HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

Հունիսի 20-ին՝ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին:

Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։

Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter