Կարեն Կարապետյանը ծանոթացել է «ԱՌԴԱ»-ի ծրագրերին
Օրերս Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հիմնադրամը Երևանում և հանրապետության մարզերում հովանավորում է մանկապարտեզների, աջակցում է կարիքավոր ընտանիքների, իրականացնում է բժշկական և մի շարք այլ ծրագրեր:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարեն Կարապետյանը նախ այցելել է թիվ 154 մանկապարտեզ, որը հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել ու կահավորվել է նոր գույքով և մանկական խաղերով: «ԱՌԴԱ»-ն մանկապարտեզի հովանավորությունը ստանձնել է 50 տարի ժամկետով:
Քաղաքապետը ծանոթացել է նաև մանկապարտեզին հարակից տարածքում հիմնադրամի կառուցած արհեստագործական ուսումնարանի պայմաններին: Ուսումնարանի դասասենյակները համալրվել են նորագույն տեխնիկական միջոցներով, ինչն ուսումնառության համար կապահովի ավելի նպաստավոր պայմաններ:
Ուսումնարանն արդեն համագործակցում է Երևանի արդյունաբերական քոլեջի հետ: Առայժմ գործում են միայն օտար լեզուների և համակարգչային դասընթացների խմբերը: Առաջիկայում ուսուցանվող մասնագիտությունների թիվը կմեծանա: Կրթօջախի բակում Կարեն Կարապետյանը խորհրդանշական եղևնի է տնկել:
Նա Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետևել է բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բժշկական ծրագրի ընթացքին: Հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել է դիմածնոտային արատների վերականգնման և վիրահատության կարիք ունեցող երեխաների անվճար վիրահատության ծրագիրը, որում ընդգրկվել են հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մանկատների ու սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաները:
Ծրագիրն իրականացվում է բժշկական կենտրոնի ու ԱՄՆ-ից հատուկ այս նպատակով ժամանած 15 պլաստիկ վիրաբույժի համատեղ ջանքերով: Առաջին փուլում կվիրահատվի 120 երեխա, նույնքան երեխայի վիրահատություն էլ կկազմակերպվի ծրագրի հաջորդ փուլում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել