HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն. Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության

Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ու արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի օրը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ Քնեսեթում կանցկացվի խորհրդարանի ցրման և նոր ընտրությունների անցկացման հարցով քվեարկություն։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մինչև նոր ընտրությունները վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Յաիր Լապիդը։ 

Ինչպես նշում են իսրայելացի մեկնաբանները, ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին։

Արդեն մի քանի շաբաթ Իսրայելում շրջանառվում էին այն լուրերը, որ փլուզվել է կառավարական կոալիցիան։ Ութ կուսակցությունների կոալիցիան չէր կարողացել պայմանավորվել սկզբունքային մի հարցի շուրջ։ Խոսքն այն փաստաթղթի գործողության ժամկետի երկարացման մասին է, որով Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող հրեաներն ապրում են Իսրայելի, այլ ոչ Պաղեստինի ինքնավարության օրենքներով։

Երկարացման օգտին հրաժարվել էին քվեարկել կոալիցիայի մեջ մտնող արաբ պատգամավորները, իսկ վարչապետ Նաֆթալի Բենեթի և կառավարության մյուս գործընկերների համար սա սկզբունքային հարց էր։ Հիմա, ինչպես գրում է France 24-ը, խորհրդարանի ցրումից հետո բնակավայրերի կարգավիճակն ավտոմատաբար կերկարաձգվի, մինչև նոր կառավարության ձևավորումը։ 

Վերջերս իշխող կոալիցիան Քնեսեթում զրկվել էր ոչ կայուն մեծամասնությունից։ Դրա կազմից դուրս էր եկել Բենեթի կուսակցության անդամ Նիր Օրբախը ու կառավարությանը մնացել էր 120 ձայներից 59-ը։

Կառավարության որոշ անդամների համար Բենեթի ու Լապիդի որոշումն անակնկալ է եղել։ Ինչպես գրում է Times of Israel-ը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, դրա մասին երկու առաջնորներն ավելի վաղ չեն ասել իրենց համախոհներին, օրինակ, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին։

Իսրայելում ութ կուսակցությունների կոալիցիան ձևավորվել էր ընդամենը մեկ տարի առաջ։ Նրանց միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր Բենյամին Նեթանյահուին և նրա աջ կենտրոնամետ Լիկուդ կուսակցությանը վերադառնալու իշխանության։ 

Հիմա, ինչպես ցույց են տալիս վերջին մի քանի հարցումների արդյունքները, 72-ամյա Նեթանյահուն և Լիկուդը նոր ընտրություններում կարող են ստանալ մանդատների մեծամասնությունը՝ իհարկե համեմատական, ոչ բացարձակ։ Հիմա 120 մանդատից Լիկուդն ունի 29-ը։ Բենյամին Նեթանյահուն, որը 2020 թվականից մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ և անցնում է դատական գործով, վստահ է, որ կվերադառնա իշխանության։ «Սա Իսրայելի միլիոնավոր քաղաքացիների համար հիանալի լուրերի երեկո է։ Յուրաքանչյուրին միանգամայն հստակ է, որ սա երկրի պատմության ամենաձախողված կառավարությունն է»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter