HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի

Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։

«ԱՄՆ ղեկավարությամբ մենք կառուցում ենք հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինք, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու Իսրայելին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նախագահ Բայդենի այցը (նախատեսված hուլիսի 13-14-ը) կաջակցի այդ գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Գանցի՝ խոսքն Իրանին անօդաչու թռչող ապարատների կիրառման, ինչպես նաև հրթիռային զենքի, ներառյալ՝ թևավոր հրթիռների ուղղությամբ հակազդելու մասին է։

Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծը կիրագործվի պաշտպանական ոլորտում Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Պենտագոնի ու ԱՄՆ նախագահի վարչակազմի իմ գործընկերների հետ զբաղվել եմ մասշտաբային ծրագրով, որը կամրապնդի Իսրայելի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ այս համատեքստում մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք՝ նախագահ Բայդենի կարևոր այցի ժամանակ»,- ասել է Գանցը։

Համաձայն «Տասս» գործակալության, Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-16-ը մերձավորարևելյան այց կկատարի, որի ընթացքում կլինի Իսրայելում, Հորդանան գետի արևմտյան ափում և Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտարարել են Սպիտակ տան աշխատակազմից, նա նախատեսում է հանդիպել «տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող երկրների տասնյակ գործընկերների հետ»։

Բայդենի այցն Իսրայել կկայանա հուլիսի 13-14-ը։ Ինչպես հայտնել են հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակից, նրան կընդունի վարչապետ Նաֆթալի Բենեթը։

Գանցը նաև հայտարարել է, որ հրաման է տվել համարժեք պատասխան տալ Իսրայելից դուրս գտնվող իր քաղաքացիների նկատմամբ հնարավոր հարձակումների դեպքում։ «Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակվելու՝ Իրանի սպառնալիքի դեմ ես հրահանգ եմ տվել պաշտպանական ծառայություններին հզոր պատասխան պատրաստել։ Մեր տրամադրության տակ կան մի շարք հնարավորություններ, Իսրայելի քաղաքացիներին ցանկացած վնասի հասցնումը մեզ կհանգեցնի այդ միջոցների կիրառմանը»,- ասել է Բենի Գանցը։

Հունիսի 13-ին Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոն 4-րդ ամենաբարձր մակարդակի էր բարձրացրել դեպի Ստամբուլ ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացումը՝ «Թուրքիայում իսրայելցիների վրա հարձակվելու Իրանի աճող մտադրությունների լույսի ներքո» և կոչ արել իսրայելցիներին առաջին իսկ հնարավորության դեպքում լքել այդ քաղաքը: Մայիսի վերջին Իսրայելի ԱԱԾ-ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ ուղևորություններից: Բյուրոյում այն ժամանակ նշել էին, որ «անվտանգության ծառայությունների տվյալներով՝ նախազգուշացումը կապված է Թուրքիայում իսրայելցիների համար իրական սպառնալիքի հետ»:

Լուսանկարը՝ BRENDAN SMIALOWSKI/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter