
Արթուր Վանեցյանին հավանական փոխարինողը նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է
Ինչպես արդեն հայտնել ենք «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դադարեցնում է իր խորհրդարանական գործունեությունը՝ հրաժարվելով մանդատից: Վանեցյանը հայտնել է նաև դաշինքի կազմալուծման մասին: Դաշինքում երկու ուժ է՝ «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
«Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է: Վերջինս անկուսակցական է, սակայն դաշինքում ներկայացված է «Հայրենիք» կուսակցության քվոտայով: Վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին, սակայն կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դաշինքի՝ անկուսակցական գործիչներն ազատ են իրենց որոշումներում:
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության քվոտայով է պատգամավոր ընտրվել նաև Թագուհի Թովմասյանը, նա ևս անկուսակցական է: Թովմասյանի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց: «Հայրենիքի» քվոտայով խորհրդարանում հայտնված և կրկին անկուսակցական մյուս պատգամավորը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, վերջինս տևական ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում որպես անկախ պատգամավոր՝ չընդգրկվելով որևէ խմբակցությունում:
Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը մի քանի գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել, 2008 թվականին առաջադրվել է որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու, 2015-ին դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, 2018-ին հանդես եկել որպես անկախ պատգամավոր՝ չնայած ընտրվել էր ՀՀԿ համամասնական ցուցակով:
Մարտուն Գրիգորյանին «Պատիվ ունեմ» դաշինքում հաջորդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը, նա ևս անկուսակցական է ու կրկին «Հայրենիք» կուսակցության քվոտայով, հաջորդը՝ ՀՀԿ-ական, Պետգույքի կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանն է:
Մեկնաբանել