HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հայաստանում լրատվամիջոցների բևեռվածությունը հասել է իր գագաթնակետին»․ Աշոտ Մելիքյան

«Հոդված 3» ակումբում այսօր տեղի է ունեցել քննարկում «Մեդիան` թիրախում. Ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով։

Հանդիպման մեկնարկին ներկայացվեց CRRC-ի ուսումնասիրության արդյունքները՝ ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում վստահելի կառույցների ցանկում ԶԼՄ-ն վերջինն է։

Հայաստանում լրատվամիջոցներին լիովին վնստահում է հարցվածների 2 տոկոսը, իսկ լրատվամիջոցներին ընդհանրապես չեն վստահում 52 %-ը, որին գումարվում է ատելության խոսքը, քաղաքականացվածությունը, բևեռացումը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ակնհայտ էր, որ վստահությունը ԶԼՄ-ի նկատմամբ իջել է, սակայն անսպասելի էր, որ նման մակարդակի է հասել։ «Սա շատ լուրջ ազդակ է, լուրջ նախազգուշացում կարող էր հանդիսանալ լրատվամիջոցների համար, որ վերադառնան պրոֆեսիոնալ դաշտ»,- նշեց Մելիքյանը։ Ասաց, որ այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռվածությունը հասել է իր գագաթնակետին»:

Նրա խոսքով՝ բաժանարար գծերն ավելի ցայտուն են դարձել պատերազմից հետո, և տարբեր քաղաքական ուժերին սպասարկող լրատվամիջոցների գործունեությունը ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլև շարքային քաղաքացիների համար։ Աշոտ Մելիքյանը նշում է, որ ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան ավելի մեծ տեղ են գտնում, քան ստուգված փաստերի տրամադրումը լսարանին։

«Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ իրավիճակը պարադոքսալ է, քանի որ վստահության մակարդակը իջնում է, սակայն առցանց լրատվամիջոցների թիվն ու լսարանը գնալով ավելանում են, ավելանում են լայքերը յութուբյան ալիքների համար։

«Մարդիկ ավելի շատ են սպառում տեղեկատվություն, ավելի շատ են այցելում մեդիաներ, նաև սոցիալական, բայց միաժամանակ չեն գտնում իրենց համար վստահելի լրատվամիջոցներ, և այդ իսկ պատճառով չեն վստահում ոչ մեկի»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ ԶԼՄ-ի նկատմամբ վստահության բացակայության պատճառից մեկն էլ մեդիագրագիտության պակասն է։

Կարևորեց, որ պետք է այս ամենին զուգահեռ հաշվի առնել, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են քաղաքականացված, ոչ բոլորն են տարածում կեղծ ու չստուգված ինֆորմացիա։ «Սպառողի խնդիրն է նաև գտնել այն լրատվամիջոցը, որոնք իրեն կտան վստահելի ինֆորմացիա»,- հավելեց Ալավերդյանը։

Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանի խոսքով՝ ցուցանիշի տխուր պատկերի մեջ մեծ դեր ունի 44-օրյա պատերազմը, որի ընթացքում տարածվեց պաշտոնական լրահոս։ Նրա կարծիքով ևս ՝ պետք է սկսել աշխատել հանրության՝ մեդիագրագիտության բարձրացման  ուղղությամբ։

«Հետք» հետաքննական պարբերականի գործադիր տնօրեն Քրիստինե Բարսեղյանի խոսքով՝ այս ցուցանիշն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ հասարակության մեջ նկատվում է վստահության ճգնաժամ ոչ միայն լրատվամիջոցների նկատմամբ, այլ նաև պետական ինստիտուտների նկատմամբ, մեկմեկու նկատմամբ։   

Նրա խոսքով՝ դժվար շրջան է, քանի որ գտնվում են տեղեկատվական պատերազմի շրջանում, երբ պայքար է գնում իշխանության համար, տարբեր ուժեր իրենց ազդեցությունն են ուզում ունենալ հասարակական կարծիքի վրա, ընտրողի կարծիքի վրա և զարմանալի չէ, որ օգտագործում են տեղեկատվական պատերազմի ողջ զինանոցը։

Բարսեղյանի խոսքով՝ ապրում ենք սոցիալական մեդիայի դարաշրջանում, որտեղ սոցմեդիայի օգտատարերի էջերը, բլոգերների էջերը, Perfect թիվիները, ագրեգատները մարդկանց ընկալմամբ նույն հարթության վրա են դրվում հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների, պրոֆեսիոնալ լրագրողների հետ, և ընդհանուր գնահատականի է արժանացնում բոլորին։ «Ես էս աղմուկի մեջ մարդկանց էլ չեմ մեղադրում, որ չեն կարողանում հասկանալ՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ կեղծիքը»,- նշեց Բարսեղյանը։

«Հետքի» տնօրենի գնահատմամբ՝ կա ևս մեկ խնդիր՝ լրագրողները թիրախավորվում են իշխանության կողմից․«Լուրջ հրապարակումները երբեմն ամենաբարձր ամբիոններից դիտարկվում են որպես դեղին մամուլի հրապարակում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ հասարակության վրա»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք լրատվամիջոցներին վստահող 2 տոկոսը որ լրատվամիջոցներից է ինֆորմացիա ստանում։ Նրա խոսքով՝ զարմանալի չի լինի, որ նրանք ևս վստահեն PerfectTV-ին։ Նա ևս նշեց, որ լրատվամիջոցները թիրախավորված են, և բոլոր կողմերից գտնվում են գրոհների ներքո։

Իրավիճակի փոփոխության համար բանախոսները կարևորում են մեդիագրագիտության տարածումը, որը կլինի համակարգային՝ դպրոցներում, բուհերում, ինչպես նաև աշխատանքը լսարանի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter