HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 115-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 115-րդ օրվա ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով. 

  • Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական զորքերը ուժերը կենտրոնացրել են Սևերոդոնեցկի, Բախմուտի և Սլավյանսկի ուղղություններով։
  • Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը իր տեղեկագրում գրում է, որ ուկրաինական ուժերը, հավանաբար, հակահարձակում են իրականացնում Իզյումից հյուսիս-արևմուտք, որպեսզի շեղեն ռուսական զորքերին Սլավյանսկի ուղղությամբ հարձակողական գործողություններից։ Նրանք հասել են որոշակի հաջողությունների։
  • Պենտագոնը կանգնեցրել է Սպիտակ տան պլանները՝ Ուկրաինային մատակարարելու MQ-1CGreyEagle մեծ հարվածային դրոններ, հայտնում են Reuters-ի աղբյուրները։
  • ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 4500-ը։
  • Դանիան և Նիդերլանդները աջակցել են Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։

Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հրթիռակոծության

Պոլտավայի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինի խոսքով՝ հունիսի 18-ի վաղ առավոտյան գործարանի ուղղությամբ, «որն առանց այդ էլ չէր աշխատում», արձակվել է ռուսական վեց հրթիռ։ Երկու հրթիռ էլ ընկել է ջերմաէլեկտրակենտրոնի վրա։

Տուժածներ չկան, տեղում աշխատում են փրկարարները։ Լունինը նշել է, որ ռուսաստանցիները առաջին անգամը չէ, որ հրթիռակոծում են այս օբյեկտները։

Ուկրաինայի ՊՆ փոխնախարար. Ուկրաինան կորցրել է մարտական տեխնիկայի մինչև կեսը

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան կորցրել է իր ռազմատեխնիկայի և հրետանու մինչև կեսը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Կարպենկոն։

«Մենք կորցրել ենք մոտավորապես 50 %-ը...  Կորցրել ենք մոտ 1300 ՀՄՄ, 400 տանկ, 700 հրետանային համակարգ»,- ամերիկյան National Defense ամսագրին ասել է Կարպենկոն՝ բացատրելով արմտյան զենքի մատակարարման անհրաժեշտությունն Ուկրաինայի համար։ 

Կիևի քաղաքային խորհուրդը գրանցել է Կիևի մետրոյի որոշ կայարանների անվանափոխման որոշման նախագիծը։

Այսպես առաջարկվում է անվանափոխել հետևյալ կայարանները.

  • «Դնեպրի հերոսներին»→ «Ուկրաինայի հերոսներին»,
  • «Մինսկի» → «Վարշավայի»,
  • «Բերեստյայի» (Բրեստ քաղաքի ուկրաինական անվանումը) → «Բուչայի»,
  • «Լև Տոլստոյի հրապարակ» → «Վասիլի Ստուսի հրապարակ»,
  • «Ժողովուրդների բարեկամության» → «Բուսաբանական»

Սլովենիան Ուկրաինային է մատակարարել Կալաշնիկովի ինքնաձիգներ, զրահաբաճկոններ և 35 ՀՄՄ

Այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Մարյան Շարեցը՝ հավելելով, որ զենքի նոր մատակարարումներ չեն լինի, քանի որ Սլովենիան Ուկրաինային է տվել ամենը, ինչը կարող էր և զինանոցը սպառվել է։

Ըստ նախարարի՝ այդուհանդերձ Սլովենիան Ուկրաինային մենակ չի թողնի։ Նրանք առաջարկում են ականազերծման օգնություն և ուկրաինացի զինվորականների պատրաստություն։

Ուկրաինայի զինված ուժերը տեսանյութ են հրապարակել Օդեսայի մարզի ափերի մոտ լողացող ականի ոչնչացումից

«Նման դեպքերը տեղի են ունենում արդեն ոչ առաջին անգամ, ավելի վաղ ռուսական մակնշմամբ լողացող միջոցները հայտնաբերվել և ոչնչացվել են Թուրքիայի ու Ռումինիայի ափերի մոտ»,- ասվում է ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ։

Մարիուպոլի նավահանգստից ցորենը կարող է ուղարկվել Սիրիա

Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նա նաև նշել է, որ Մարիուպոլի նավահանգստից ցորենի դուրսբերումը կսկսվի մի քանի շաբաթ անց։ «Նախապատրաստման գործընթացն արդեն սկսվել է։ Նավահանգիստը կաշխատի հաշվի առնելով էլեկտրահաղորդման ստորջրյա գծերով էլեկտրաէներգիայի մատակարարումները և ջրի մատակարարումները։ Ժամկետը՝ բառացիորեն մի քանի շաբաթ»,- լրագրողներին ասել է Պուշիլինը։

Լուսանկարը՝ abcnews.go.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter