Աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Շիրակի մարզպետից տացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը:
Դատախազության հաղորդմամբ՝ պարզվել է, որ Կառավարության 2020թ. մայիսի 7-ի և 2021թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որը վերաբերում է Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին:
Որոշման կատարումն ապահովելու նպատակով Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն դրամ:
Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների:
2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310.156.400 դրամ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Իսկ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից:
Բացի այդ, պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13.336.500 դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն:
Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13.336.500 դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ):
Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել