
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
Ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ստեղծված միջկուսակցական շտաբը մայիսի 11-ին հանդես եկավ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ միասնական հայտարարությամբ: Դրանում երեք հստակ ուղերձ էր հղվում: Առաջին` ընտրությունններն անցել են համատարած օրինախախտումներով, երկրորդ` ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը, և երրորդ` շտաբը շարունակելու է ջանքերը արատավոր ընտրական համակարգի վերափոխման և ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ: Շտաբում ներգրավված են երեք քաղաքական ուժեր` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: Այլ կերպ ասած` իրենց հայտարարությամբ այս երեք ուժերն առնվազն կասկածի տակ դրեցին ՀՀԿ-ի հաղթանակի և վերարտադրված իշխանության օրինականությունը:
Մայիսի 17-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ և հետո, ՀՀ նախագահը հստակ հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ ընթանում են բանակցություններ կոալիցիա ձևավորելու խնդրի շուրջ: Հաջորդ օրը թե ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թե ՀՀԿ քաղխորհրդի անդամ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հաստատեցին, որ բանակցություններն ընթանում են նաև ու հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՀՅԴ ղեկավարների հետ, թեև դժվար է ասել` արդյո՞ք դա տեղի է ունեցել հենց բանակցությունների շրջանակներում, այսինքն՝ արդյո՞ք ՀՅԴ-ն առաջարկ ստանալուց հետո ՀՀԿ-ի հետ սկսել է խորհրդակցությունները կոալիցիա կազմելու պայմանների շուրջ: Խնդիրն այն է, որ ընտրություններից երկու օր անց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հստակ հայտարարեց, որ կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ ԲՀԿ-ի հետ նման բանակցություններն սկսվել են, և վերջինիս որևէ ներկայացուցիչ մինչև հիմա պաշտոնապես դա չի հերքել: Այսինքն՝ ընտրակեղծիքների դեմ պայքարող կուսակցությունը, որը հայտարարում է ընտրություններում համատարած կեղծարարության մասին, բանակցություններ է սկսում կեղծիքները թույլ տված և դրա արդյունքում իշխանություն ստացած կուսակցության հետ: Ի՞նչ արդյունք կտան այդ բանակցությունները, կձևավորվի՞ ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ կոալիցիա, ի՞նչ նպատակների ու խնդիրների շուրջ այն կձևավորվի, տվյալ դեպքում կարևոր չէ: Էականը ինքնին բանակցությունների մեջ մտնելու իրողությունն է:
Կեղծված ընտրությունների արդյունքում տուժած, պարտություն կրած ուժերը կարող են մտնել խորհրդարան` վերցնելով իրենց նետված մի քանի պատգամավորական մանդատները: Դրանով չէ, որ նրանք լեգիտիմացնելու են իշխանության վերարտադրությունը: Այս ուժերը ՀՀԿ-ի հաղթանակը փաստացի լեգիտիմացրին այն ժամանակ, երբ հայտարարեցին, թե թույլ չեն տալու համատարած ընտրակեղծիքներ, սակայն ոչ միայն բացարձակ անգործություն դրսևորելով՝ դա հնարավոր դարձրին, այլև ի վիճակի չլինելով բավարար փաստական բազա ձևավորել` ընտրությունների արդյունքները վիճարկելու ոչ մի քայլի չարեցին: Միայն ՀԱԿ-ը որոշեց դիմել Սահմանադրական դատարան, թեև նրա ներկայացրած փաստերն էլ ոչ այնքան քվեարկության պրոցեսին և արդյունքներին են առնչվում, որքան ընտրարշավի ժամանակահատվածին:
Տվյալ դեպքում պատգամավորական մանդատները վերցնելը և խորհրդարան գնալն ընդամենը այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված քայլ է. երբ չես կարող ապավինել փողոցին և հանրային աջակցությանը, ԱԺ ամբիոնն ու լծակները չօգտագործելը կարող է հանգեցնել այս ուժերի մարգինալացման: Եվ մանդատներն օգտագործելը կարող է քաղաքական պայքարի շարունակման և հանրության վստահության վերանվաճման ճանապարհ հարթել: Հետևաբար ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի` այդ քայլին գնալը կարելի է հասկանալ:
Սակայն երբ դրանից հետո նրանցից որևէ մեկը մտնում է, իրենց իսկ գնահատմամբ, ընտրակեղծիքների միջոցով իշխանության եկած ուժի հետ կոալիցիա ձևավորելու բանակցությունների մեջ, նշանակում է՝ ոչ միայն լեգիտիմացնում է այդ ուժի հաղթանակը, այլև ուղղակի թքում այն մարդկանց երեսին, որոնք իրեն ձայն են տվել հենց ՀՀԿ-ի այլընտրանքը լինելու, ընտրակեղծիքների դեմ պայքարելու, իրենց կյանքի որակը փոխելու խոստումների համար: Որովհետև ինքնին բանակցությունների մեջ մտնելը նշանակում է առնվազն ցանկություն ունենալ ապօրինի իշխանության մաս կազմել` շահագործելով բոլորովին ոչ դրա համար ստացած քվեները:
Նման բանակցության նպատակահարմարությունը արդարացված կլիներ միայն այն դեպքում, երբ քննարկման առարկա լիներ իշխանության հանձնման խնդիրը, իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, առայժմ խելագարության կանխավարկածով չի առաջնորդվում: Հետևաբար այս բանակցությունների մեջ մտնելու որոշումը ոչ միայն ընտրակեղծարարության օրինականացման անբարո վարքագիծ է, այլև պարզ դավաճանություն սեփական ընտրազանգվածի, ավելի լայն իմաստով հանրության նկատմամբ: Դա ուղղակիորեն հակասում է «արատավոր ընտրական համակարգի վերափոխման և ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման» նպատակադրմանը:
ԲՀԿ-ի արածն անակնկալ չէր, որովհետև սա ներկա քաղաքական ռեժիմի ծնունդն է` իր ողջ նկարագրով ու արժեքային համակարգով: Մյուս կողմից՝ բանականությամբ և սառը դատողությամբ առաջնորդվող ընտրողը չէր կարող չգիտակցել, որ ոչինչ չարժեն ընտրակեղծիքների դեմ պայքարելու մասին լոզունգներն ու հավաստիացումները, երբ այդ ընթացքում ոչ պակաս ջանադրությամբ փող, տրակտորներ են բաժանվում: Բայց ԲՀԿ-ին հավատացողներն առաջնորդվում էին այն մտայնությամբ, թե նա պարզապես փորձում է սեպը սեպով հանել, իր մրցակցին հաղթել նրա թեկուզ անընդունելի մեթոդներով: Մինչդեռ, ինչպես հայտնի է, անբարոյականությունը անբարոյականությամբ, սուտը ստով հնարավոր չէ հաղթել: Իսկ երբ հնարավոր է լինում, ապա ի՞նչ տարբերություն, թե այդ մեթոդներին ապավինող, այդ որակներն ունեցող որ իշխանության հետ գործ ունես` գնացո՞ղ, թե՞ եկող: Եվ ողջ հասարակությունը կամա թե ակամա հայտնվեց հենց այս ծուղակի մեջ:
Հիմա էլ փորձ է արվում այս ամենն արդարացնել հերթական ստի և մանիպուլյացիայի միջոցով: ԲՀԿ-ն հայտարարում է, թե իր համար ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելը, նախարարական պորտֆելներ ստանալն ինքնանպատակ չէ, որովհետև ավելի կարևորում է այնպիսի կառավարության ձևավորումը, որը «օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը»։
Անցած գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ուներ այդ հնարավորությունը, սակայն օրենսդրական գործունեության ողջ ընթացքում ընդամենը երկու դեպք է եղել, երբ այս կուսակցությունը դեմ է արտահայտվել կառավարության ներկայացրած օրինագծին` հենց տնտեսական և հարկաբյուջետային ոլորտի հետ կապված: Հիմա ի՞նչ երաշխիք, որ նույն կրավորականությունը չի շարունակվելու, առավելևս երբ կոալիցիա է ուզում կազմել մի ուժի հետ, որը բացարձակ մեծամասնություն ունի և որի համար ցանկացած դեպքում ԲՀԿ-ի` դեմ կամ կողմ քվեարկելը նույնպիսի նշանակություն ունի, ինչ ԱԺ ընդդիմադիր բոլոր ուժերի ձայները միասին վերցրած:
Եթե իսկապես ԲՀԿ-ն այդքան սկզբունքային էր, ապա պետք է բանակցությունների մեջ մտնելու հնարավորության մասին իր ընտրողներին տեղեկացներ հենց սկզբից, այլ ոչ թե մտներ, կուլիսային երկխոսություն սկսեր: Հենց սկզբից պետք է հրապարակեր այն պլատֆորմը, որի շրջանակներում պատրաստ է մտնել կոալիցիայի մեջ, այն պայմանները, որոնք չբավարարելու դեպքում դուրս է գալու կոալիցիայից: Երբ այս չափորոշիչները չեն դրվում, նշանակում է՝ ԲՀԿ-ն ընդամենը շուկա է մտել ու առևտուր սկսել պորտֆելների համար: Հարցն այն է, թե որքան ապրանքի դիմաց ինչքան ու ինչպես է վճարելու: Սակարկությունն սկսված է, իսկ վաճառողի սահմանած «գինն» արդեն հայտնի է` նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել