ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել նավթի համաշխարհային գները
ԱՄՆ-ն իր գործընկեր պետությունների հետ բանակցություններ է վարում նավթի սահմանային գների հաստատման շուրջ, որպեսզի կրճատի նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները և «կանխարգելի բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»։ Այդ մասին հունիսի 20-ի երեկոյան Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։
Նրա խոսքով՝ խոսքը գնում է սահմանային գների հաստատման կամ գնային բացառման մասին, որը հնարավորություն կտա հասնելու միանգամից մի քանի արդյունքների. ուժեղացնել արևմտյան պատժամիջոցները ռուսական էներգակիրների նկատմամբ և իջեցնել ռուսական նավթի գինը, այդպիսով կրճատելով Ռուսաստանի կառավարության եկամուտները և միաժամանակ մեծացնելով համաշխարհային շուկայում նավթի ծավալները։
ԱՄՆ ֆինանսների նախարարը կարծում է, որ նավթի համար սահմանային գների հաստատումը նաև կկանխարգելի «ցածր եկամուտ ունեցող և զարգացող երկրների համար կողմնակի ազդեցությունները», որոնք ներկայումս տառապում են էներգիայի և պարենի համար բարձր գներից։
Ջանեթ Ելենը այս թեման արծարծել է իր կանադացի գործընկեր Քրիստիա Ֆրիլանդի հետ բանակցությունների ժամանակ։ Օտտավայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռազմավարությունը, բարձր գնաճը և մատակարարումների գլոբալ շղթայի հետ կապված խնդիրները։
Լուսանկարը՝ Imaginima/E+/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել