվզում էի 300-ի՝ Մաթոսի սարի՝ Դավոյիս պոստի խրամատներում. այսօր մեր ամուսնության օրն էր.ու հենց այսօր ես կանգնել էի աշխարհի ամենաբարձր բարձունքին ու աղոթում էի ՝ծխախոտի կրակի վրա մի հատիկ խունկով ու վզիցս կախված խաչով(Հրո ջան ապրես որ դու կաս) ու խնդրում Աստծուն որ առնի հոտը խունկի ու խաչի զորությամբ կնքված պահի բլուրն այդ ու բլուրները որտեղ դեռ ոսկրանում են մարմիները մեր տղերքի...հոտոտում էի հողը՝ու առնում նրանց դիակների հոտը, որը շատերի համար նեխած դիակի հոտ էր, բայց ես առնում էի իմ զինվոր որդիների բույրը, որը նորից անբացատրելի է:

Այս օրերին Ստեփանակերտում իրենց որդիների մարմինները որոնող, իրենց անհայտ կորած որդիներին ման եկող շատ ծնողների հանդիպեցի՝ հայրերի, որոնք միայն պահանջում ու մեղադրում էին. նրանց հասկանալ լինում էր՝ կորցրել էին իրենց ամենա-ամենան(բայց զարմանում էի թե ինչպես են 44 օր նստել ու սպասել.ու զենք չէին վերցրել ու կանգնել իրենց տղերքի կողքին, ու պահանջում են, ու բողոքում են, ու մեղադրում են, ու պատմում են պատերազմի ողջ ընթացքը, պատմում են այնպես որ կարծես այնտեղ են եղել, պատմում են այնպես որ տարան կոտորեցին, էս մեկը հրաման տվեց, էն մեկը պետք է ընդեղ լիներ բա ուր էր...ու ոչ մեկ չէր ասում արա տղես զոհվեց մեր բոլորին կյանք տալու համար.): Որդուն պահանջող մի հայր էր՝ պահանջում էր որդուն՝ ողջ և առողջ, ոնց տվել եմ բանակին ըտենց էլ տղուս բերեք տվեք ինձ... ու մտածում եմ բա ես ումից պահանջեմ, ախր ես ինքս այնտեղ լինելով չկարողացա հասնել որդուս, բա ես ում գնամ ասեմ գոնե որդուս մարմինը տվեք, ախր ես եմ թողել խրամատում, ախր ես չեմ կարողացել հասնել իմ առաջնագծին... 

Վերջին անգամ Ստեփանակերտ գնացինք հունվարի 18-ին: Նորից բարձրացանք 300, 300-ի հետևի մասում որտեղ տեղակայված է եղել մեր մարտկոցներից, ուրալ մեքենայի մեջից թափել ու խուզարկել էին բոլոր արկղները, որտեղ զինվորները պահել են իրենց անձնական իրերը.այդտեղից գտա Դավոիս գլխարկը և էլի մի քանի անձնական իրեր, տետր որտեղ նշված էին կորդինատներ:

Վերադարձա Երևան: Ոչինչ չեմ կարողանում անել, սպասում եմ, կենտրոն չեմ գնում, հանկարծ մեկը ճանապարհս չփակի, եռաբլուր չեմ գնում՝ հանկարծ ականատես չլինեմ ինչ որ քաղաքական ակցիայի, հետո իրավունք էլ չունեմ գնալու՝ գնամ տղերքիս ինչ ասեմ, գնամ ասեմ տղեք կներեք մեզ՝ հայրերիս, չէ կգնամ այն ժամանակ երբ ասելու բան ունենամ, երբ գնամ ու ասեմ որ տղեք ձեր արյունով լճացած հողերի վրա խաչքարեր ենք կանգնացրել՝այ էդ ժամանակ իրավունք կունենամ ...իսկ հիմա... ինքս ինձ շխթայված եմ պահում,՝ որ հանկարծ չսխալվեմ...

Մարտի 4-ի գիշերը մի տուփ ծխախոտ ծխեցի.առավոտյան 8-ն էր,ամսի 5-ը.աչքս կպավ.վեր թռա, ժամը 10-ն էր. սիրտս անհանգիստ էր.չգիտեմ ինչի գնացի Հերացի՝ մորգ: Աստիճաններով մի աղջիկ էր իջնում, ձեռքին թղթեր, չգիտեմ ինչի համար բայց հարցրի՝թե ինչ թղթեր են.պատասխանեց թե երեկվա դնթ-ներն են. ԴՆԹ-իս պատասխանը համընկել էր 106 մարմիններց որ տվել էին օրեր առաջ:

Դավոիս գտա՝ գտնվեց: Անճանաչելի էր՝ հողարկավորած են եղել,որովհետև հոկտեմբերի 3-ից հողի վրա մնացած դիակները ամբողջովին փտել ու միայն ոսկորներն էին մնացել,նույնիսկ հոտն էր վերացել, բայց Դավոս մի քիչ պահպանվել էր: Մարմնի վրա երևում էին փամփուշտների տեղերը,գանգը հետևի մասից բահով այնպես էին ծակել որ երեսի կողմից ծնոտը՝ կոկորդից մինչև քթի մասը բաժանվել էր երկու մասի, թևերի վրա ամբողջը կտվածի հետքեր էին, դոշը բահով բացած, ձախ ձեռքը փշրած՝ հիշում էի գերու խոսքերը՝ հոպար Դավոյի ձենը ականջներիս մեջ ա: Տեսա այն ամենը ինչը հնարավոր չի բացատրել ու պատմել՝ դա հասկանալու համար դրա մեջ ապրել ա պետք...ու ցավոք սրտի շատ Ծնողներ տեսնելու են միայն ոսկորներ ու չեն էլ ցանկանալու էլ ոչինչ լսել՝ վախենում եմ՝ վախենում եմ ոչ թե ծնողներից, այլ վշտից խելագարված Ծնողներին օգտագործել փորձողներից: Մարտի 8-ին Դավոիս հողին հանձնեցինք՝ զոհվելուց 157 օր հետո: Դավս՝ ախպերս, կներես ցավդ տանեմ...կներես...չհասա Քեզ...

Աստված ինձ խնայեց՝ ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած... Խնայեց ու ցույց տվեց ողջ պատերազմի ընթացքը, ցույց տվեց ամեն ինչ...պատերազմը դադարեց, չավարտվեց... այս պատերազմին փոխարինելու է գալիս մի նոր ու ավելի դաժան պատերազմ՝ մեր ներքին պատերազմը, որը լինելու է սկիզբը՝ Ձեր անավարտ պատերազմի... իմ որդին ընկավ՝ ընկավ թուրքի գնդակից, բայց ցավալին այն է, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը՝ իրենց արբանյակ կուսակցություններով, արդեն իսկ փորձում են սպանել զոհվածներին... Դեռ պատերազմի առաջին օրերին զգում էի, որ ծնողները խենթանալու են, ու դրանից օգտվողներ են լինելու, ու Աստուած ինձ այնպես պտտեցրեց ողջ ռազմաճակատով, ցույց տվեց բաներ, որ միայն տեսնողներին է հասանելի ու ինչքան էլ փորձեմ խոսել այս բաների մասին՝ մեկ է անբացատրելի է մնալու...ու մի պահ պատկերացնում եմ, որ եթե ես այնտեղ եղած չլինեի ու առաջնորդվեի լսածներովս, ապա ես լինելու էի բոլորից պահանջողը, մեղադրողը, դավաճան ման եկողը, ինձ ոչինչ չէր հետաքրքրելու՝ բացի իմ որդուն բերեք տվեք ինձ ողջ-առողջ, ոնց ուղարկել եմ բանակ,... եթե տեսած չլինեի սպային, ով զինամթերքի փոքր արկղը առաջը դրած լացելով ուրախանում էր, որ կարողացել է դիակներով լցված ու ռմբակոծված մեքենայից գոնե դիակի մասունքները հավաքել ու ասում էր՝ «Դե հիմա արի ու ասա էս յաշիկի մեջ 30 երեխա ունեմ, դե հիմա գնա մորն ասա գիտես էրեխուդ մարմինը խրամատից հանեցի, բերեցի ու ճամփին մի հատ էլ դիակները տրաքեցին»... Չէ տղերք, ես չէի հավատա, էս ինչ էղավ...արա բա ի՞նչ ա հետո ըլնելու...էս ծնողներին ոչ բացատրելա լինելու, ոչ էլ հավատալու են...

Եթե տեսած չլինեի զինվորների, ովքեր 100-ով առաջանում են ու գիտակցում, որ 30-ով են հետ գալու լավագույն դեպքում։ Եթե նրանց հետ եղած չլինեի, ես էլ չէի հասկանալու, որ այդ պահին չկա ո՛չ ծնող, ո՛չ որդի, ո՛չ զինվոր, ո՛չ հրամանատար, այդ պահին բոլորը մեկ են, ու այդ պահին չկա քիչ ու շատ ծառայած, ու փորձվի մի զինվորի ասա՝ դու մի արի...այ հոպար, վա՞տ ես, հանգստացի, որ ես փրկվեցի, ընկերներս գնացին, հետո ո՞նց եմ ապրելու...արա կհասնեք ձեր ծնողներին...մատ էին տնգում ու գիտեք՝ ինչ էին ասում՝ հոպար, երանի մեր հերերը ստեղ լինեին, որ տենային իրանց տղերքին։ Հոպար, որ պատերազմ չկար, տնեցիքին կարոտում էինք, հոպար, հիմա մեր չաստն ենք կարոտում, մեր ընկերներին ենք կարոտում, խաղաղ ժամանակ մեր կողմից թվացյալ վատ աֆիցեռներին ենք կարոտում, հոպար, չաստում որ աֆիցեռներին չէինք սիրում, տանջում էին, պարապում էին, ասում էին՝ ծառայությունից հետո կհասկանաք, բայց պատերազմի ժամանակ հասկացանք, որ ով ա վատը, ով ա լավը... Հոպար, վաղը որ պատերազմը պրծնի, մենք չենք կարալու առանց պատերազմ, ի՞նչ ենք անելու (կատակում էինք)... զինվորներ էին, նորից զրուցում էինք...

 

Գլխավոր նկարը՝ Տաթև Խաչատրյանի

Մեկնաբանություններ (1)

Հ.Հայրապետյան
Փա´ռք հերոսներին ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter