Տեղի է ունեցել հանդիպում բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարար ԱրտաԿ Բեգլարյանը հայտնում է, որ հունիսի 20-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին Փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպել են հանդիպում Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ:
Նա նշել է, որ արդյունավետ ու շահագրգիռ քննարկում են ունեցել մի շարք հիմնախնդիրների շուրջ:
«Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու: Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը ԱՀ կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել