HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Փաշինյանը խոստացել է Արցախի ինքնորոշում և խաղաղության դարաշրջան, հիմա ասում է՝ երաշխիք չկա»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է իրականացրել Ֆրանսիայի հրապարակում, որի ընթացքում տարբեր ելույթներ են հնչել, ըստ ընդդիմադիրների, նոր որակի պետություն կառուցելու տեսլականի մասին։

«Հետք»-ը հատվածներ է առանձնացրել նրանց ելույթներից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտի խնդիրներին և նախատեսվող բարեփոխումներին։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով՝ միաժամանակ ասելով, որ որևէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: 

«Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր հասարակությանը խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է՝ գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունն ուղղված էր նրան, որ գիտեք՝ մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, և մենք որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի

Երբ հետպատերազմյան շրջանում ես և ռազմական ոլորտի մասնագետները ասում էինք, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության»։

Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ երկիրը կարելի է տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ, ամուր անվտանգության համակարգ․ «Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց՝ իշխանությանը հեռացնելուց հետո առաջնային խնդիրը բանակի մարտունակության և երբեմնի հեղինակության վերականգնումն է լինելու:

«Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի հանրային կոնսենսուսը։ Մինչև հանրության ներսում սևերի և սպիտակների հարցերը չլուծենք, մարտունակ բանակ չենք կառուցելու։ Չունենք այլ տարբերակ, քան մեր երկրում առաջնորդվել՝ ամեն ինչ հանուն բանակի, հանուն մեր պաշտպանության սկզբունքով։

Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից՝ կարգապահական, մարտունակության, չեն ընթանում իրենց բնականոն հունով, և մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հունին»,- հայտնեց Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ, անդրադառնալով պետաիրավական համակարգին, նշեց՝ ամենակարևորն այն է, որ պետական կառավարման համակարգում լինի մեկ սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմը։

«Առաջին թեզը, որ մենք պատկերացնում ենք այն է, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, անվախ ու արդար, միայն այս երեք բաղադրիչներով մենք կունենանք մեր պատկերացրած դատական համակարգը: Քննչական մարմինները պետք է ապահովվեն, որ իրենք լինեն գործադիրից անկախ, որ գործեր չկարեն պատվերով, այլ լինեն արդար: Դատախազների վերաբերյալ պատկերացնում ենք, որ պետք է լինեն ապաքաղաքական՝ սկսած գլխավոր դատախազից։ 

Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել, խաղաղ ցուցարարին, անչափահասին, մեր ապագա զինվորին, իրենց ծեծողներին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանության համակարգից։ Չի կարելի Գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ նաև ԱԺ փոխխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեզ պետք է օրվա իշխանության առաջարկած կործանարար, ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ ծրագրեր, կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և  կգնա դրա իրականացման հետևից։ Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին»,- ասաց Սաղաթելյանը։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որ վերջինս երբեք չբարձրաձայնի Արցախի կարգավիճակի խնդիրը․

«Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում էին ՔՊ-ի կողմից»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու, «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության, Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարության մասին ընդդիմության նախաձեռնությունները։

«Ավելին, հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է՝ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, և դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Ժողովուրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հարցրեց Սաղաթելյանը, ինչին ի պատասխան նրանք բացականչեցին՝ «Ո՛չ»։

«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլ չէ, հայ ժողովուրդը ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է։ Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։ Անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է խաղաղության դարաշրջան, վերարտադրվել է, հիմա ասում է՝ երաշխիք չկա»,- հայտարարեց նա, որից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։

Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ հների և նորերի բաժանումներին՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենց համար չկա հին ու նոր, այլ՝ լավ ու վատ․ «Կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։ Մենք լավի, կարողի, գործող մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հներից, թե` նորերից։ Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ  «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։

«Դրան հասնելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյանը։ Մեր նպատակն է կերտել, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան։ Դիմադրություն» շարժման առաքելությունը Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու։ Նրան հեռացնելուց հետո շարժման գաղափարները և նպատակը պետք է դառնա պետության գործառույթը, այսինքն` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմադրել և հաղթահարել պետության առջև կանգնած մարտահրավերներն ու սպառնալիքները։ Դրա համար պետք է կառուցել նոր որակի պետություն՝  արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ և հզոր բանակով։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքից հետո ընդդիմադիրները քայլերթ են իրականացրել։ Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին։

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter