Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեում պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում հիշյալ հավաքի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով ընթացող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային: Այնուհետև վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հիշյալ քաղաքացու վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել ու առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Մեկնաբանել